Հայաստանի նախկին արտգործնախարար, ՄԱԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով, Ղարաբաղի օդանավակայանը կարևոր է Ռուսաստանի համար, և այժմ, հարցն օրակարգ բերելով, Ռուսաստանը փորձարկում է այն օգտագործելու գաղափարը:
Երեկ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Մոսկվայում «Ռեգնում» գործակալության գրասենյակում տված ասուլիսում, պատասխանելով գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովի հարցին, թե հնարավոր համարում է, որ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման հանձնելուց հետո Ղարաբաղը միանա Միջին և Մերձավոր Արևելքում հակաահաբեկչական կոալիցիայի գործողություններին, պատասխանել էր․ - «Հակաահաբեկչական գործողություններին մասնակցելու հարցը մենք պատրաստ ենք քննարկել այն բանից հետո, երբ օդանավակայանը հանձնվի շահագործման»:
Նկատենք, որ հարցն ուղղելիս Կոլերովը չի հնչեցրել «Սիրիա» տեղանունը, չի հստակեցրել նաև, թե խոսքը ռուսակա՞ն, թե՞ արևմտյան կոալիցիայի մասին է:
«Անշուշտ Կոլերովը իշխանություններին մոտ կանգնած անձնավորություն է, և գործակալությունը հնչեցնում է իշխանական տեսակետներ», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ շարունակելով․ - «Սա թերևս փորձարկում է գաղափարի և, անշուշտ, կարևոր է, որովհետև անմիջական հարևանությամբ է գտնվում մեր տարածաշրջանը: Հասկանալի է, որ Ռուսաստանը կուզենար օգտագործել հայաստանյան իր բազան, կամ օդանավակայաններից մեկը Հայաստանի, բայց երևի նաև գիտակցում է, թե ինչ բարդ վիճակում կարող է հայտնվել Հայաստանը, եթե այդպիսի անխոհեմ քայլի դիմի: Ուստի քննարկվում է հավանաբար Ղարաբաղի՝ ավելի չեզոք տարբերակը, ինչը այս պահին ամբողջովին համընկնում է Ղարաբաղի մոտեցումների հետ․․․ Ղարաբաղի հանրապետության միջազգային ճանաչման և Ղարաբաղի միջազգային սուբյեկտ դառնալու ճանապարհին սա նորմալ մոտեցում է: Եվ Ղարաբաղը գինն ասում է: Ասում է․ ապահովեք շահագործենք և դրանից հետո կքննարկենք»:
Արձագանքելով հնչող մտահոգություններին, թե դրանով Ղարաբաղը ահաբեկիչների թիրախ կդառնա՝ Արզումանյանն ասաց․ - «Այսօրվանից ասել, որ թիրախ կդառնա Լեռնային Ղարաբաղը, չեմ կարծում, որ․․․ Քայլ առ քայլ մոտենանք հարցին․ տեսնենք կվերաբացվի՞ օդանավակայանը, ինչպիսի՞ երաշխիքներ կտրվեն»:
Դիտարկմանը, թե հավասարակշռությունը պահպանելու խնդիր կա Սիրիայի հարցում Արևմուտք - Ռուսաստան համատեքստում, նախկին արտգործնախարարն արձագանքեց․ - «Չեմ կարծում, որ Լեռնային Ղարաբաղի նախագահը խոսում էր միայն ռուսական կոալիցիայի մասին: Նա ընդհանրապես խոսում էր միջազգային տեռորիզմի դեմ պայքարի համատեքստում, որը չի բացառում, որ այդ օդանավակայանից օգտվի նաև այդ 56 երկրներից բաղկացած միջազգային կոալիցիան»:
Իսկ արևելագետ, 1992-98 թվականներին Սիրիայում Հայաստանի դեսպան Դավիթ Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծեց, որ Մոսկվայում Բակո Սահակյանի ասուլիսը կազմակերպելով՝ Ռուսաստանը ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա:
Հովհաննիսյանը նաև այս կոնտեքստում է տեսնում Ստեփանակերտի օդանավակայանի հարցի արծարծումը․ - «Չեմ կարծում, որ Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի հարցը չափազանց կարևորություն ունի Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու համար: Նաև չեմ կարծում, որ որևէ հնարավորություն կարող է ստեղծվել, որպեսզի Լեռնային Ղարաբաղը, որը չճանաչված պետություն է, իր մասնակցությունը՝ ուղղակի կամ նույնիսկ անուղղակի, ունենա հակաահաբեկչական գործողություններում»:
Հարցին, թե ինչու է կարծում, որ Սիրիայի առնչությամբ հազիվ թե Ռուսաստանին հետաքրքրի Ստեփանակերտի օդանավակայանը, նա պատասխանեց․ - «Որովհետև հարվածների առումով հենց Սիրիայում կա օդանավակայան, որից ներկայումս իրականացվում են բոլոր թռիչքները: Բացի դրանից, Կասպից ծովից, ինչպես գիտենք, հրթիռակոծություն է իրականացվել․․․ Այսինքն՝ որևէ հրատապ խնդիր այդ առումով, ոնց որ թե, չկա»:
Իսկ հարցին, թե այդ դեպքում արդյոք Բակո Սահակյանի այցը, ասուլիսի կազմակերպումը, դրա ժամանակ Ստեփանակերտի օդանավակայանի հարցի բարձրացումը միայն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու նպատակ են հետապնդել, Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Առաջինը՝ ճնշում գործադրել է: Եվ երկրորդը՝ բանակցային գործընթացը առանց Լեռնային Ղարաբաղի իմաստազրված է»:
Նա հնարավոր է համարում, որ Ռուսաստանը համաձայն է բանակցային գործընթաց Լեռնային Ղարաբաղի վերադարձին․ - «Որպեսզի լրացուցիչ հնարավորություններ ունենա բանակցային գործընթացում մանևրելու»: