Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ Րաֆֆի Հովհաննիսյանը և Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում են համատեղ պայքարի մասին՝ ձևավորելով ընդդիմության միասնական շտաբ՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ անվանումով:
«[...] Կառավարող վարչախմբի հիմքը կազմող և հանցավոր համագործակցության վերածված Հայաստանի հանրապետական կուսակցությունը, սկսել է սահմանադրական փոփոխությունների միջոցով միակուսակցական կառավարման համակարգ հաստատելու և իր իշխանությունը հավերժացնելու արտահերթ գործընթաց»,- հայտարարեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Ընդդիմադիր մի քանի ուժեր միավորող այս նախաձեռնության կազմում, սակայն, ընդգրկված չէ փոփոխությունների դեմ պայքարող առանցքային կուսակցություններից մեկը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը։
Ժիրայր Սեֆիլյանի փոխանցմամբ, այժմ ընթանում են բանակցություններ՝ հարթելու մարտավարական տարաձայնությունները.- «Ոչ»-ի գաղափարը մեզ համար բավարար չէ, այսինքն բնական է՝ մենք դեմ ենք, որ այս ռեժիմի օրոք որևէ սահմանադրական փոփոխություն լինի, սակայն մեր տարբերությունն այն է, որ մենք ասում ենք՝ այս ռեժիմի պարագլուխը այնքան հղփացել է, որ արդեն փորձում է այսպիսի վտանգավոր քայլի գնալ, քաղաքական ընդդիմադիր ուժերը պիտի համախմբվեն այս ռեժիմից ձերբազատվելու գաղափարի շուրջ, և նախընտրելի ժամանակը՝ այդ ձերբազատվելու, տեղի ունենա մինչ հանրաքվեն»։
Առաջիկա հանրահավաքը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը անցկացնելու է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների պահանջով՝ չբացառելով, որ բանակցություններն արդյունքում միասնական պայքարի մեկնարկ դառնա «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության` հոկտեմբերի 30-ին նշանակված հանրահավաքը։
«Մենք ընդունել ենք «ոչ»-ի գաղափարը, սակայն չենք բավարարվել միայն «ոչ»-ով։ Շարունակվում են մեր խոսակցությունները և «Չե՛ք անցկացնի» խմբի հետ, և Ստեփան Դեմիրճյանի, և ՀԱԿ-ի հետ։ Դրական ենք տրամադրված և լավատես ենք, որ ոչ ուշ ապագայում պիտի հասնենք ընդհանուր հայտարարի»,- հայտարարեց Սեֆիլյանը։
Ավելի վաղ «Ոչ»-ի ճակատին ստորագրությամբ միացած «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խնդիր չի տեսնում, որ փաստորեն զուգահեռ երկրորդ ճակատն է ստեղծվում՝ հստակեցնելով, թե Հայ ազգային կոնգրեսը մասնակցելու է հանրաքվեին «Ոչ»-ի կարգախոսով, մինչդեռ իրենք միայն փողոցային պայքար են նախատեսում։
«Ավելի շատ հատման կետեր, միասնական մոտեցումներ կան, քան հեռացումներ, բաժանումներ։ Ես ևս խիստ լավատես եմ, որ մենք անպայման պետք է միասնական ճանապարհ անցնենք։ Որևէ խնդիր գոյություն չունի, մենք կոնսուլտացիաների մեջ ենք՝ բոլորս բոլորիս հետ»,- ասաց Մարտիրոսյանը։
Հանրությանն այսօր ներկայացած շարժումը մտադիր է անհնազանդության գործողություններով հեռացնել Սերժ Սարգսյանին՝ համոզմունք հայտնելով, որ ժողովուրդը ոչ թե հանրաքվեի, այլ քաղաքացիական անհնազանդությամբ կարող է ցույց տալ «այո»-ն կամ «ոչ»-ը։
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նախնական քննարկումներին մասնակցած Պարույր Հայրիկյանը որոշել է դիտորդի կարգավիճակով հետևել այս պայքարին: