Հանրաքվեից մոտ մեկուկես ամիս առաջ՝ այսօր պաշտոնանկ արվեց ընտրացուցակների թիվ մեկ պատասխանատուն՝ Անձնագրային և վիզաների վարչության պետ Միշա Սարդարյանը։ Նրան այդ պաշտոնում այսուհետ կփոխարինի Մնացական Բիչախչյանը:
Սերժ Սարգսյանի իշխանավարության օրոք սա վարչության ղեկավարի արդեն 6-րդ փոփոխությունն է, ընդ որում, պաշտոնանկությունները և նոր նշանակումները կատարվել են հիմնականում համապետական ընտրությունների նախաշեմին: Ինչպես և նախորդ դեպքում, այս անգամ էլ ոստիկանությունն ընդամենը հայտարարում է՝ բարեփոխումների շրջանակներում կադրային փոփոխություններ ոստիկանությունում մշտապես են կատարվում:
Մինչդեռ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այլ վարկած է առաջ քաշում.- «650 հազար մարդ պետք է ասեն «այո», որ հանրաքվեն անցնի։ Սա միգուցե դժվար խնդիր է, միգուցե կապված է այս խնդրի լուծման հետ»։
Ի դեպ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, ով միաժամանակ ղեկավարում է իշխող Հանրապետականի շտաբը առաջիկա հանրաքվեում, երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ ներկայացվել են նաև ժողովրդագրական տվյալներ: Ըստ այդմ՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում մշտապես բնակվում է 3 միլիոն 10 հազար 600 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է 6.5 հազարով:
Ընդդիմությունը ուռճացված է համարում ցուցակները, ընտրությունները դիտարկող կենտրոնի ղեկավարն էլ առաջարկում է հետևել, ասենք, Ղրղըզստանի փորձին ու ցուցակներում արտագաղթած ընտրողների անվան դիմաց նշել այդ մասին:
«Գոնե դա արվի, քանի որ ընտրացուցակները չեն հրապարակվում, դժբախտաբար, այդ հարցը այդպես էլ չի լուծվում, գոնե այդ նպատակով կարող էին հրապարակվել՝ հասկանալու համար, թե արտագաղթածների և այդ ֆիկտիվ անձանց փոխարեն եղել են, թե ոչ քվեարկություններ։ Մարդիկ արտագաղթում են, մանավանդ եթե գնում են Ռուսաստան, որի հետ մենք վիզային ռեժիմ չունենք, նրանք մնում են ընտրացուցակներում»,- ասում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը։
Ընդդիմությունը ևս պահանջում է ընտրացուցակներից հանել մշտապես չբնակվողներին՝ նրանց հնարավորություն տալով լրացուցիչ ցուցակներով մասնակցել քվեարկությանը։
«Մենք էլ առաջարկել ենք, որ այդ 700 հազար մարդը, որ այսօր գտնվում են Հայաստանից դուրս, բայց չգիտես ինչու մտցված են ցուցակներում, դուրս հանեն նրանց այդ ցուցակներից՝ ընդ որում առանց նրանց զրկելու ընտրական իրավունքից, որովհետև մենք առաջարկել ենք մեխանիզմ, ըստ որի՝ ցանկացած մարդ, ով գալիս է արտասահմանից Հայաստան՝ մասնակցելու ընտրություններին, կարող է մասնակցել լրացուցիչ ցուցակներով»,- նշեց Լևոն Զուրաբյանը։
Անձնագրային և վիզաների վարչության նորանշանակ ղեկավար Մնացական Բիչախչյանը բացառում է երկու առաջարկներն էլ:
Ըստ փորձագետների, ցուցակների ճշգրտման մեկ մեխանիզմ էլ կար. 2011-ին ընդունված օրենքով նախատեսվում էր, որ Հայաստանում գրանցված, սակայն արտերկրում բնակվող քաղաքացիները պետք է դեսպանատան միջոցով ոստիկանությանը տեղեկացնեին իրենց հաշվառման նոր հասցեն: Հակառակ դեպքում կարող էին ենթարկվել տուգանքի: Օրենքի ընդունումից երեք տարի անց, սակայն, նախատեսված տուգանքը հանվել է, նոր հաշվառման մասին տեղեկացնելու պարտավորությունն էլ՝ դարձել կամավոր:
«Անձի իրավունքն է ընտրացուցակում մնալ-չմնալը, բայց էսքան ժամանակ, եթե 3000 դրամը իր արդյունավետությամբ չի գործել և դա այն միջոցը չէ, որով հնարավոր է անձին պարտադրել, որպեսզի ինքը տեղեկացնի իր հասցեն, հիմա այս պահի դրությամբ հյուպատոսական հաշվառման կարգը դեռ չի ընդունվել, չի գործում»,- փոխանցեց Մնացական Բիչախչյանը։