Մատչելիության հղումներ

Փորձագետներ․ Հայ-ռուսական պաշտպանական պայմանագիրը այլևս չի գործում


Հայաստանի և Ռուսաստանի նախագահները, արխիվ
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները, արխիվ

Ադրբեջանական ռմբակոծություններին Ռուսաստանի լռությունը վկայում է, որ պաշտպանության վերաբերյալ հայ-ռուսական պայմանագիրը չի գործում, կարծում են հայաստանյան փորձագետները:

2010 թվականին օգոստոսի 20-ին Երևանում նախագահներ Սերժ Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարները ստորագրեցին արձանագրություն, որով Ռուսաստանը պարտավորվեց ապահովել Հայաստանի անվտանգությունը՝ Հանրապետության սահմանների ողջ երկայնքով: Փոխարենը Երևանը համաձայնեց 25 տարով երկարաձգել Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը մինչև 2044 թվականը։

Սակայն վերջին շրջանում ադրբեջանական կողմի ռմբակոծություններին ի պատասխան՝ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը որևէ գործողություն չձեռնարկեց՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը, ավելին՝ պաշտոնական Մոսկվան նույնիսկ հայտարարությամբ հանդես չեկավ:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով, տեղի ունեցածը ցույց տվեց, որ Մոսկվային հետաքրքրում են միայն նախկին կայսրության սահմանները.- «Եվ ՀԱՊԿ պայմանագրի դեպքում մյուսը՝ սահմանների ընդհանուր պաշտպանություն, հայ-ռուսական այդ պայմանագրի հիմքի վրա 1995 թվականին կնքված և 2010 թվականին լրամշակված... երկու պայմանագրերի դեպքում էլ ուղղակի այն նպատակները, որոնք հռչակվել են, և այն մեխանիզմները, որոնք ամրագրվել են և տրվել են կողմերին, դրանք չեն գործում»։

Հինգ տարի առաջ՝ ռուսների հետ նոր փաստաթուղթ կնքելիս Հայաստանի իշխանությունները պնդում էին, թե մեծ ձեռքբերում է Ռուսաստանի ստանձնած պարտավորությունը:

«Ռուսաստանի Դաշնությունը ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ [որ սահմանից էլ որ դա բխի]»,- արձանագրությունը ստորագրելուց օրեր անց «Ազատությանը» ասել էր Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Դեռ ավելին՝ Օհանյանը այն ժամանակ նաև ընդգծել էր՝ չի կասկածում, որ Ռուսաստանը կկատարի իր դաշնակցային պարտավորությունը.- «Այն դեպքում, եթե ԼՂՀ-ի դեմ սանձազերծված սպառնալիքը վերաճի Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված անմիջական սպառնալիքի, ապա չեմ կասկածում, որ Ռուսաստանի Դաշնությունը կկատարի իր դաշնակցային և պայմանագրային պարտավորվածությունները»։

Անցած տարիներին առավելագույնը, որ արել են Հայաստանի իշխանությունները, հրապարակավ դժգոհելն էր Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարումից: Ավելի հեռուն գնալու վստահություն, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքով, պաշտոնական Երևանը չունի: Ըստ փորձագետի, պաշտպանության ոլորտում հայ-ռուսական պայմանագիրը գործում է միայն Մոսկվայից արտոնյալ պայմաններով սպառազինություն ձեռք բերելու մասով:

«Բայց գլխավոր խնդիրը՝ ոչ միայն հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների, այլ նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում դիտարկելիս, այն է, որ ցավոք, չկա լրիվ հստակություն՝ եթե, ասենք, Հայաստանը պահանջի և փորձի իրագործել այդ մեխանիզմները, արդյոք դրանք լիակատար կօգտագործվե՞ն, թե՞ չէ՝ ոչ թե ռազմատեխնիկական կամ քաղաքական աջակցությունը, այլ նաև ուղղակի ռազմական աջակցությունը»,- ասաց փորձագետը։

XS
SM
MD
LG