Մատչելիության հղումներ

Ադրբեջանական SOCAR-ը անվճար գազ կմատակարարի Վիրահայոց թեմին


SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաև, արխիվ
SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաև, արխիվ

«Մենք հայկական եկեղեցու հետ խնդիրներ և թշնամություն չունենք», - վստահեցրել է Ադրբեջանի պետական ընկերության նախագահը:

«Այսօր Վրաստանում գազը երկու անգամ էժան է, քան Հայաստանում, և դա մեր ռազմավարական գործընկերության արդյունքն է», - հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը:

«Վրաստանը մեր ռազմավարական գործընկերն է, երբ մենք Ադրբեջանի զարգացման ծրագրեր ենք իրականացնում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ ուշադրություն է դարձնում նաև Վրաստանի զարգացման ծրագրերին, որովհետև Վրաստանը մեր դարպասն է դեպի Եվրոպա», - ասել է Աբդուլաևը՝ ամփոփելով անցած շաբաթավերջին Ալիևի Վրաստան կատարած այցի արդյունքները:

Նա նշել է, որ նույնիսկ Հայաստան մատակարարվող ռուսական գազի տարանցման գումարները ստանում է SOCAR-ը: «Վրաստանի տարածքով գազի տարանցման բոլոր կոմիսիոն վճարումները մենք ենք ստանում: Դա նախատեսված է պայմանագրով: Նույնիսկ՝ ռուսական գազի Հայաստան մատակարարվող տարանցման դիմաց»,- հայտնել էԱբդուլաևը ANC հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում:

Վերջին շրջանում Թբիլիսին ակտիվ բանակցությունների մեջ է ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ, Վրաստանի էներգետիկայի նախարարը մտադրություն էր հայտնել գազամատակարարման շուրջ բանակցություններ վարել նաև Իրանի հետ:

Մեկնաբանելով այս տեղեկությունները՝ SOCAR-ի նախագահն ասել է. - «Մենք Վրաստանում մոտավորապես 100 բենզակայան ունենք և երկու տասնյակից ավելի գազալիցքավորման կայաններ: Սրանք կոմերցիոն, այլ ոչ թե սոցիալական ծրագրեր են: Մենք գազը կարող ենք վաճառել ցանկացած գնով: Մենք ոչ մի պարտավորություն չունենք Վրաստանի ղեկավարության դիմաց, և նրանք ազատ են իրենց ընտրության մեջ: Ցանկանում են գազ գնել Ռուսաստանից՝ թող գնեն: Բայց արդյոք ռուսական գազը մրցունակ կլինի՝ սա արդեն այլ հարց է»: «Վրաստանից Հայաստան գազատարը տարեկան 300 միլիոն խորանարդ մետր գազ մատակարարելու թողունակություն ունի, և դա սոցիալական ծրագիր է», - հավելել է նա:

Պատասխանելով հարցին, թե ապագայում Վրաստանը կարո՞ղ է արդյոք խանգարել Ադրբեջանի էներգետիկ ծրագրերի իրականացմանը, Աբդուլաևն ասել է, թե Վրաստանի համար նավթագազային ոչ մի ծրագիր չի կարող տնտեսապես շահավետ լինել առանց Ադրբեջանի մասնակցության: «Պարոն նախագահը վարպետորեն և դիվանագիտորեն հասկացրել է Վրաստանի ղեկավարությանը, որ SOCAR-ը Վրաստանի ամենախոշոր հարկատուն է, և նման գործընկերոջը կորցնելը Վրաստանի համար բոլորովին շահավետ չէ», - հայտարարել է նա:

SOCAR-ի ղեկավարը նաև հայտնել է, որ Իլհամ Ալիևի կարգադրությամբ անվճար գազ են մատակարարելու Վրաստանի բոլոր կրոնական հաստատություններին, այդ թվում` Հայ Առաքելական եկեղեցուն:

«Պարոն նախագահը ցանկանում է, որ Վրաստանում ևս այնպիսի հանդուրժողականություն լինի, ինչպիսին Ադրբեջանում է: Դրա համար մենք գազով կապահովենք [Վրաստանի] բոլոր կրոնական հաստատություններին, այդ թվում` հայկական եկեղեցուն: Մենք հայկական եկեղեցու հետ խնդիրներ և թշնամություն չունենք: Մենք խնդիրներ ունենք Հայաստանի ղեկավարության հետ, հայ ժողովուրդը մեղավոր չէ», - հայտարարել է SOCAR-ի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG