Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այսօր կայացրած վճռի համաձայն՝ Շվեյցարիան խախտել է հայտնի թուրք ազգայնական Դողու Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը:
«Ժողովրդավարական հասարակությունում հայկական համայնքի շահերը պաշտպանելու նպատակով Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտություն չկար», - ասվում է դատարանի որոշման մեջ:
Թուրքիայում պատմական են գնահատում Եվրոպական դատարանի այս որոշումը:
2007թվականին Դողու Փերինչեքը դարձավ առաջին անձը, ով Շվեյցարիայում դատապարտվեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Տարիներ անց, սակայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ այդ որոշմամբ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Պաշտոնական Բեռնը, ընդդիմանալով այս որոշմանը, բողոքարկեց Փերինչեքի գործով ստրասբուրգյան դատարանի որոշումը՝ պաշտպանելով սեփական օրենսդրությունը։ Ըստ ստրասբուրգյան դատարանի այսօրվա վճռի, Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող հայտարարությունները չեն պարունակել ատելության կամ անհանդուրժողականության տարրեր և չեն կարող դիտվել որպես հայերի արժանապատվությունը ոտնահարող կոչեր:
Եվրոպայի բարձր դատարանը նշում է, որ Հայոց ցեղասպանությունը մեծ սուտ համարող Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկելը չի հակասում Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, և արձանագրում է, որ շվեյցարական օրենքը տվյալ դեպքում Փերինչեքի նկատմամբ սխալ է կիրառվել: Դատարանը ընդգծում է, որ Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելը և դրա համար քրեական պատասխանատվության ենթարկելը համարվել է իրավաչափ, որը, սակայն, պետք է արվի բացառապես Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում:
Ստրասբուրգյան դատարանի Մեծ պալատի՝ հօգուտ Փերինչեքի կայացրած այս վճիռը վերջակետ դրեց 2007 թվականից այս գործով ընթացող իրավական վճիռների և բողոքարկումների շղթային և չնայած այն հանգամանքին, որ Եվրադատարանն իր այսօրվա վճռով, ըստ էության, թույլ տվեց ժխտել Հայոց ցեղասպանությունը, հայկական կողմը հայտարարում է, թե իր պահանջները բավարարված է համարում:
Հիշեցնենք՝ Հայաստանն ու Թուրքիան այս գործում ներգրավված էին որպես երրորդ կողմ: Հայկական կողմի գնահատմամբ, Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ դատարանը ավելի վաղ անընդունելի գնահատականներ էր հնչեցրել, որոնք հակասում էին հայկական կողմի շահերին: Թուրքիան էլ նախորդ լսումների ընթացքում փորձում էր դատարանից ձևակերպում կորզել այն մասին, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը ոչ թե «ցեղասպանություն» էր, այլ «իրադարձություններ»:
Այսօր դատարանը նշեց, որ ձևակերպումներ սահմանելու իրավասություն չունի, ինչն էլ, ըստ հայկական կողմի, նշանակում է, որ Եվրոպական դատարանը բավարարեց հայկական կողմի պահանջները:
«Այո, կարելի է ասել, որ Շվեյցարիան դատապարտվեց, բայց Փերինչեքը չկարողացավ հաղթել հայությանը, Հայկական հարցին: Դատարանը կենտրոնացավ Շվեյցարիայի օրենքի բացթողումների վրա, քան Փերինչեքի և Թուրքիայի ուզած հարցերի վրա, որոնք էին՝ Հայկական ցեղասպանության մասին ժխտական գրառում ունենալ դատական նման համակարգից, ինչը նրանց չհաջողվեց», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Եվրոպայի Հայ դատի գրասենյակի խոսնակ Բեդո Դեմիրճյանը: