Հայաստանի գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ:
Հայաստանի գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 15-ին Եվրոպական դատարանի Մեծ պալատը կհրապարակի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը:
Հայաստանն այս գործում ներգրավված է որպես երրորդ կողմ: «Գործին Հայաստանի մասնակցությունը պայմանավորված է նրանով, որ Եվրոպական դատարանը նշելով, որ կոչված չէ անդրադառնալու Հայոց ցեղասպանության իրավական ձևակերպմանը և, հետևաբար, չի անդրադառնալու նաև Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի դեմ կատարված ոճրագործություններին առնչվող բովանդակային հարցերին, այդուամենայնիվ, իր վճռում անդրադարձել է Հայոց ցեղասպանության պատմական փաստին և արել հայկական կողմի համար սկզբունքորեն անընդունելի գնահատողական դատողություններ: Վճռում առկա են նաև մի շարք հակասական գնահատականներ», - ասված է հաղորդագրությունում:
Դատախազությունը նշում է, որ նման պայմաններում «Փերինչեքի գործն ակնհայտորեն դուրս էր եկել զուտ Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ Կոնվենցիային համապատասխանության որոշման շրջանակից և արդեն վերաբերում էր նաև ողջ հայ ժողովրդին»:
«Այս պատճառով է Հայաստանը ներգրավվել որպես երրորդ կողմ, որպեսզի հնարավորություն ունենա Եվրոպական դատարանին ներկայացնելու ողջ հայության դիրքորոշումը՝ ինչպես տվյալ գործի, այնպես էլ՝ դատարանի առանձին ձևակերպումների վերաբերյալ», - ասում է դատախազությունը՝ նշելով, որ Հայաստանն այս գործով, որպես երրորդ կողմ, Եվրոպական դատարանից ակնկալում է արդարացի վճիռ, որը զերծ կլինի այնպիսի ձևակերպումներից, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը՝ պատմական, իրավական կամ որևէ այլ համատեքստում:
«Նպատակն այն է, որպեսզի Եվրոպական դատարանի վճիռը չդառնա գործիք Հայոց ցեղասպանությունը ժխտողների ձեռքին, ովքեր կփորձեն այն օգտագործել իրենց անբարոյական նպատակներով», - ասված է Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդագրությունում: