Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը Ռուբիկ Հակոբյանի հեռանալուց հետո՝ մեկ ամսից ավելի, պաշտոնապես ղեկավար չունի:
Այժմ Զարուհի Փոստանջյանը չորս անդամ ունեցող խմբակցությունում «Ժառանգություն» կուսակցության միակ ներկայացուցիչն է․ Ալեքսանդր Արզումանյանը Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) անդամ է, Թևան Պողոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը անկուսակցական են:
Զարուհի Փոստանջյանը փոխացնեց, որ գրությամբ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին տեղեկացրել է, որ կատարվել է խմբակցության ղեկավարի փոփոխություն՝ այլևս ինքն է ներկայացնելու «Ժառանգություն» խմբակցությունը․ - «Բոլոր ընթացակարգերի պահպանմամբ ներկայացրել եմ այդ գրությունը, և պարզվել է, որ այդ գրությունը իր համար հիմնավոր չէ»:
Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Միայն ցանկությամբ տիկին Փոստանջյանը չի կարող ճանաչվել խմբակցության ղեկավար․ առնվազն խմբակցության նիստի արձանագրություն է պետք»:
Այդ մասին, Բաբայանի փոխանցմամբ, Գալուստ Սահակյանը տեղեկացրել է Զարուհի Փոստանջյանին: Վերջինիս խոսքով, մինչդեռ, արձանագրություն ներկայացնելը օրենքի պահանջ չէ․ - «Եթե ինչ-որ պահանջներ է ներկայացնում, ապա պահանջները չպետք է ներկայացնի ինձ, այլ պետք է ներկայացնի խմբակցության քարտուղարին: Արձանագրությունը պետք է տրամադրի Թևան Պողոսյանը»:
Փոստանջյանը պնդում է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքին համապատասխան, անցկացվել է խմբակցության նիստ, իսկ Թևան Պողոսյանն ասում է, թե ինքը «որևէ նիստի չի մասնակցել»․ - «Ինչքան ես եմ տիրապետում տեղեկություններին, որևէ նիստ տեղի չի ունեցել: Թե այլ նիստեր տեղի են ունեցել, որտեղ ես չեմ մասնակցել․․․ քանի որ ցանկացած նիստ լեգիտիմ կարող է լինել, եթե երեք պատգամավոր մասնակցեն: Իսկ մեր խմբակցությունը չորսից է բաղկացած: Այնպես որ, դրանից էլ տեղյակ չեմ»:
Պողոսյանը իրեն խմբակցության ղեկավարի թեկնածու չի համարում, նաև չի պատրաստվում սատարել որևէ այլ թեկնածուի:
Անուններ չհնչեցնելով՝ Թևան Պողոսյանն ասաց, թե չի տեսնում մեկին, ով կարող է հաղթահարել անվստահության մթնոլորտը խմբակցության ներսում․ - «Ես եղել եմ հրավիրված որպես քաղհասարակության [ներկայացուցիչ], ես այդ խնդիրները պետք է անեմ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը լավ կլինի, որ լինի «Ժառանգություն» կուսակցության անդամ: Բայց ես ինքս էլ չեմ արել ամեն ինչ, որ խմբակցությունում լինի վստահության այդ մթնոլորտը: Ժամանակին միգուցե պետք է այլ քայլեր ձեռնարկեի, որ մարդիկ այնպիսի բաներ չանեին, որ ամեն ինչ խորանար այս վիճակին»:
«Ժամանակը եթե անցնի, և գործողությունները անեն, վստահ եմ, որ ամեն ինչ կարելի է հաղթահարել», - շարունակեց նա: - «Բայց եթե որևէ բան չենք անելու, կունենանք այս վիճակը»:
Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ նաև անորոշ է, թե ինչպես է լուծվելու «Ժառանգություն» խմբակցությանն օրենքով հատկացվող եթերաժամերի հարցը: Այդ հնարավորությունից օգտվելու համար կարող են դիմել ինչպես խմբակցությունների ղեկավարները, այնպես էլ քարտուղարները:
Թևան Պողոսյանն ասաց, թե պատրաստ է հավասար աչքով նայել թե՛ կողմ, թե՛ դեմ քվեարկած գործընկերներին:
Նշենք, որ «Ժառանգություն» խմբակցության չորս անդամներից երեքը՝ Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանը կողմ են քվեարկել սահմանադրական փոփոխություններին, Զարուհի Փոստանջյանը՝ դեմ:
«Ինչպես քարտուղար, պատրաստ եմ ստորագրել՝ տրամադրելու հնարավորություն օգտվելու եթերաժամերից բոլոր մնացած երեքին հավասարաչափ: Եթե մեկը կհրաժարվի, մյուսը կցանկանա, կտրամադրեմ: Ես ինքս հրաժարվում են անվճար և վճարովի եթերաժամերից օգտվելուց, քանի որ, ինչպես պատգամավոր, քիչ չեն հրավերները տարբեր մամուլի ակումբներում, հարցազրույցներ ունենալու: Դրա հետ միասին, շատ ակտիվ եմ սոցիալական կայքերում, ուստի եթե ունենամ մի բան ասելու, ես ինքս ձևը կգտնեմ ասելու: Իսկ եթե մարդիկ կարիքն ունեն այդ եթերաժամի, տրամադրում եմ իրենց», - փոխանցեց Թևան Պողոսյանը: