Մատչելիության հղումներ

Համայնքապետերը նոր Սահմանադրությունը չեն ուսումնասիրել, բայց կողմ են դրան


Լոռու մարզի գյուղերից մեկը, արխիվ
Լոռու մարզի գյուղերից մեկը, արխիվ

Լոռիում «Ազատության» հետ զրուցած գյուղապետերը հիմնականում տեղյակ չէին սահմանադրական փոփոխությունների մանրամասներից, բայց միևնույն է՝ կողմ են քվեարկելու ու համարում են, որ իշխանությունները կարևոր ու անհրաժեշտ գործ են նախաձեռնել։

Թեղուտի հանրապետական գյուղապետ Ֆրունզե Նորեկյանը այդպես էլ չկարողացավ առանձնացնել որևէ դրույթ, որ գործող Սահմանադրության մեջ իրեն դուր չի եկել, բայց կարծում է՝ փոխելն անհրաժեշտ էր։

«Ճիշտն ասած, լրիվ տեղյակ չեմ, կոնկրետ կետով չեմ կարա ասեմ, բայց եթե կյանքն առաջ ա գնում, փոխվում են ժամանակաշրջանները, ամեն տեղ փոփոխություն պետք ա»,- ասաց նա։

Ֆրուզե Նորեկյանը 3 տարի առաջ է գյուղապետ ընտրվել։ 39-ամյա գյուղապետն այժմ Իջևանի Եվրոպական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող է։ Ընտրվելուց հետո որոշել է անպայման բարձրագույն կրթություն ստանալ և հանրապետական դառնալ։

«Ճիշտն ասած, սկզբից, դեռ նոր էր, որ գյուղապետ էի, նոր էի էս ցանցում աշխատում, մտածեցի, որ որպես անկուսակցական՝ հանրապետականների հետ ավելի դժվար կլինի աշխատել»,- խոստովանեց նա։

Հարևան Շնողի անկուսակցական գյուղապետ Հովիկ Սահակյանը ևս չի կարդացել նոր Սահմանադրության նախագիծը։ Ձեռքի տակ չի ունեցել։ Բայց ասում է՝ ուշիուշով հետևում է բոլոր կողմ և դեմ կարծիքներին.- «Անկեղծորեն ասեմ՝ երկու կողմն էլ էնքան լավ են հիմնավորում, չեմ կարում հասկանամ՝ հիմա ճիշտը ո՞րն ա»։

Շնողի գյուղապետը նույնպես երեք տարի առաջ է ընտրվել։ Իր օրոք անցկացված նախագահական ընտրություններում հանրապետության գործող նախագահը 52 տոկոս ձայն է ստացել։

«Եթե կեղծած լինեի, կարող ա էդ թիվը ոչ թե 52 լիներ, այլ 67 կամ 80 լիներ։ Միանգամայն ազնիվ, արդար ընտրությունների միջոցով 52 տոկոս ձայն ա եղել գյուղում։ Հիմա եթե 52 տոկոսը սենց թե նենց անցողիկ ա, ինչի՞ պետք է ուռճացնես, արհեստական դարձնես 67 կամ 80»,- ասում է նա։

Հարթարգյուղը Լոռու մարզի հենց այն համայնքներից է, որտեղ իշխանության ներկայացուցիչները որպես կանոն 70 և ավելի տոկոսներ են ստանում։ Անդրանիկ Հարությունյանը, որ 87 թվականից համայնքի ղեկավարն է, ասում է.- «Նախագահի ընտրությունների ժամանակ ոնց որ թե 70-ի կարգի, 69-ի կարգի նախագահի օգտին է քվեարկել»։

28 տարվա գյուղապետը տեղական ընտրություններում հիմնականում մրցակից չի ունեցել, ունենալու դեպքում էլ հաղթել է ձայների գերակշռող առավելությամբ, համոզված է՝ Սերժ Սարգսյանի այս նախաձեռնությունն էլ գյուղում բարձր տոկոսանոց քվեարկությամբ կընդունվի։ Տեղյակ չէ առաջարկվող փոփոխությունների մասին, բայց կարծում է՝ դրանք պետք են նաև իրենց գյուղին։

«Տեղյակ եմ, բայց տենց ոչ հանգամանալից, բայց ամեն դեպքում գտնում եմ, որ ճիշտ է»,- ասում է Հարությունյանը։

Գյուղապետը պնդում է՝ գյուղում ագիտացիա չի անի։ Գոնե առայժմ վերևներից հանրաքվեում բարձր ցուցանիշեր ապահովելու պարտավորություն չեն դրել.- «Նետ, նետ, նման բան չկա»։

Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանն էլ հույս ունի՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելը Հայաստանում կվերացնի մեկ մարդու իշխանությունը։ Կարծում է՝ վերևներին պետք է որ ձեռնտու լինի լավ ընդդիմություն ունենալը։ Նոր է ընտրվել ու ասում է, թե խրախուսում է նաև տեղում իր դեմ ընդդիմության ձևավորումը։

«Երբ որ ասողը մի մարդ է, հետը մի քիչ դժվար է, այսինքն՝ լճանում ես։ Ու խորհրդարանի էդ ձևը ղեկավարելու, ինձ թվում է, ավելի ժողովրդական ձև է, ավելի ճիշտ ձև է, կկազմավորվի նորմալ օպոզիցիա»,- ասում է Փարեմուզյանը։

Մինչդեռ համայնքներում բնակիչները թերահավատ են, թե Հայաստանում կառավարման որևէ համակարգ կվերացնի կոռուպցիան ու միանձնյա իշխանավարությունը։

«Հավատն ենք կորցրել, հավատը... մնացածը հեշտ է։ Մենք միշտ էլ հարուստ չենք եղել, կարելի է մի քիչ էլ աղքատ ապրել, բայց իմանանք ինչի համար։ Թող վերականգնեն էս փոքր երկրում, էս 2 միլիոնանոց ժողովրդի մեջ, բա ամոթ չի՞ մենք մեր ոչ մի ղեկավարի չենք հավատում։ Թող էդ հավատը վերականգնեն, մնացածը կստեղծվի»։

«Օրենքն իրանց ձեռին ա, ոնց ուզում են, ընենց էլ անում են»։ «Իրանք էլ են ասում, էլի, իրանց լեզվով են ասում՝ ինչ կուզենանք, էն էլ կանենք»։ «Կտենաս, որ վերջում 90 տոկոսով քվեարկել են», - ասում էին «Ազատության» զրուցակիցները։

XS
SM
MD
LG