Մատչելիության հղումներ

ԼՂ խնդրի կարգավորման առանձին տարրերի քննարկումն «անընդունելի է ոչ միայն Հայաստանի, այլև համանախագահների համար»


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցում է հայաստանցի պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ: Երևան, 9-ը նոյեմբերի 2015 թ․
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցում է հայաստանցի պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ: Երևան, 9-ը նոյեմբերի 2015 թ․

Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում բացառում են, թե Ռուսաստանը կարող է նման «բացահայտ ու միակողմանի» ճնշում գործադրել Հայաստանի վրա:

Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանի ընդգծմամբ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առանձին տարրերի քննարկումը անընդունելի է ոչ միայն Հայաստանի, այլև Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների համար:

Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը, հիշեցնենք, օրերս գրել էր, թե բանակցություններում այժմ քննարկվում է կարգավորման մի տարբերակ, որը նախատեսում է, թե հայկական կողմը պետք է վերադարձնի Ղարաբաղին հարակից տարածքների մեծ մասը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, ինչի դիմաց Բաքուն, թեև պաշտոնապես չի ճանաչի Ստեփանակերտի անկախությունը, սակայն կպարտավորվի խնդիրը կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով:

«Ազատության» հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք տարածքներ վերադարձնելու հարց քննարկվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցի ժամանակ՝ Կարեն Նազարյանն ասաց․ - «Հնարավոր է, որ քննարկում եղել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի շուրջ առհասարակ: Բայց չեմ կարծում, որ նման հարցի անդրադարձ եղել է: Այդ հարցերին բազմիցս անդրադարձ եղել է ամենատարբեր առիթներով, խոսվել է, որ առհասարակ գոյություն ունեն Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկներ, խոսքը վերաբերում է համապարփակ կարգավորմանը, և այստեղ առանձնացնել, ինչ-որ էլեմենտների մասին առանձին խոսելը, քննարկելը անընդունելի է ոչ միայն մեզ համար, այլև համանախագահների»:

Թեման չի շրջանցվել նաև հայաստանյան մամուլում: Հղում անելով իր աղբյուրներին՝ «Հայկական ժամանակը» գրել էր, որ, ըստ իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների, Ռուսաստանը փորձում է Հայաստանին համոզել Ադրբեջանին հանձնել մի քանի շրջան՝ հույս ունենալով, որ այդկերպ կկարողանա ստանալ Ադրբեջանի համաձայնությունը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցում:

Լեռնային Ղարաբաղում, մինչդեռ, բացառում են, թե Ռուսաստանը կդիմի նման քայլի: ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը այս պնդումները շահարկում է որակում․ - «Խոսում են, որ Լավրովը իբրև այսպիսի հարցեր է դրել: Բայց նույն Լավրովը քննադատել է ԵԽԽՎ-ի այդ տխրահռչակ, խավիարաթաթախ զեկույցը, որտեղ նույն գաղափարներն են առաջարկվում»:

Բաբայանը նշեց, որ եթե անգամ տեսականորեն ենթադրենք, որ Ադրբեջանը ստանում է այդ տարածքները, ապա բոլորն էլ հասկանում են՝ Ադրբեջանը կանգ չի առնելու և «կուլ է տալու ոչ միայն Արցախը, այլև ողջ Հայաստանը». - «Այս իրավիճակը, որ կա, այս հավասարակշռվածությունը, սա կայունության և խաղաղության գլխավոր երաշխիքներից մեկն է: Եվ եթե ինչ-որ բան այստեղ փոխվում է, ապա այնպիսի անկանխատեսելի զարգացումներ կարող են տեղի ունենալ... Հարավային Կովկասը ավելի վատ, դաժան թատերաբեմ կդառնա պատերազմի, քան Սիրիան և Իրաքը՝ միասին վերցրած: Սա նույն Ռուսաստանին ձեռնտու չէ, որովհետև նա ունի Հյուսիսային Կովկաս, որտեղ նույնպես կայունությունը շատ փխրուն է... Ուկրաինայի [շուրջ] այդ բախումը՝ Արևմուտք - Ռուսաստան: Չեմ կարծում, որ այդպիսի բան լինի: Ռուսաստանը երբեք չի գնա նման քայլի»:

ՀՅԴ ղեկավար անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նույնպես բացառում է, թե Ռուսաստանի կողմից կարող է լինել նման «բացահայտ և միակողմանի ճնշում». - «Կա Հայաստանի հստակ դիրքորոշումը, որ այդ կարգի միակողմանի զիջումները բացառված են: Ի՞նչ է նշանակում՝ ռազմական ուժ չկիրառելու դիմաց... Ընդհանրապես միջազգային իրավակարգավորումները ենթադրում են ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի բացառում նման հարաբերություններում: Այնպես որ, ես շատ ավելի հանգիստ եմ նայում այս խնդիրներին: Չեմ կարծում, թե որևէ լուրջ պարտադրանք հնարավոր է Հայաստանի առջև դնել այս առումով... Ռուսաստանը միշտ իր շահերն է հաշվի առնելու, բայց Հայաստանն էլ ունի իր շահերը»:

«Մենք միշտ ունենք այդ հնարավորությունը՝ մեր ազգային ու պետական շահերը պաշտպանելու: Եթե մենք այդ ներուժը չկարողանանք մոբիլիզացնել և կիրառել, ապա ուրեմն գոյության իրավունք չունենք», - եզրափակեց Վարդանյանը՝ նաև բացառելով, թե Հայաստանը կարող է միջանկյալ լուծման համար որոշակի տարածքներ հանձնել. - «Որևէ իշխանություն չի գնա դրան: Որևէ իշխանություն նման միակողմանի զիջումների գնալու պարագայում այլևս իշխանություն չի լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG