Մատչելիության հղումներ

«Ոչ»-ի ուժերը նախաստորագրեցին «Հանրային փրկության ճակատ» ձևավորելու հայտարարությունը


Սահմանադրական բարեփոխումներին «Ոչ» ասող մի շարք քաղաքական և քաղաքացիական ուժեր այսօր հայտարարեցին «Միասնական հանրային փրկության ճակատ» ձևավորելու անհրաժեշտության մասին: Հայտարարեցին ու հենց միասնական գրված նախագծի առաջին նախադասության շուրջ թեժ բանավեճի բռնվեցին:

«Վերջ տվեք, էլի, Ձեր նպատակը հետևյալն է՝ վարչախմբի հեռացում չլինի, մենք պայմանավորվել ենք, համաձայնել ենք այս բոլոր կետերի վերաբերյալ»,- «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանին էր հանդիմանում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

Որոշակի խմբագրական ուղղումներից հետո ընթերցվեց նախագծի երկրորդ պարբերությունը. ներկաների նյարդերն այստեղ էլ տեղի տվեցին, գործը հասավ անգամ փոխադարձ վիրավորանքների։

Պարույր Հայրիկյանին զայրացրեց Հմայակ Հովհաննիսյանի այս միտքը, թե «շաբաթ օրը «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը միասնական ճակատի համախմբում է նախատեսում, որտեղ դուք կտեղավորվեք»։

«Որտեղ ես եմ տեղավորվում, դու ոչ էլ կտեղավորվես, ճստի՛կ, չհամարձակվեք մեկ էլ ինձ վիրավորել»,- ասաց Հայրիկյանը։

Ներկաները ընդամենը երկու էջանոց նախագծի շուրջ բանավիճեցին մոտ 4 ժամ, վերջում էլ հայտարարեցին՝ հանրային փրկության ճակատը դեռ պատրաստ չէ միավորման։

«Դուք երևի համատեղ թուղթ քննարկելու փորձ չունեք»,- ասաց Հայրիկյանը։

«Պարոն Հայրիկյան, անակնկալներ մի արեք, էլի»,- հորդորեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Այսօրվա քննարկմանը մասնակցում էին «Հիմնադիր խորհրդարանը», «Ազգային ինքնորոշում» միավորումը, «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը և Քաղաքագետների միությունը։

Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով՝ շտապել պետք չէ, միասնական ճակատի ձևավորման համար անհրաժեշտ է համախմբել սահմանադրական բարեփոխումներին «Ոչ» ասող բոլոր ուժերին։

«Մենք խնդիր ունենք լայն կոնսոլիդացիա ապահովելու, մենք չենք սահմանափակվելու միայն ընդդիմադիր դաշտից 6-7 ուժեր ներգրավելով, մենք այս իմաստով լինելու ենք բավական հավակնոտ։ Այն բոլոր ուժերը, որոնք 2008 թվականի մարտի 1-ի հայտնի ոճրագործությանը մեղսակցություն չեն ունեցել, ուզում ենք տեսնել այս ճակատը ձևավորելու մեջ»,- ասաց Սեֆիլյանը։

ԱԻՄ-ի առաջնորդ Պարույր Հայրիկյանը, մինչդեռ, կարծում է՝ այլ ուժերի սպասել պետք չէ, ցանկություն ունեն՝ թող գան, միանան։

«Ես իրենց բոլորին հրավիրել եմ, իրենք ինձ չեն հրավիրել։ Հիմա դուք ուզում եք, որ ես ինձ չհրավիրողներին ենթարկվեմ, իմ հիսուն տարվա փորձառությունը զրոյացնե՞մ։ Ինչո՞ւ եք ուզում զրոյացնել մեր այս ամբողջ աշխատանքը։ Մեր աշխատանքի իմաստն այն էր, որ մենք շուտափույթ գործ կատարենք։ Լա՛վ գործ է, ու եթե գիտես, որ դա լավ գործ է, պիտի անմիջապես անես»,- ասաց Հայրիկյանը։

Այնուամենայնիվ, մեկ հարցում այսօրվա հանդիպմանը մասնակից ուժերը համակարծիք էին՝ սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտ է տապալել նախքան հանրաքվեն։

«Սեղանի շուրջ նստած մարդկանց զգալի մասը, համոզված եմ, այն կարծիքին է, որ այս ռեժիմի օրոք ընտրական որևէ գործողություն կատարել հնարավոր չէ։ Մենք անիմաստ ենք համարում մասնակցել հանրաքվեին այս բռնատիրական ռեժիմի օրոք»,- հայտնեց Սեֆիլյանը։

Մի քանի ժամ տևած բանավեճից հետո կլոր սեղանին մասնակից ուժերը, այդուամենայնիվ, որոշեցին «սկզբունքորեն դեմ չենք» վերտառությամբ նախաստորագրել «Հանրային փրկության ճակատ» ձևավորելու հայտարարության տակ։ Նախագծի վերջնական տարբերակն էլ խոստացան հստակեցնել մինչև սեպտեմբերի 21-ը։

XS
SM
MD
LG