Տաջիկստանում այսօր հողին հանձնեցին մեկ շաբաթ առաջ սպանված 22-ամյա Շոիրա Ջոբիրովային, որի դին օրեր առաջ էր հայտնաբերվել Դուշանբեում տեղակայված ռուսական ռազմակայանի տարածքում՝ աղբարկղերից մեկում:
Սպանության համար ձերբակալվել է 26-ամյա ռուս սպա, պայմանագրային զինծառայող Իվան Շերբակովը, ով ընդունել է մեղքը՝ պնդելով, թե գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և ոչինչ չի հիշում կատարվածի վերաբերյալ: Քննությունը վարում են Ռուսաստանի և Տաջիկստանի իրավապահ մարմինները՝ ռուսական ռազմակայանի հրամանատարության հետ համատեղ:
Սպանվածի հարազատները այսօր դաժան մանրամասներ են փոխանցել Դուշանբեում աշխատող «Ազատության» թղթակցին․ - «Աղջկա ծնոտը կոտրված էր, ողջ մարմինը պատված էր կապտուկներով, մեջքին կային բռնության հետքեր»: Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը ևս հայտնել է, որ մահվանից առաջ Շոիրան դաժան ծեծի է ենթարկվել և բռնաբարվել:
Երիտասարդ աղջիկը աշխատել է Դուշանբեի սրճարաններից մեկում, որտեղ ռուս զինծառայողները հաճախ են ճաշել: Մեկ շաբաթ առաջ հենց այդ սրճարանից նրան տաքսիով ռազմակայան են տարել չորս ռուս զինծառայողներ:
«Ողջ ճանապարհին Շոիրան լուռ էր, մտահոգ ու վախեցած տեսք ուներ», - պատմել է տաքսու վարորդը:
Չնայած ականատեսի այս վկայությանը՝ առայժմ ձերբակալված է միայն մեկ կասկածյալ, քննչական մարմինները պնդում են, թե մյուս զինծառայողներն ընդամենը ուղեկցել են աղջկան և սպանությանը մեղսակից չեն: Հարազատներն ու իրավապաշտպանները կասկածի տակ են դնում այդ պնդումները՝ պահանջելով անաչառ հետաքննություն անցկացնել:
Կատարվածին օբյեկտիվ գնահատական տալու կոչով Ռուսաստանին է դիմել նաև Տաջիկստանի արտգործնախարարությունը: Երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը երեկ հանդիպման է հրավիրել Ռուսաստանի դեսպանին և բողոքի նոտա հղել՝ պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել ռուս զինծառայողների կողմից նմանօրինակ արարքները կանխելու ուղղությամբ:
«Տեղի ունեցածը չի համապատասխանում երկու երկրների միջև ավանդական բարեկամության ու ռազմավարական համագործակցության ոգուն», - հայտարարել է Տաջիկստանի արտգործնախարարությունը:
Երիտասարդ աղջկա սպանությունը վերջին ամիսներին ռուսական ռազմակայանին առնչվող արդեն երրորդ աղմկահարույց դեպքն է Տաջիկստանում:
Ամիսներ առաջ Դուշանբեում ռուսական ռազմակայանի երկու զինծառայողներ կանգնեցին դատարանի առջև տաքսու վարորդի սպանության և գողության համար: 40-ամյա տաքսիստի դին հայտնաբերվել էր օգոստոսին՝ դանակի բազմաթիվ հարվածների և բռնության հետքերով:
Դրանից մոտ մեկ ամիս առաջ էլ ռուս զինծառայողները ալկոհոլի ազդեցության տակ ծեծկռտուք էին հրահրել Տաջիկստանի քաղաքներից մեկում: Տեղական մամուլի հաղորդմամբ, հարբած զինվորները ոչ միայն վիրավորանքներ էին հնչեցրել բնակիչների հասցեին, այլև ջարդել տներից մի քանիսի ապակիները, ջարդուփշուր արել խանութներն ու վնասվածքներ հասցրել ներկաներին:
Քուլյաբ կոչվող այդ քաղաքում լույս տեսնող թերթերից մեկի խմբագիրը BBC-ին պատմել է՝ ռուսները մեկ անգամ չէ, որ հարբած դուրս են եկել քաղաք, աղմկել, կռիվներ սարքել ու վիրավորել տեղացիներին:
«Իրավիճակը սրվեց հատկապես այն բանից հետո, երբ նրանց տրվեց դիվանագիտական կարգավիճակ, ինչը նշանակում է, որ տեղացի իրավապահները այլևս իրավունք չունեն ձերբակալել նրանց», - ասել է լրագրողը:
BBC-ի հաղորդմամբ, ակտիվիստները մի քանի անգամ արդեն դիմել են իշխանություններին՝ խնդրելով դուրս բերել ռուսական զորքերը քաղաքի տարածքից՝ նոր միջադեպերից խուսափելու համար, սակայն ապարդյուն:
Մոսկվան ու Դուշանբեն համաձայնել են Տաջիկստանում ռուսական 201-րդ ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգել մինչև 2042 թվականը: Ավելի վաղ կողմերը նաև միջկառավարական համաձայնագիր են ստորագրել, որով Դուշանբեն պարտավորվել է ռուսական կողմին հանձնել Տաջիկստանի տարածքում օրենք խախտած Ռուսաստանի քաղաքացիներին: