Այսօր ձայների 81 կողմ, 16 դեմ և 14 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց վերջին օրերին բուռն քննարկումներ հարուցած օրինագիծը, որով հնարավորություն է տրվում նաև նույնականացման քարտերով մասնակցել քվեարկությանը:
Ի տարբերությունը անձնագրի, որում քվեարկությունը փաստող դրոշմակնիք է դրվում, 500 հազարից ավելի նույնականացման քարտերում, ըստ հանրապետական չորս պատգամավորների հեղինակած օրինագծի, քվեարկությունը փաստող որևէ նշում չի արվելու:
Սահմանադրական փոփոխություններին թե՛ դեմ, թե՛ կողմ հանդես եկող խմբակցությունները միասնական են մի հարցում՝ անհրաժեշտ է ինչ-որ կերպ արձանագրել նույնականացման քարտ ունեցողների ընտրությունը՝ կրկնաքվեարկությունից խուսափելու կամ այդ մասին շահարկումները բացառելու համար: Օրինագծի համահեղինակ Հովհաննես Սահակյանը նշեց, որ մնում է նույն կարծիքին՝ կարիք չկա ընտրողների մատները թանաքոտել կամ այլ միջոցներ ձեռնարկել։
«Ես մնում են նույն մտքին, որ այսօրվա Ընտրական օրենսգիրքը բավարար է, որպեսզի մենք քաղաքական կամքի առկայության դեպքում ունենանք վերահսկելի, ժողովրդավարական, ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ»,- ասաց Սահակյանը։
Հանրապետականի նախաձեռնությանը դեմ քվեարկեցին «Օրինաց երկիրը» ողջ կազմով, Հայ ազգային կոնգրեսը, բացի Լյուդմիլա Սարգսյանից, ով չքվեարկեց, պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Էդմոն Մարուքյանը, Խաչատուր Քոքոբելյանը և Ալեքսանդր Արզումանյանը: Ձեռնպահ էր Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստան»-ի մի մասը, այդ թվում և ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով ասաց, որ խմբակցությունն ազատ է քվեարկելու, եթե իրենց առաջարկները վերահսկողության լրացուցիչ միջոցների վերաբերյալ չընդունվեն:
«Մենք յուրաքանչյուր տարբերակի պատրաստ ենք, որը հնարավորինս կսեղմի ընտրակեղծարարության սողանցքը։ Ես հասկանում եմ, որ նորմալ, ժողովրդավարական երկրում նման խնդիր երբևէ չէր առաջանա, բայց մի երկրում, որտեղ ընտրակեղծարարությունը հասցված է ոսկերչական մակարդակի, այս խնդիրը առաջանում է»,- ասաց Զոհրաբյանը։
Դաշնակցության ձեռնպահ քվեարկությունը ևս պայմանավորված էր Հանրապետականի դիրքորոշմամբ հնչեցված առաջարկների վերաբերյալ։ «Մենք օրենքը բարելավելու չորս տարբերակ ենք առաջարկել, որն էլ ընդունվի՝ որոշակի կմեծանա հանրաքվեի հանդեպ վստահությունը»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց՝ ուսումնասիրել են արդեն հրապարակված ընտրացուցակները դեռևս միայն երկու տեղամասերում և արդեն գտել են անուն-ազգանունների տասնյակ կրկնություններ:
«Անունների և ազգանունների կրկնությունը երկու և ավելի անգամ կազմում է ցուցակների 20 տոկոսը։ Մենք խնդիր ունենք, բնականաբար, բլոկ դնելու, որ նույն անուն-ազգանունով մարդը երկրորդ անգամ չքվեարկի, առավել ևս, որ 50 անգամ քվեարկելու տեսական հնարավորությունը չպետք է թույլ տալ։ Եվ եթե դուք չեք գնում այս էժան տարբերակներից որևէ մեկին, ես հանգիստ եզրակացնում եմ, որ ձեր նպատակը ուրիշ է»,- հայտարարեց Մանուկյանը։
Զարուհի Փոստանջյանը չքվեարկեց։ «Օրենսդրական այս փոփոխությունները ակնհայտ բարձրաձայնում են, որ վերջին բոլշևիկի խմբավորման մեջ ընտրակեղծարարության գործիքները համալրելու խնդիր է առաջացել, քանի որ իրենց արդեն չեն բավարարում ընտրական ցուցակների ուճացվածությունը և դրանց օգտագործումից հետո քվեարկության մասնակիցների ցուցակների չհրապարակումը»,- ասաց պատգամավորը։
Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ասաց՝ առավոտյան քննարկման ընթացքում հարցրել են ընդդիմադիրներին, եթե համաձայնեն մատները թանաքոտելու տարբերակին, արդյոք նրանք կընդունե՞ն, որ ընտրություններն անցել են ազատ և արդար։
«Պատասխանը միանշանակ էր՝ ո՛չ։ Չե՞նք վստահում մենք մեր հանձնաժողովի անդամներին թե վստահված անձերին։ Բանից պարզվում է, որ ոչ թե չենք վստահում, այլ ուղղակի չենք էլ կարողանում հանձնաժողովներում վստահված անձեր և համապատասխան քանակությամբ հանձնաժողովի անդամներ ունենալ»,- հեգնեց Մելիքյանը։
Այս դիտարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն արձագանքեց.- «Այո՛, ՀԱԿ-ի ներկայացուցիչները բոլորը Ռեմբո չեն, որ միայնակ դիմակայեն իշխանության հանցավոր ճնշումներին, բայց նորից դա որևէ կապ չունի նրանց մեղավորության հետ, այլ մեղավոր է հանցավոր իշխանությունը, որ այդ ճնշումները գործադրում է»։
Օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա արտահերթ նիստի ընթացքում՝ նոյեմբերի 10-ին։