Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի ակցիան այսօր առավոտյան ցրելու գործողության ընթացքում 48 ցուցարար տարվել է ոստիկանության Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Մաշտոցի բաժիններ, որտեղ արձանագրություններ են կազմել և բոլորը բաց են թողնվել, «Ազատության» հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։
Բաժիններ տարված բոլոր ցուցարարների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել:
Ոստիկանությունը այսօր առավոտյան ժամը 5։30-ի շրջանում բացեց Բաղրամյան պողոտան՝ բռնի ուժով տարածքից հեռացնելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին։
«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները երեկ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքից հետո անցնող երթի ժամանակ շեղվել էին նախապես տրամադրված երթուղուց և եկել Բաղրամյան պողոտա, որտեղ արդեն նրանց էր սպասում ոստիկանական պատը։
Ոստիկանությունը երեկ երեկոյան 6 ժամ՝ մինչև առավոտյան 5։00-ն ժամանակ տվեց ցուցարարներին պողոտան ազատելու համար՝ նշելով, որ «դեպի Բաղրամյան պողոտա իրականացված երթը, ինչպես նաև դրա երթևեկելի հատվածի շարունակական արգելափակումն անօրինական են, քանի որ անհամաչափորեն խաթարում են հանրության շահերը»։ Ցուցարարները ի պատասխան շարունակաբար պնդում էին, որ Բաղրամյան պողոտան փակել է հենց ոստիկանությունը, ոչ թե իրենք։
Տրված վերջնաժամկետից կես ժամ անց ոստիկանները տարածքից հեռացրեցին շղթա կազմած մի քանի տասնյակ ցուցարարներին։