Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետի եղբորորդին հայտնաբերվել է


Գորիսի համայնապատկեր, արխիվ
Գորիսի համայնապատկեր, արխիվ

Հայտնաբերվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Մայիս Խաչատրյանը, ով մեղադրվում է «Սդղի գյոլում» ծեծկռտուքի գործով:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Մայիս Խաչատրյանը հայտնաբերվել է Գորիսի տարածքում՝ այսօր ժամը 15:40-ի սահմաններում:

Խաչատրյանը կփոխանցվի նախաքննություն իրականացնող մարմնին:

Քննչական կոմիտեն, հայտարարելով, որ նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Մայիս Խաչատրյանը մասնակցել է մայիսի 2-ին «Սդղի գյոլում» տեղի ունեցած ծեծկռտուքին, նրան մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասով (մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանության վնաս պատճառելը), և խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Մայիս Խաչատրյանի նկատմամբ հետախուզում հայտարարված է հուլիսի կեսից:

Հիշեցնենք՝ մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրյալների թվում են Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանը, նրա եղբայրը և երկու եղբորորդիները:

Սյունիքի մարզպետի որդին հուլիսի 27-ից կալանավորված է Հարություն Զաքարյանին ծանր վնասվածք պատճառելու մեղադրանքով:

Օգոստոսի 11-ին ծանրացվեց Սյունիքի մարզպետի եղբորը՝ Սեյրան Խաչատրյանին և եղբորորդուն՝ Էյներ Խաչատրյանին ի սկզբանե առաջադրված մեղադրանքը՝ փոխարինվելով «անձի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս» հասցնելու մեղադրանքով, նրանց խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք՝ գործով տուժող են ճանաչվել Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրները: Հարություն Զաքարյանը պնդում է, որ միջադեպի հետևանքով ամբողջությամբ կորցրել է աչքի տեսողությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG