Մատչելիության հղումներ

«Չե՛ք անցկացնի» շարժումն ավարտել է բանակցությունները քաղաքական ուժերի հետ


«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյան
«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյան

Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» շարժումն ավարտել է բանակցությունները քաղաքական ուժերի հետ՝ պատրաստվելով առաջիկա համաժողովին, որտեղ հրապարակելու են «Ոչ»-ի միասնական ուղերձը:

Նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանի փոխանցմամբ, իրենց հետ պայքարելու պատրաստակամություն են հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը, Ստեփան Դեմիրճյանի՝ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնած Հիմնադիր խորհրդարանը: Պատասխանի են սպասում նաև փոփոխությունները մերժող Հրանտ Բագրատյանի «Ազատություն» և Րաֆիի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցություններից:

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության հավաքին մասնակցելու են նաև փաստաբաններ, քաղաքացիական շարժումներ, դրական պատասխան կա «Ո՛չ թալանին»-ից, գուցե միանա «Ոտքի՛ Հայաստան»-ը:

Համաժողովը, Մուսախանյանի փոխանցմամբ, կենտրոնանալու է ոչ թե հրապարակված նախագծի բովանդակության, այլ այն քաղաքական մթնոլորտի վրա, որում իշխանությունները ուզում են անցկացնել հանրաքվեն․ - «Ընտրությունները կեղծվել են, և ընտրությունների նկատմամբ չկա վստահություն հանրության մոտ: Սահմանադրական փոփոխություններ նշանակում է հանրաքվե և ընտրական պրոցես: Ոչ լեգիտիմ իշխանությունները իրավունք չունեն ոչ մի առումով նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ: Սերժ Սարգսյանը իր գործիչների հետ կազմակերպում է ֆոտոսեսիա, մենք էլ փորձելու ենք իսկապես ընդդիմադիր ուժերի և միավորների հետ դիմադրության ճակատ ստեղծել»:

Հռչակելով «Ոչ»-ի շարժման մեկնարկը` երիտասարդները օգտվելու են պայքարի տարբեր միջոցներից: Այցելելու են մարզեր, առաջին հանրահավաքը ամենաըմբոստ քաղաքի համբավն ունեցող Գյումրիում կլինի, ապա ցույցեր խորհրդարանի դիմաց՝ բարեփոխումների փաթեթի քննարկմանը զուգահեռ: Բացառված չէ մեծ հանրահավաքի անցկացումը Երևանում․ - «Եթե անգամ քաղաքական վերջին շրջանի տարբեր հարցերի շուրջ եղել են տարակարծություններ, բայց բոլորը շատ լուրջ են վերաբերվում այս մարտահրավերին և ամեն տարաձայնություն փորձում են դնել մի կողմ և միավորվել «Ոչ»-ի շուրջը»:

Նախաձեռնության համակարգող Դավիթ Հովհաննիսյանն իրենց պայքարը փուլերի է բաժանում․ առաջին խնդիրը՝ անել հնարավորը, որպեսզի բանը չհասնի հանրաքվեի․ - «Իշխանությունները ամեն ինչ անելու են, որպեսզի կեղծեն հանրաքվեն: Մենք հիմա փորձում ենք այդ համախմբման միջոցով ստանալ առավելագույնս մոբիլիզացված հրապարակ, որպեսզի դա այնպիսի ճնշում լինի իշխանության վրա, որ իշխանությունը հրաժարվի»:

Հովհաննիսյանը բացատրում է, թե ինչու չարժե հավատալ Սերժ Սարգսյանի այն խոսքերին, իբր ինքը չի հավակնում նախագահի, վարչապետի ու խորհրդարանի խոսնակի աթոռներին․ - «Այդ դեպքում ո՞ր նպատակից ելնելով է նա փորձում այդ փոփոխությունները նախաձեռնել: Արդյո՞ք մարդ, որը եկել է իշխանության ընտրությունները կեղծելու միջոցով, եկել է Մարտի 1-ի միջոցով, այդպիսի բարի նպատակներ ունի, որ որևէ դրական բան անի: Իհարկե ո՛չ: Այդ ամեն ինչը արվում է իր անձնական իշխանության վերարտադրության համար: Ընդամենը երկու ամիս առաջ Սերժ Սարգսյանը խոստացավ, որ մինչև աուդիտի անցկացումը էլեկտրաէներգիայի թանկացված մասը պետք է սուբսիդավորվի: Բայց հիմա մենք տեսնում ենք, որ այնպես չեղավ, ինչպես որ խոստացվել էր»:

XS
SM
MD
LG