Մատչելիության հղումներ

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը քննադատում է սահմանադրական փոփոխությունների գործընթացը


Սահմանադրական փոփոխությունների գործընթացը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, պնդում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը:

Սահմանադրական փոփոխությունների գնալու որոշումն ընդունվել է միանձնյա, չեն բերվել գործող Սահմանադրության ձախողման օրինակներ և չի ձևավորվել քաղաքական կոնսոլիդացիա, թվարկում է կենտրոնի մասնագետ Հերիքնազ Տիգրանյանը։

«Եթե կոնսոլիդացիան ձեռք է բերվում պառլամենտում թվով երկրորդ կուսակցությանը մեկ օրում չասեմ վերացնելու կամ նրա ուժը չեզոքացնելու ճանապարհով, եթե այդ կոնսոլիդացիան ձեռք է բերվում «ոչ» ասողների հանդեպ հաշվեհարդար տեսնելու ճանապարհով, բնականաբար, այստեղ ոչ թե կոնսոլիդացիա կա, այլ կա վախ և հաշվեհարդար։ Այս իրավիճակում իշխանությունը փորձում է իր գաղափարը առաջ տանել ցանկացած գնով»,- ասաց Տիգրանյանը։

Հակակոռուպցիոն կենտրոնը պնդում է՝ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը անկախ չէ, ինը անդամներից երկուսը իշխող կուսակցության անդամներ են, երկուսը նախագահի աշխատակազմից են, մեկը ղեկավար պաշտոն է զբաղեցնում Երևանի պետական համալսարանում, որի խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է։ Հանձնաժողովի անդամ է նաև գլխավոր դատախազը, որին առաջադրել է անձամբ նախագահը։ Այս ամենից հետո հնարավո՞ր է չկասկածել, որ առաջարկվող փոփոխությունները նախագծվել են, որ ծառայեն գործող նախագահին, հարցնում է Տիգրանյանը:

«Մեզ համար ամենաանընդունելին, որտեղ կա շահերի բախում, Սահմանադրական դատարանի նախագահի դերակատարությունն է այդ հանձնաժողովում՝ որպես հանձնաժողովի նախագահ։ Ի վերջո, եթե մենք վաղը գնանք սահմանադրական հանրաքվեի, և որևէ մեկը դժգոհություն ունենա արդյունքների վերաբերյալ, ինչպե՞ս կարող է Սահմանադրական դատարանը, որի նախագահը արդեն իսկ հանձնաժողովի անդամ է, լինել օբյեկտիվ, անաչառ։ Կամ չկա՞ արդյոք ողջամիտ կասկած, որ նա կարող է կանխակալ լինել նման հանրաքվեի նկատմամբ»։

Հակակոռուպցիոն կենտրոնը նկատում է՝ մայր օրենքում փոփոխվել է ավելի քան 200 հոդված, ընդդիմախոսների բնորոշմամբ՝ գրվել է նոր Սահմանադրություն, բայց իշխանությունները հանրությանը ընդամենը երկու ամիս են տալիս փոփոխությունները հանրաքվեից առաջ մարսելու համար:

«Իշխանությունը արագացնելու համար է անում այս ամենը, որովհետև առջևում 2017 թվականի պառլամենտական ընտրություններն են, իսկ 2018-ին գործող նախագահը նորից առաջադրվել չի կարող, սահմանադրական նորմը արգելում է երրորդ առաջադրումը։ Արդեն իսկ կասկածներն էլ փարատվում են, որ այս ամենը արվում է մեկ այլ կառավարման համակարգ ձևավորելու համար, որտեղ երկրի ներկայիս նախագահը կարող է վերարտադրվել այլ ինստիտուտով, ասենք՝ վարչապետի կամ Ազգային ժողովի նախագահի»,- նկատում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչը։

Իրավապաշտպան կազմակերպության համար առավել մտահոգիչ է այն, որ հանրաքվեն անցկացվելու է ընտրական համակարգի նկատմամբ հայաստանցիների անվստահության մթնոլորտում։ Ըստ Հերիքնազ Տիգրանյանի, իշխանությունները մեկընդմիշտ կարող էին ցրել այս կասկածները, եթե հրապարակեին ընտրողների ստորագրած ցուցակները։

«Անվստահությունը մեկ օրում չի ձևավորվում, դա ժամանակի ընթացքում, ընտրությունից ընտրություն է ձևավորվել և խորացել։ Բայց իշխանությունների կողմից որևէ քայլ չի արվել այդ կասկածները փարատելու համար։ Եվ այս ընտրահամակարգով գնալ հանրաքվեի, բնականաբար, դրա արդյունքների նկատմամբ էլ պիտի լինի կասկած»։

Հակակոռուպցիոն կենտրոնը իր 20 էջանոց կարծիքը հասցեագրել է նաև Վենետիկի հանձնաժողովին։ «Միջազգային կազմակերպությունները, որոնց առաքելությունը ժողովրդավարության խթանումն է, չպետք է հանդուրժեն այս պայմաններում հանրաքվեի անցկացումը՝ անկախ առաջարկվող տեքստի բովանդակությունից», - գրել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի հայաստանյան գրասենյակը։

XS
SM
MD
LG