Մատչելիության հղումներ

Բարեփոխումներին կողմ ուժերը կարևորում են արդար և թափանցիկ հանրաքվեի անցկացումը


Լևոն Զուրաբյանը բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին մեղադրում է Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մեջ։

Դաշնակցական Աղվան Վարդանյանն ասում է՝ շատ կարևոր է, որպեսզի հանրաքվեն հնարավորինս ազատ, արդար և թափանցիկ անցկացվի։

Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանին հանդիպած Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հույս էր հայտնել, որ հանրաքվեի անցկացման գործընթացը կլինի հենց այդպիսին:

«Լուրջ խախտումների գնալու որևէ պատճառ չեմ տեսնում և դեմ եմ այս հանրաքվեն ևս նախկին մեթոդներով անցկացնելուն»,- այսօր հայտարարեց Աղվան Վարդանյանը։

Հանրապետական Վահրամ Բաղդասարյանն ասում է՝ իշխանությունն ամեն ինչ պետք է անի, որ հանրաքվեն անցնի արդար ու թափանցիկ, եթե քվեարկությամբ նոր Սահմանադրությունը չընդունվի էլ, հոգ չէ։

«Ես չեմ կարծում, որ շատ պայթյունավտանգ բան կարող է լինել։ Չի անցնի՝ մենք ունենք գործող Սահմանադրություն, կգործենք դրանով»,- ասաց նա։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը պնդում է՝ գործընթացն արդեն չի համապատասխանում միջազգային չափանիշներին։

«Արդեն առաջին գործողությունները ցույց են տալիս, որ «Ոչ»-ի ճակատի դեմ, «Չ՛եք անցկացնի» ակցիաների դեմ իշխանությունները, խախտելով բոլոր սահմանադրական և օրինական բոլոր նորմերը, պատրաստ են դիմել ամենավերջին հակաօրինական քայլերին»,- ասաց Զուրաբյանը։

Սահմանադրական փոփոխություններին կողմ դաշնակցական Աղվան Վարդանյանը կարծում է՝ ժողովրդին պետք է համոզել «այո» ասել Սահմանադրությանը։ Իշխող ուժի ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանը, մինչդեռ, հանրության աջակցությունն արդեն իսկ նկատել է։ Քաղաքական կոնսոլիդացիան ևս կայացած փաստ է համարում։ ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը Բաղդասարյանի պնդումները «լեգենդ» է որակում։

«Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները շատ նեղ շրջանակ են։ Դա իշխող կուսակցությունն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, դա իր կողմից ստեղծված սահմանադրական հանձնաժողովն է՝ Գագիկ Հարությունյանի ղեկավարությամբ, որի միակ գործը եղել է կաշառել Վենետիկի հանձնաժողովին, ինքը զբաղվել է այնտեղ լոբբիզմով, և մենք փաստեր էլ ունենք, Դաշնակցությունը, որ մի անգամ խորհրդարանական հանրապետությունը վերածելով դիկտատուրայի` կործանեց հայոց պետականությունը, և այլ քաղաքական ուժերը, որոնցից մեկին ծեծելով, մեկին՝ կաշառելով, մեկին՝ գայթակղելով ինչ-ինչ քաղաքական հեռանկարներով բերել են այս ճամբար»,- ասաց Զուրաբյանը։

«Ես շանտաժներին պատասխան չեմ տալիս և ցավում եմ, որ այդ անձեռնմխելիության ինստիտուտը մտած է, և պատգամավորը կարող է հանիրավի մեղադրանքներ առաջադրել նման ճանաչված կառույցների ու մնալ անպատիժ, անպատասխան»,- Զուրաբյանին հակադարձեց Հանրապետական խմբակցության ղեկավարը։

Դաշնակցության օրակարգում միշտ կա իշխանափոխության հարց, ասում էր Աղվան Վարդանյանը։ Մհեր Շահգելդյանի խոսքով՝ հաջորդ խորհրդարանում լուրջ ներկայացվածություն է ակնկալում նաև «Օրինաց երկիր»-ը։ Հանրապետական Վահրամ Բաղդասարյանին լրագրողները տեղյակ պահեցին նրանց ծրագրերին։

«Մեն ողջունում ենք ՕԵԿ-ի և Դաշնակցության լավատեսությունը»,- արձագանքեց Հանրապետական խմբակցության ղեկավարը։

Դրական արդյունքի դեպքում, հանրապետական Վահրամ Բաղդասարյանի խոսքով, դեկտեմբերի 6-ը՝ հանրաքվեի օրը ամեն տարի կնշվի որպես սահմանադրական բարեփոխումների օր.- «Սահմանադրության հիմնական օրը մնում է հունիսի 5-ը, սա կլինի բարեփոխումների օր»։

Սահմանադրության փոփոխություններին կողմ Դաշնակցությունն ավելի համեստ է պատրաստվում նշել հաղթանակը.- «Կնշենք, բայց դա չի վերածվի համազգային տոնախմբության»։

Սահմանադրության հանրաքվեի նախնական արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 7-ին։

XS
SM
MD
LG