Մատչելիության հղումներ

Ընդդիմության պնդմամբ՝ իշխանությունը «նոր գործիքներ է մշակել ընտրակեղծարարության համար»


ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյան, արխիվ
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյան, արխիվ

«Հայաստանում չկա այնքան մարդ, որքան կա ընտրացուցակներում ընտրող։ Ահա որտեղ է իրենց կեղծիքի հիմնական աղբյուրը»,- համոզված է Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։

Ընտրացուցակների ուռճացումը, սակայն, Արամ Մանուկյանի պնդմամբ, բավարար չի լինի հանրաքվեն անցկացնելու համար, քանի որ իշխանությունների ընտրակեղծարարության մյուս գործիքները պակասել են:

«Ասեմ ինչն է պակասել անցած գործիքներից՝ գումարը և շահագրգռվածությունը։

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ այս ամենը հաշվի առնելով է, որ իշխանությունները նոր գործիքներ են մշակում, տվյալ դեպքում ID քարտերով ընտրություններին մասնակցելը, որը բազմակի քվեարկության հնարավորություն է տալիս: Մանուկյանը պատահական չի համարում, որ իշխանությունը նույնականացման քարտերով ընտրությունները վերահսկելու իրենց առաջարկները մերժում է:

«Այն, որ պարզագույն բաներին իշխանությունը չի գալիս, ես եզրակացնում եմ՝ իրենք գնում են կեղծիքի ճանապարհով»,- պնդեց նա։

Մինչդեռ իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պնդում է՝ կեղծիքների կարիք չունեն, քանի որ հասարակության ճնշող մեծամասնությունը հակված է «այո» ասել սահմանադրական փոփոխություններին:

«Առաջին տպավորությունը այս վերջին 3-4 ամիսների՝ մենք զգում ենք, որ քաղաքացիական հասարակությունը, հասարակական կազմակերպությունները, քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը հակված են սահմանադրական բարեփոխումներին «այո» ասելուն»,- հայտարարեց Բաղդասարյանը։

Անդրադառնալով «Ոչ»-ի շտաբի անդամների այն պնդումներին, թե իշխանությունները հանրաքվեի են գնում ուռճացված ցուցակներով, մասնավորապես, ինչպես ՀԱԿ խմբակցության պատգամավորն էր նշել՝ 100 ընտրող ունեցող գյուղից 150 «այո» են ապահովելու, Վահրամ Բաղդասարյանը արձագանքեց, թե ցուցակներն ուռճացնելը իշխանության շահերից չի բխում:

«Ինչքան մեծ է ընտրողների քանակը, բնականաբար, «այո» ասողների շեմն է ավելանում։ Եթե ուզում եք իմանալ՝ եթե իշխանությունները, Հանրապետականը շատ շահագրգռված են, որ «այո»-ն լինի, բնականաբար, այդ շեմը շատ բարձր չպետք է լինի»,- ասաց Բաղդասարյանը։

Ի դեպ, ընտրացուցակները ուռճացնելու ընդդիմության պնդումներին նույն կերպ արձագանքեց սահմանադրական փոփոխությունները պաշտպանող Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը.- «Հանրաքվեի համար ցուցակների ուռճացումը ձեռնտու չէ, որովհետև «այո»-ի մակարդակն էլ պետք է բարձրանա դրա հետ միասին։ Հանրաքվեն անցնում է, եթե առնվազն կողմ է քվեարկել ընդհանուր ցանկի ¼-ը։ Ընդհանուր ցանկը մեծացնում եք, ¼-ն էլ մեծանում։ Սա էդ դեպքը չէ»։

Ռուստամյանը նշեց, թե շատ կարևոր է նախ և առաջ հենց իրենց համար, որ վստահ լինեն՝ հանրաքվեն անցել է առանց կեղծիքների: Այդ նպատակով շուրջ 2000 ընտրատեղամասերում Դաշնակցությունը ներկա է լինելու է և վերահսկելու, որպեսզի քվեարկությունը լինի ժողովրդական չափանիշներին համապատասխան:

ID քարտերով ընտրությունները վերահսկելու նպատակով Դաշնակցությունն էլ մի քանի տարբերակ է առաջարկել, սակայն Հանրապետականը դրանք մերժել է և օրենքն ընդունել առաջին ընթերցմամբ։ Արմեն Ռուստամյանին հարցրեցինք, թե արդյոք սա մտավախությո՞ւն չի առաջացնում, որ դրա միջոցով կարող են կրկնակի քվեարկություններ տեղի ունենալ, ինչը չի կարող մեծացնել վստահությունը ընտրությունների նկատմամբ։

«Նայեք՝ նախ քննարկումները չեն ավարտել, առաջին ընթերցումն է անցել, մենք հույս ունենք, որ մինչև երկրորդ ընթերցում մեր առաջարկները չեն անտեսվի և նկատի կունենան։ Դեռ հնարավորություն կա աշխատելու, որ մեր առաջարկներն ընդունվեն։ Ես այդ հնարավորությունը տեսնում եմ, իրական է դա։ Ուրեմն սպասենք՝ երկրորդ ընթերցումն էլ լինի, նոր հեռուն գնացող եզրակացությունների մասին խոսենք»,- ասաց Դաշնակցության ներկայացուցիչը։

XS
SM
MD
LG