Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը կարծում է, որ իր ղեկավարած մարզում «այո» կասեն սահմանադրական բարեփոխումներին:
Հանրապետականի «Այո»-ի շտաբի ղեկավար, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը նախօրեին հանդիպել են մարզպետներին՝ հրահանգելով տեղերում շտաբներ ձևավորել և համակարգել դրանց աշխատանքները։
Շիրակի մարզում Հանրապետականի շտաբը ղեկավարող Ֆելիքս Ցոլակյանից հարցրեցինք, թե արդյոք մտավախություն չունե՞ն, որ «Այո»-ի քարոզարշավը այդ մարզում կտապալվի՝ հաշվի առնելով, որ Շիրակն ու հատկապես Գյումրին աչքի են ընկնում ընդդիմադիր տրամադրություններով: 2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը պարտվեց Շիրակի մարզում, մասնավորապես, մարզկենտրոն Գյումրիում գործող նախագահը ստացավ 27 տոկոս, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 69 տոկոս ձայն:
«Քարոզարշավը նոր է սկսվում, ընթացքում կերևա, հիմա այդքան պարզ չէ, որովհետև որևէ շփում, որևէ բան գոյություն չունի, թվեր չգիտենք, ամեն ինչ կախված է մեր քաղաքացիներից։ Էս պահին պատասխան չունեմ։ Իմ կարծիքով՝ մարզում «այո» կասեն, իսկ կոնկրետ բնակավայրերը՝ ես չեմ կարող պատասխանել»,- փոխանցեց Ցոլակյանը։
Արմավիրի մարզում ևս Հանրապետականի «Այո»-ի շտաբը կղեկավարի մարզպետը՝ Աշոտ Ղահրամանյանը։ Նա «Ազատության» հետ զրույցում ասաց՝ համոզված է, որ մասնակիցների 50 տոկոսից ավելին «այո» կասի սահմանադրական փոփոխություններին:
«Հիմա գուշակություններ չեմ անում, ընտրություններից հետո կերևա արդյունքը։ Բնակիչների տրամադրությունները շոշափելով՝ ասում եմ, որ «այո»-ն ավելի շատ է։ Որ մասնակիցների 50 տոկոսից «այո» կասի, ես համոզված եմ»,- ասաց Ղահրամանյանը։
Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, «Ոչ»-ի շտաբի անդամ Արամ Մանուկյանն, անդրադառնալով մարզպետներին «Այո»-ի շտաբների ղեկավարներ նշանակելու իշխանությունների որոշմանը, «Ազատության» հետ զրույցում նշեց՝ Հանրապետականը օրենքը պարզապես չի հարգում, նախ Գագիկ Հարությունյանը՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ, իրավունք չուներ գովերգելու սահմանադրական փոփոխությունները, վարչապետը, նախարարներն էլ իրավունք չունեին լինել քարոզչական շտաբի անդամներ:
«Նրանք գործադիր են, նրանք հրաման տվողներ են և օգտագործում են վարչական ռեսուրսը իրենց գաղափարը, իրենց ծրագիրը անցկացնելու համար։ Էսքանը քիչ էր, հիմա էլ հայտարարեցին, որ տեղերում մարզպետները պետք է ղեկավարեն շտաբները։ Մարզպետները ի պաշտոնե կառավարության ներկայացուցիչներն են այդ մարզերում։ Այսինքն տեղերում կառավարության ներկայացուցիչները իրենց լծակներով պետք է ղեկավարեն «այո»-ի քարոզը։ Հիմա հաջորդ քայլը ասեմ՝ մարզպետները կընդգրկեն դպրոցի տնօրեններին, թանգարանների տնօրեններին, տաքսի ծառայություններին, գյուղապետերին, այսինքն՝ ում վրա ազդեցություն ունեն։ Գյուղապետերին կկանչեն, կասեն ձեր գյուղում կա 100 հոգի բնակվող, 150 հոգի «այո» կբերես»,- նշեց Մանուկյանը։
Հակադարձելով ընդդիմության քննադատություններին՝ Շիրակի մարզպետը նշում է, թե վարչական ռեսուրսը չի օգտագործելու.- «Արդեն ասել եմ, որ աշխատանքից հետո ենք զբաղվելու դրանով»։
«Ազատության» դիտարկմանը, որ ամեն դեպքում օգտագործելու է մարզպետի իր գործառույթները՝ «այո»-ն ապահովելու համար, Ցոլակյանը հակադարձեց.- «Էդպես որ ասենք, ուրեմն տնից դուրս չպիտի գանք»։
Արմավիրի մարզպետն էլ նշում է՝ մարդուն ինչքան ուզում ես ստիպիր, եթե նա անցավ վարագույրի ետևը, ապա քվեարկելու է այնպես, ինչպես ուզում է։ «Էսօր էն ժամանակները չէ, որ մարդուն վախեցնեն կամ ինչ-որ բան անեն։ Ես հորդորելու եմ, որ բոլորը գնան իրենց կարծիքը թղթին տան։ Թե ով ինչպես կտա, դա իրենց խղճի հարցն է»։
«Այսինքն՝ չե՞ք ասելու, որ անպայման «այո» քվեարկեն», - այս հարցին էլ մարզպետը արձագանքեց.- «Ես ոչ թե հրահանգ եմ տալու, ես բացատրելու եմ, ով կընդունի իմ բացատրությունը՝ կընդունի, ով չի ընդունի՝ Աստված մեզ հետ»։
Չնայած մարզպետների հավաստիացումներին, «Ոչ»-ի շտաբի անդամ Արամ Մանուկյանը պնդում է՝ խախտելով միջազգային նորմերը և օգտագործելով վարչական ռեսուրսը, Հանրապետականը խիստ անհավասար պայմաններ է ստեղծում։
«Իհարկե, էս առումով խիստ անհավասար է պայքարը, բայց մենք մի առավելություն ունենք, որ ժողովրդի մեջ որևէ աջակցություն «այո»-ին չկա։ Եթե մենք կազմակերպենք համատարած «ոչ»-ի քվեարկությունը կամ նրանց ըմբոստացումը, էդ դեպքում իրենք կունենա 0 ձայն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հայաստանի տասը մարզերում Հանրապետականի «Այո»-ի շտաբները կսկսեն գործել նոյեմբերի 2-ից: