Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը հասարակությանն է թողնում Բագրատյանի քայլը գնահատելը


Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավարը չի գնահատում խմբակցությունում ընդգրկված պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի և նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հանդիպումը։

«Մեր գնահատականը բացարձակապես կարևոր չէ։ Կարևոր է հանրության և հասարակության գնահատականը։ Ես ոչ մի տեղեկություն չունեմ այդ հանդիպման նախապատրաստության մասին, այդ հանդիպման բովանդակության մասին և դրա արդյունքների մասին։ Իսկ այն, որ Բագրատյանը դեմ է եղել Սահմանադրության փոփոխություններին, դա իմ կարծիքը չի եղել, դա եղել է իր կարծիքը», - ասում է Լևոն Զուրաբյանը:

Հրանտ Բագրատյանն այսօր խորհրդարան չէր եկել։ Ժամեր առաջ ֆեյսբուքյան էջում միայն տեղեկացրել էր, որ սահմանադրական փոփոխությունների շրջանակներում «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչները հրավիրվել էին քննարկման։

«Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին ինչպես սկզբունքային-համակարգային, այնպես էլ կառուցվածքային հարցեր (մարդու իրավունքներ, ընտրական մեխանիզմներ, տնտեսական և ֆինանսական համակարգեր, սոցիալական իրավունքներ)», - գրել է Բագրատյանը և հիշեցրել, որ «Ազատություն» կուսակցությունը բազմիցս է նշել՝ նախագահական համակարգի կողմնակից է։ Այսքանը՝ հնչեցրած առաջարկներից չէր խոսել, Սերժ Սարգսյանի առաջարկից՝ նույնպես: Չէր պատասխանել նաև հանդիպման մասին մոտ չորս տասնյակ օգտատերերի՝ հիմնականում քննադատական մեկնաբանություններին:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն էլ երեկվա հանդիպման վրա լույս չսփռեց: Մասնակցել էր, բայց ասաց՝ չի հիշում ինչ առաջարկներ է ներկայացրել Բագրատյանը:

Մի քանի օր առաջ Լևոն Զուրաբյանն ասում էր՝ հստակ գիտեն, որ ՀԱԿ-ի հինգ պատգամավորներ, նրանց թվում նաև՝ Հրանտ Բագրատյանը, «ոչ»-ի դիրքորոշում ունեն: Լրագրողների հետ այսօրվա զրույցում 7 հոգանոց խմբակցության ղեկավարն արդեն չորս անուն նշեց:

«Դա ապահովում է և՛ քվորում, և՛ հնարավորություն ֆրակցիայի համար ընդունել միասնական դիրքորոշում: Այսինքն՝ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը և ես, մենք միանշանակ դեմ ենք և աշխարհն էլ քանդվի՝ մեր դիրքորոշման վրա դա ոչ մի ազդեցություն չի ունենա», - նշեց Զուրաբյանը:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է՝ Բագրատյանն այն գործիչներից է, ով ունի սկզբունքային առաջարկություններ, գնացել էր Բաղրամյան 26՝ դրանք ներկայացնելու. - «Ես չեմ կարող պարոն Բագրատյանի փոխարեն պատասխանել, թե նա կմտքափոխվի, թե չէ։ Համենայն դեպս, ես, իրեն ճանաչելով որպես օբյեկտիվ քաղաքական գործիչ, համոզված եմ, որ եթե կա օբյեկտիվություն և կա ճշմարտություն, որը Մասնագիտական հանձնաժողովը համոզի՝ նա կընդունի այդ համոզմունքները»:

Բաղդասարյանը ողջունում է Սահմանադրության նախագիծը քննարկողներին, չի ընդունում հենց այնպես «ոչ» ասողներին:

«Որոշ մարդկանց կողմից, ես չեմ ասի քաղաքական ուժերի, այլ որոշ անհատների կողմից, այնպես եղավ մատուցումը, որ ով որ հաճախում է Բաղրամյան, նա հաճախորդ է, դավաճաններ և այլն: Եվ հանրության մեջ, դուք գիտեք, վատ լուրերը ավելի լավ է սերմանվում, քան լավ առաջընթացները, բայց ինձ թվում է՝ աստիճանաբար արդեն հանրությունը դա կգիտակցի, և այս լսումները և խորհրդարանի այս քննարկումները շատ օգտակար են, որպեսզի հանրությունը իրականից ընկալի, թե ինչ է կատարվում և ինչին են միտված այս բարեփոխումները», - ասում է նա:

Նախագահի հետ հանդիպումներում ոչ մի դատապարտելի բան չի տեսնում «Ժառանգության» փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը, թեև կուսակցությունն օրեր առաջ մերժել էր Սերժ Սարգսյանի հրավերը․ - «Դու պետք է ասես՝ ինչու ես կողմ, ինչու ես դեմ: Եվ կներեք՝ դաշտի լյումպենացման պրոցես է գնում: Շատ վտանգավոր է այսօր այդ դաշտը բաժանել սևի և սպիտակի: Դա քաղաքական դալտոնիզմ է»:

Ի դեպ՝ Հակոբյանի դիրքորոշումը «Ժառանգության» դիրքորոշման հետ կապ չունի:

«Անձնապես ես «ոչ»-ի ճակատում չեմ», - ասում է նա:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG