Մատչելիության հղումներ

Փոստանջյանը պատրաստ է նպաստել «ապազգային ծրագրի տապալմանը»


Ընդդիմադիր պատգամավորը կարևորում է հասարակության մոբիլիզացիան Սահմանադրության փոփոխությունների դեմ պայքարում։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, սահմանադրական փոփոխությունների գործընթացը որակելով «փորձանք» և «ծուղակ» ժողովրդի համար, պատրաստակամություն է հայտնում նպաստել, իր բնորոշմամբ, «ապազգային» այս ծրագրի տապալմանը։

«Ազատության» հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանի հարցազրույցում ընդդիմադիր պատգամավորը կարևորեց հասարկության մոբիլիզացիան այս պայքարում։

«Պետք է դու ունենաս հստակ, լուրջ քաղաքական գործողությունների ծրագիր, իսկ դա պետք է անի ողջ ժողովուրդը, ոչ միայն մի հասարակական խմբի խնդիրն է, ոչ միայն մեկ կուսակցության խնդիրն է, այլ պետք է լինի մոբիլիզացիա ողջ հասարակության կողմից։ Ես դրան նպաստելու եմ», - ասաց Փոստանջյանը։

Խորհրդարանական ուժերից սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարում փաստորեն մնացել են երկուսը՝ «Ժառանգություն»-ն ու Հայ ազգային կոնգրեսը. Փոստանջյանը համագործակցություն պատկերացնում է։

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը պատգամավորը համարում է դեպի կառավարման ավտորիտար համակարգ տանող փաստաթուղթ, ինչը հնարավորություն կտա Սերժ Սարգսյանին ու «նրա խմբին անընդմեջ վերարտադրվել». - «Ոչ միայն այդ մեկ անձն է վերահսկելու, մեկ կուսակցության է վերապահվելու այդ հնարավորությունը: Որը եղել է, օրինակ, սովետական ժամանակաշրջանում: Սա մեզ տանելու է 25 տարի առաջվա մոդելին»:

Դիտարկմանը, թե, այդուհանդերձ, նախագահի աշխատասենյակում թեժ քննարկումներ են ընթանում, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց․ - «Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահը չէ: Նա Կրեմլի հաճախորդն է, և նույն այս հաճախորդի սկզբունքով էլ իր մոտ գնացել են քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք չեն ներկայացնում հանրության կարծիքը»:

«Ազատության» դիտարկմանը, թե նախագահական այցելողների թվում էին նաև «Ժառանգություն» խմբակցության անդամները, Փոստանջյանն այսպես արձագանքեց. - «Դա մասնավոր հանդիպում է, որը չի ներկայացնում մեր կուսակցության կարծիքը։ Սերժ Սարգսյանը փորձում է ապահովել, իբրև թե գոյություն ունի համընդհանուր համախմբում այս բարեփոխումների վերաբերյալ։ Հենց դրա համար էլ կազմակերպում է այդպիսի հանդիպումներ և նկարում է այդ հանդիպումները, հետո ցուցադրում է այդ տգեղ տեսարանը։ Նա փորձում է այդ կերպ լեգիտիմացնել այդ գործընթացը»։

Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ Սերժ Սարգսյանին հանդիպող գործիչներն ու ուժերն ընդամենը իրենց քաղաքական ապագայի հարցն են փորձում լուծել։ Ինչ վերաբերում է «Ոչ»-ի ճակատին, ապա այստեղ քաղաքական ու քաղաքացիական ուժերը հիմա փորձում են մոտեցնել տեսակետները պայքարի ռազմավարության հարցում։ Օրերս կայացած քննարկմանը որոշվեց մինչև սեպտեմբերի վերջը համատեղ հռչակագիր հրապարակել և միասնական հանրահավաք անցկացնել։

Հիմնադիր խորհրդարանի խոսնակ Վարուժան Ավետիսյանը «Ազատության» հետ զրույցում հուսադրող համարեց «Ոչ»-ի շարժման ձևավորման գործընթացը. - «Արդյունավետ կլիներ, եթե կարկինը հնարավորինս լայն բացվեր: Միևնույն ժամանակ որոշ ուժերի և անհատների մուտքը պետք է փակվի: Այն կուսակցությունները և անհատները, որ մասնակից են եղել Մարտի 1-ին՝ ժողովրդի վրա ձեռք բարձրացնելու այդ արյունոտ գործողությանը, որ հետագայում արդարացրել են այդ գործողությունը, կոալիցիա են կազմել կամ գործակցել են որևէ կերպ ռեժիմի հետ, դրանք բոլորը պետք է հեռու մնան»:

Ավետիսյանը որոշ ուժերի ընդգրկումը «Ոչ»-ի ճակատում հնարավոր համարեց միայն այն դեպքում, եթե նրանք հրապարակավ ներողություն խնդրեն ժողովրդից, և հրապարակում հավաքված ժողովուրդը համաձայնի նրանց այնտեղ տեսնել:

«Բայց դա չի վերաբերում այն անձանց, ովքեր հրամաններ են տվել կամ կատարել են: Ասենք, Ռոբերտ Քոչարյանը չի կարող լինել այդ ճակատի մեջ, նա պետք է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի: Շատերը խոսում են այն մասին, որ միգուցե նա է ճակատի ետևում կանգնած և այլն և այլն: Պետք է մեկընդմիշտ փակել այդ հարցը», - նաև ասաց նա:

Հանրահավաքային ակտիվ պայքարի ուղին որդեգրած «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը մտադիր է խորհրդարանում Սահմանադրության նախագծի քննարկումներին զուգահեռ պիկետներ կազմակերպել։ Նախաձեռնության ղեկավարներից Արշակ Մուսախանյանը «Ազատության» տաղավարում հայտարարեց, որ քաղաքական ուժերից «Ոչ»-ի իրենց շարժմանը այս պահին մտադիր են միանալ «Ժառանգություն»-ը, Հայ ազգային կոնգրեսը, Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցությունը, Հիմնադիր խորհրդարանը։

XS
SM
MD
LG