Մատչելիության հղումներ

Հոսանքի թանկացման չեղարկումը պահանջող ցուցարարները կրկին փակեցին Բաղրամյան պողոտան


Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող հարյուրավոր ցուցարարներ այսօր կրկին փակեցին Երևանի Բաղրամյան պողոտան՝ պահանջելով չեղարկել հոսանքի ավելի քան 17 տոկոս թանկացումը։ Նրանք այս պահին շարունակում են մնալ պողոտայում և կոչ են անում մյուսներին միանալ իրենց։

«Քաղաքական ուժերին, անհատներին, շոու բիզնեսի ներկայացուցիչներին կոչ ենք անում գալ այստեղ, միանալ մեզ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը։

Նախաձեռնությունը քիչ առաջ տարածած հայտարարությունում պարզաբանում է.- «Կոչ ենք անում ժողովրդի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին, հայտնի մարդկանց շտապ գալ Բաղրամյան պողոտա, քանի որ խաղաղ ժողովրդի և ՀՀ ոստիկանների միջև բախումն անխուսափելի է։ Ոստիկանական ուժերն անհամար են, և այս անգամվա բախման հետևանքը կարող է ճակատագրական լինել։ Չկրկնենք անցյալի սխալները»։

Հուլիսին Բաղրամյան պողոտայի ցույցերը նախաձեռնած «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հայտարարել էր, որ իշխանություններն իրենց խաբել են։ Հայաստանում օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Թեև կառավարությունը հայտարարել էր, որ սակագնի ավելացված 6.93 դրամը կսուբսիդավորվի արտաբյուջետային միջոցներից՝ «Որոտան» կասկադի վաճառքի գումարից, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանը հստակեցրել է, որ սուբսիդավորում կտրամադրվի միայն քաղաքացիներին և ամսական մինչև 500 կՎտ էներգիա ծախսող փոքր և միջին ձեռնարկություններին։

«Սա ակնհայտ կեղծիք է, կառավարության բոլոր հայտարարությունները ենթադրում են, որ էլեկտրաէներգիան շատ շուտով կթանկանա բոլորիս համար»,- Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց Մաքսիմ Սարգսյանը։

Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքին հետևեց ցուցարարների երթը։ Ըստ քաղաքապետարանի արտոնագրի՝ երթը պետք է անցկացվեր Սայաթ-Նովա, Աբովյան, Ամիրյան փողոցներով և Մաշտոցի պողոտայով, ավարտվեր Ազատության հրապարակում, սակայն ակտիվիստները շեղվեցին նախապես արտոնված երթուղուց և վազելով մտան Բաղրամյան պողոտա։ Պողոտայի սկզբնամասում ցուցարարներին դիմավորեց ոստիկանական պատը: Այս պահին պողոտան շարունակում է փակ մնալ, ոստիկանությունը ցուցարարներին թույլ չի տալիս առաջ գնալ:

Կազմակերպիչներն ասում են, որ այս անգամ պայքարելու են այնքան ժամանակ, մինչև սակագինը բարձրացնելու որոշումը չեղարկվի։ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը վստահեցրել էր, որ քաղաքացիներն անօրինական գործողությունների չեն դիմի:

Մինչդեռ ոստիկանությունը հայտարարեց, որ պողոտայի երթևեկելի հատվածը չազատելու դեպքում հասարակական կարգ խախտողները կենթարկվեն պատասխանատվության: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով՝ ցուցարարները խախտել են «Հավաքների ազատության մասին» օրենքի դրույթները և սահմանափակում են քաղաքացիների ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունքը, նաև շեղվել են նախապես արտոնված երթուղուց։

«Եթե Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասը չազատեք, ոստիկանությունը իրավունք ունի ուժ կիրառելու՝ պողոտան բացելու և երթևեկությունը վերականգնելու համար»,- հայտարարեց Օսիպյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG