Մատչելիության հղումներ

Բակո Սահակյան․ «ԼՂ-ն աշխարհի ամենաապահով, արագ զարգացող և ժողովրդավարական պետությունն է»


Առաջին անգամ է Լեռնային Ղարաբաղի գործող նախագահը ասուլիսով հանդես գալիս Ռուսաստանի մայրաքաղաքում:

«Լեռնային Ղարաբաղը աշխարհի ամենաապահով, արագ զարգացող և ժողովրդավարական պետությունն է, չնայած ճանաչված չէ մյուս պետությունների կողմից», - «Ռեգնում» գործակալության շենքում կայացած ասուլիսում հայտարարել է Բակո Սահակյանը:

Ի պատասխան «Ազատության» հարցին, Սահակյանն ասաց, որ առանց բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցության հնարավոր չէ կարգավորել խնդիրը․ - «Միջազգային հանրությունը պետք է սա ընդունի, և բանակցություններին ղարաբաղյան կողմի միանալուց հետո միայն հնարավոր է առաջընթաց կարգավորման գործընթացում»:

Արցախի նախագահը, ընդգծելով, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը երկու անկախ պետություններ են, հրաժարվեց պատասխանել Հայաստանի ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերին:

Սահակյանը հայտարարեց, որ Արցախում այսօր առնվազն 148 հազար բնակիչ կա, և առաջիկայում Լեռնային Ղարաբաղը կկարողանա հոգալ «իր ծախսերի գոնե կեսը»:

Ասուլիսը կազմակերպած «Ռեգնում» գործակալության ներկայացուցիչներն ասում են, որ Ռուսաստանի պաշտոնական շրջանակները առնչություն չունեն միջոցառմանը:

Իր խոսքում Բակո Սահակյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական վիճակին, Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացին:

ԼՂ նախագահը նաև պատասխանեց լրագրողների հարցերին:

Մասնավորապես «Ռեգնում» գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովի հարցին, թե հնարավոր համարում է, որ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հանձնվելուց հետո Լեռնային Ղարաբաղը միանա Միջին և Մերձավոր Արևելքում հակաահաբեկչական կոալիցիայի գործողություններին, Սահակյանը նախ արձագանքեց․ - «Հակաահաբեկչական գործողություններին մասնակցելու հարցը մենք պատրաստ ենք քննարկել այն բանից հետո, երբ օդանավակայանը հանձնվի շահագործման»:

Նշենք, որ հարցն ուղղելիս Կոլերովը չհնչեցրեց «Սիրիա» տեղանունը, չհստակեցրեց նաև, թե խոսքը ռուսակա՞ն, թե՞ արևմտյան կոալիցիայի մասին է:

Ասուլիսի ավարտին Բակո Սահակյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Եթե այս այցելությունը կնպաստի, որպեսզի մենք վերականգնենք բանակցային գործընթացում Արցախյան Հանրապետության լիարժեք մասնակցությունը, բնականաբար, մենք շատ գոհ կլինեն»:

Դիտարկմանը, թե արդյոք Մոսկվայում իր ասուլիսի կազմակերպումը նշանակում է, որ փոխվում է ղարաբաղյան հարցում Ռուսաստանի դիրքորոշումը, Սահակյանը պատասխանեց․ - «Ես չեմ ուզում շահարկման ենթարկել այն աշխատանքները, որոնք տեղ են գտնում մեր հարաբերություններում: Մենք գտնում ենք, որ կողմերը պետք է հավասարաչափ շահագրգռված լինեն: Տվյալ դեպքում, եթե այսպիսի հնարավորություն ընձեռվել է մեզ Ռուսաստանի Դաշնությունում, մենք հակված չենք այս ամենը դիտելու իբրև Ռուսաստանի կողմից քաղաքականության իրականացման լուրջ փոփոխություն: Ռուսաստանի Դաշնությունը սկզբնական շրջանում, երբ դեռ ԵԱՀԿ-ն ձևավորված չէր, եղել է միջնորդ երկիր հարաբերական խաղաղություն հաստատելու գործում: Հետևաբար մենք միայն կարող ենք ողջունել նման հնարավորությունը և ակնկալել, որ այս և նման աշխատանքները կնպաստեն այս ծանրագույն հիմնախնդրի վերջնական կարգավորմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG