Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը Սահմանադրության փոփոխությունների նախագծում «ականներ» է տեսնում


Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, Սահմանադրության նոր նախագծում բազմաթիվ դրական փոփոխություններ տեսնելով հանդերձ, նշում է՝ կան ականներ, որոնք կարող են պայթել։

Օմբուդսմենը եզրակացություն է հրապարակել՝ մարդու իրավունքների, դատական իշխանության ու մարդու իրավունքների պաշտպանի մասին գլուխներում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ։

«Ցավալի մի ճշմարտություն կա այս ամբողջ գործընթացում: Ո՛չ լավն է, ո՛չ վատն է, որովհետև ընդհանրական որևէ գնահատական տալը միայն քաղաքական կողմնորոշման նշան է», - ասում է Անդրեասյանը:

Մարդու իրավունքների մասին գլխում, օրինակ, օմբուդսմենը դրական է համարում այն, որ դատական սխալի պատճառով պատժված անձը իրավունք կունենա պետությունից փոխհատուցում ստանալ։ Նաև ճիշտ է համարում Սահմանադրությամբ ամրագրելը, որ կանայք և տղամարդիկ իրավահավասար են։

Կարեն Անդրեասյանը, սակայն, մտահոգված է, որ նախագծից դուրս են մնացել գործող Սահմանադրությամբ ամրագրված՝ պետության պարտավորությունները մայրության ու մանկության հովանավորման, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության և բնության պահպանության բնագավառներում։

«Այսինքն, մենք նորից պնդում ենք, որ կան խնդիրներ, որոնք դու, այսօր սահմանելով քո Սահմանադրության մեջ, ուղենիշ ես տալիս քո հանրությանը, որ դու ձգտում ես դեպի այդ բարձունքը: Այլ բան է, որ կարելի է ասել՝ հանենք, որովհետև դրանք խաբուսիկ բարձունքներ են և մարդիկ հիասթափվում են․ գրված է, բայց դա չկա», - պարզաբանում է օմբուդսմենը:

Նա նաև մտահոգություն ունի, որ այս նախագծի ընդունման դեպքում Սահմանադրությամբ չեն ապահովվի անհիմն խուզարկությունից պաշտպանվելու երաշխիքները․ - «Հանվել է այն դրույթը, որը լրացուցիչ երաշխիք էր բոլորիս համար: Հիմա այդտեղ համարել են, որ այլ կարգավորումով դա կլուծվի»:

Դատական իշխանությանը վերաբերող բաժնում, ըստ Կարեն Անդրեասյանի, դրական է մի շարք դատավորների պաշտոնավարման ժամկետների սահմանափակումը, բայց օմբուդսմենն առաջարկում է Հիմնական օրենքը կատարելագործել՝ ամրագրել, որ բարձրագույն դատական խորհրդում պետք է ընդգրկվեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Բացի այդ, նա սխալ է համարում, որ խորհրդարանական մեծամասնությունը միայնակ պետք է ընտրի դատավորներին։

«Մարդու իրավունքների պաշտպանը» գլխում նշվում է, որ օմբուդսմենի տարեկան զեկույցը պետք է ուղարկվի Ազգային ժողով։ Այնինչ գործող օրենսդրությամբ զեկույցն ուղարկվում է երկրի նախագահին, կառավարությանը, Ազգային ժողով, հասարակական կազմակերպություններին և ԶԼՄ-ներին։

«Հնարավոր է՝ ապագայում ստացվի, որ ես իմ զեկույցը ուղարկում եմ Ազգային ժողով, իսկ այնտեղ դա որոշում են չհրապարակել կամ չլսել, և այդ զեկույցը մնում է փոշոտ որևէ գրադարակում: Այդ իմաստով ես անհանգստություն ունեի, որ անպայման պահպանվեն այսօրվա կարգավորումները: Եթե որոշում են Սահմանադրությամբ ամրագրել, թե ես ում եմ ներկայացնում զեկույցը, ապա նվազագույնը պահպանվի նաև հասարակական կազմակերպություններին և զանգվածային լրատվության միջոցներին, բացի Ազգային ժողովից», - ասում է Անդրեասյանը:

Նույն գլխում ամրագրվում է, որ օմբուդսմենը հրապարակային ելույթներում քաղաքական զսպվածություն պետք է ցուցաբերի։ «Զսպվածությունը» Կարեն Անդրեասյանն առաջարկում է փոխարինել «քաղաքական չեզոքություն» արտահայտությամբ․ - «Կարծում եմ՝ ցանկությունը ոչ թե օմբուդսմենին զսպաշապիկ հագցնելն է, այլ ցանկություն է, որպեսզի օմբուդսմենը գործի միջազգային ստանդարտներին համապատասխան, այսինքն՝ պահպանի քաղաքական չեզոքություն: Մենք մեր պաշտոնավարման ողջ ընթացքում պահպանել ենք այդ միջազգային ստանդարտը, և օմբուդսմենը երբեք մասնակից չի եղել քաղաքական խաղերի, քաղաքական խարդավանքների»:

Նույն՝ քաղաքական չեզոքությունը պահպանելու նպատակով Անդրեասյանը այսօր հրաժարվեց գնահատել, թե նախագծի՝ իր դիտարկած 3 գլուխներում ավելի շատ առաջընթա՞ց, թե՞ հետընթաց կա. - «Կան այնպիսի ականներ, որոնք, եթե պայթեն, հետո իսկապես կվատացնեն մարդու իրավունքների վիճակը: Մենք դրանց մասին նշել ենք, և շատ կոնկրետ՝ հատ առ հատ ենք նշել, և կան այնպիսի խնդիրներ, որոնք ուղղակի ֆոբիաների արդյունք են, որ՝ եթե հանկարծ այսպես լինի, վաղը մյուս օր բոլորից խլելու են սեփականությունը կամ բոլորին սպանելու են փողոցներում: Եթե ձեռք է տրվելու մեր այսօրվա Սահմանադրությանը, ապա այն պետք է արվի հնարավորինս այնպես, որ մարդիկ հասկանան ինչին են կողմ կամ դեմ քվեարկում։ Այդ աշխատանքը մենք փորձել ենք անել շատ հստակ, ըստ կետերի ներկայացնելով»:

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG