Թուրքիան պնդում է, որ ռուսական ռազմական օդանավը կրկին խախտել է իր օդային տարածքը, ինչի պատճառով Անկարայում Ռուսաստանի դեսպանը հերթական անգամ հրավիրվել է թուրքական դիվանագիտական գերատեսչություն:
Ըստ պաշտոնական Անկարայի՝ այս խախտումը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին: Մոսկվան առայժմ չի մեկնաբանել տեղեկատվությունը:
Ռուսաստանը նախորդ անգամ Թուրքիայի օդային տարածքը խախտել էր հոկտեմբերի 3-ին: Թուրքական երկու կործանիչները ռուսական օդանավին ստիպել էին լքել երկրի օդային տարածքը: Ռուսական կողմը ընդունել է փաստը՝ հայտարարելով, որ միջադեպը տեղի է ունեցել տեխնիկական վրիպակի հետևանքով: Թուրքական իշխանությունները Ռուսաստանի դեսպանին նախազգուշացրել են, որ նմանօրինակ խախտումների կրկնվելու դեպքում «ցանկացած անցանկալի միջադեպի» համար պատասխանատվությունը կրելու է Մոսկվան:
Անկարան բազմիցս է քննադատել Սիրիայում օդային հարվածներ հասցնելու Մոսկվայի նախաձեռնությունը՝ պնդելով, որ բացի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից, ռուսական օդուժի հարվածների թիրախում են նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքարող մյուս զինյալ խմբավորումները:
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ընդգրկված է «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման դեմ պայքարող ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայում: