Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի Մայիս Խաչատրյանը հանձնվել է նախաքննության մարմնին։
Ըստ Քննչական կոմիտեի տեղեկատվության՝ քննիչը ապացույցների համակցմամբ այսօր նրան մեղադրանք է առաջադրել և դիմել դատարան՝ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու համար: Հունիսի 15-ից հետախուզման մեջ գտնվող Մայիս Խաչատրյանին իրավապահները հայտնաբերել են երեկ Գորիսի տարածքում։
Նախկինում սպանության համար 12 տարվա ազատազրկման դատապարտված, ապա Սերժ Սարգսյանի հրամանագրով ներված Խաչատրյանն այս անգամ մեղադրվում է «Սդղի գյոլի» գործով՝ տուժող Մուշեղ Զաքարյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Նա փաստորեն Սուրիկ Խաչատրյանի մերձավորներից երկրորդն է, որին այս գործով կալանավորելու հարց է դրվում։ Հուլիսի վերջից ճաղերի հետևում է մարզպետի 20-ամյա որդին՝ Տիգրան Խաչատրյանը։
Ի դեպ, Մայիս Խաչատրյանի հայտնաբերմանը զուգահեռ հայտնի դարձավ, որ Տիգրանի պաշտպանական կողմը նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Փաստաբան Արմեն Մարտիրոսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ գործում ի հայտ են եկել նոր էական հանգամանքներ, կան մարզպետի որդու օգտին նոր ցուցմունքներ՝ ձեռնպահ մնալով այլ մեկնաբանություններից։
Տիգրան Խաչատրյանը կալանավորված է Հարություն Զաքարյանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով, և նրա դեմ հենց աչքի տեսողությունը կորցրած Հարությունն էր ցուցմունք տվել։ Մոսկվայում բուժվող երիտասարդը վերջերս եկել էր Հայաստան. Մարտիրոսյանն առայժմ չի մանրամասնում, թե արդյոք այս անգամ նա հարցաքննվել է և արդյոք փոխել է նախկինում տված վկայությունները։ Ցուցմունքները փոխելու մասին լուրեր երեկվանից տարածում են տարբեր լրատվամիջոցներ։ Տուժողի փաստաբանն անհասանելի է, հայրը՝ Գագիկ Զաքարյանը հերքում է։
«Ոչ մի ցուցմունք չի փոխվել, ով ինչ աստիճանի հանցանք կատարել է իմ երեխաների նկատմամբ՝ դրա համար էլ պիտի պատասխանատվություն կրի։ Ոչ մեկը ցուցմունքը չի փոխել»,- վստահեցրեց հայրը։
Իրավապաշտպանները նման տեղեկությունների տարածումը պատահական չեն համարում և Զաքարյաննների նկատմամբ ճնշում գործադրելու դիտավորություն են այստեղ տեսնում։
«Փորձ է արվում ստեղծել հասարակական կարծիք, որը նաև ճնշում է Զաքարյանների նկատմամբ, որ ի վերջո գնան կոմպրոմիսի, թերևս պատճառներից մեկը դա է»,- ասաց Ավետիք Իշխանյանը։
Արթուր Սաքունցը, վկայակոչելով տուժողի մերձավորներից ստացած իր տեղեկությունները, նշեց, որ Տիգրան Խաչատրյանի օգտին ցուցմունքներ տալիս են ոչ թե Զաքարյանները, այլ ծեծկռտուքի մասնակից այլ անձինք։
«Իմ տեղեկություններով՝ տուժող կողմը նման ցուցմունք չի տվել։ Այսինքն՝ այդ խոսակցությունները հիմնված են բռնարարքներին մասնակցած Լիսկայի կողմնակիցների ցուցմունքների վրա։ Այսպես ասած՝ հանցագործության կատարման պատասխանատվությունը վերցնել իրենց վրա՝ նպատակ ունենալով պատասխանատվությունից փրկելու Սուրիկ Խաչատրյանի որդուն։ Փորձված տարբերակ է»,- ասաց իրավապաշտպանը։
«Ես դա համարում եմ աճպարարություն, բայց նախաքննական մարմնի պատասխանատվությունն է գնահատել ցուցմունքների արժանահավատությունը։ Այնպես որ, այս պարագայում մենք գործ ունենք կանխամտածված և գիտակցված ապատեղեկատվության հետ, մյուս կողմից էլ՝ արդեն ակնհայտ ուղղորդված նախաքննության փաստի հետ»,- հավելեց Սաքունցը։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պատահական չի համարում մարզպետի եղբորորդու հայտնաբերման մասին լուրերն ու որդուն ազատ արձակելու միջնորդությունը.- «Նախ հայտնաբերելը ուղղակի ծիծաղելի է, Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին ոչ թե թաքնվել էր, որ հայտնաբերեին... ուղղակի այս ամբողջ ընթացքը պայմանավորվածություններ են՝ սկսած Տիգրան Խաչատրյանի կալանքից։ Հիմա քանի որ նա արդեն երկու ամիս կալանքի տակ էր, համարում են, որ դա արդեն երևակայության ոլորտից է, շատ-շատ է, դրա համար մեջտեղ բերեցին եղբորորդուն։ Կարծում եմ, որ փոխանակում է լինելու։ Հիմա էլ Մայիս Խաչատրյանը մի երկու ամիս կալանքի տակ կգտնվի, ազատ կարձակվի Տիգրան Խաչատրյանը»։
«Կարծում եմ, որ Սուրիկ Խաչատրյանը ամեն գնով փորձելու է իր տղային քրեական պատասխանատվությունից եթե չազատել, գոնե ավելի մեղմ պատասխանատվության տարբերակով փրկել, ազատ արձակել, բայց սա առանց բարձրագույն իշխանության հետ համաձայնության չի կարող լինել։ Ցավոք, բավական լուրջ մարտահրավեր ունի հանրությունը, ոչ միայն Զաքարյանները։ Երևի պետք է այս հանցագործության նախաքննության և դատաքննության վրա բավական լուրջ հասարակական վերահսկողություն սահմանել, որպեսզի Զաքարյանները մենակ չմնան»,- ասաց Արթուր Սաքունցը։