Մատչելիության հղումներ

Պուտին-Սարգսյան հանդիպմանը «հայկական կողմի համար ոչ բարենպաստ պայմանավորվածություն ձեռք չի բերվի»


ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ

Մոսկվայում այսօր կայանալիք Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպման ընթացքում հայկական կողմի համար ոչ բարենպաստ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվի, այսօր «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ վստահեցնելով, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում որևէ պարտադրանք հայկական կողմին լինել չի կարող։

«Հայաստանին նման պարտադրանք չի կարող լինել և Հայաստանը պարտադրվող չէ։ Խնդրում եմ չքննարկել տարածքների վերադարձման հետ կապված հարցը, փոխզիջումային տարբերակի հետ կապված չի բացառվում, որ կլինեն քննարկումներ»,- ասաց Բաղդասարյանը.- «Բայց պարտադրանքը բացառում եմ, նախ չի լինի նման երևույթ, և կարծում եմ, որ մենք պարտադրվող չենք։ Մենք որևէ անգամ չենք խուսափել, որ բանակցենք, թե ինչ արժե այդ գինը, բայց պետք է դրա արժեքը իմանանք, թե ինչ է առաջարկվում»։

«Ռուսաստանը՝ որպես մեր ստրատեգիական գործընկեր, կարող է իր առաջարկություններն անել, պարզապես քննարկել, բայց այդ քննարկումը չի կարող միայն հայաստանյան կողմի հետ լինել, դա պետք է լինի երկկողմ, նաև պետք է ադրբեջանական կողմի հետ լինի»,- ասաց նա։

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ այս փուլում ռուսական կողմը կարող է ոչ հայանպաստ առաջարկ անել, Հանրապետականի ներկայացուցիչն արձագանքեց.- «Ես չեմ կարծում, որ նման առաջարկ կլինի, բայց նման կրիտիկական պահերին որոշում կայացնողը Արցախի ժողովուրդն է»։

«Ես խնդրում եմ բացառել այդ «ճնշումներ, պարտադրանքներ» տերմինալոգիան, մեր բանակցությունները մեր ռազմավարական գործընկերների հետ գտնվում են բարիդրացիական հարաբերությունների մեջ, և այնտեղ լինում են փոխըմբռնման առաջարկություններ և համաձայնություններ»,- նշեց Բաղդասարյանը։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից ներկայացվող հնարավոր նոր առաջարկներին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց՝ չի ցանկանում ենթադրություններով շարժվել։

«Համենայնդեպս, ձեր մտահոգությունները կարող եմ փարատել, որ մեզ համար ոչ բարենպաստ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվի»,- շեշտեց Բաղդասարյանը։

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավարի փոխանցմամբ՝ Պուտին-Սարգսյան այսօր կայանալիք հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել վաղուց, երբ դեռ հայ-ադրբեջանական, նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վիճակը լարված չէր. այնպես որ սահմանում ստեղծված իրավիճակի և այս հանդիպման միջև ուղղակի կապ չկա, ընդամենը զուգադիպություն է, ասաց նա։

Հայկական բնակավայրերի ինտենսիվ գնդակոծությունները, Վահրամ Բաղդասարյանի համոզմամբ, ավելի շատ պայմանավորված են Ադրբեջանի ներքին խնդիրներով. Իլհամ Ալիևը այդ կերպ փորձում է շեղել իր ժողովրդի ուշադրությունը տնտեսական լրջագույն խնդիրներից: Ամեն դեպքում, իշխող խմբակցության ղեկավարը չի կարծում, որ սահմանային բախումները կվերաճեն պատերազմական գործողությունների: Մինչդեռ երեկ Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ «Բաքուն որդեգրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու հանցավոր մարտավարություն»:

Ղարաբաղյան խնդրից բացի, Պուտին-Սարգսյան հանդիպման օրակարգում նաև Եվրասիական տնտեսական միությանն առնչվող հարցերն են: Արձագանքելով այն դիտարկմանը, որ այդ դաշինքին անդամակցելուց հետո հայաստանցի գործարարները միայն խոսում են կորուստների և վնասների մասին, իշխող Հանրապետականի խմբակցության ղեկավարը ընդունում է՝ ղրիմյան դեպքերին հաջորդած տնտեսական պատժամիջոցներից հետո արտահանումը դեպի Ռուսաստան կտրուկ նվազել է, բայց պետք է համբերել:

«Բնականաբար, ամեն ինչ միանգամից չի լինում։ Սա նոր ծնված երեխա է, այս ընտանիքը նոր ընտանիք է, կայացման համար ժամանակ է պետք։ Պետք է համբերել, համենայնդեպս, այն ուղղությունը, որ ընտրել ենք, մենք համարում ենք ճիշտ, և ժամանակի ընթացքում դրա արդյունքները պետք է քաղենք։ Իրոք կա խնդիր, կա պրոբլեմներ, բայց եթե մենք պետք է խնդիրների, պրոբլեմների ժամանակ փախչենք ու միայն լավ արդյունքների ժամանակ մնանք, ինձ թվում է՝ դա այնքան ազնիվ պարտնյորություն չէ, ազնիվ ընկերություն չէ»,- ասաց Բաղդասարյանը։

Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Եվրասիական միության շրջանակներում իրականություն դառնա նաև Կրեմլի առաջ քաշած գաղափարը առևտուրն առանց ամերիկյան տարադրամի իրականացնելու մասին, Վահրամ Բաղդասարյանը նշեց , որ նման առաջարկ և քննարկում չի եղել, բայց և ոչինչ չի բացառում:

«Ընդհանուր առմամբ քաղաքականության մեջ ոչինչ չեմ կարող բացառել, բայց եթե լինի նման խնդիր, մասնագետների կլինեն քննարկումներ, կնայենք նաև մեր շահերը, յուրաքանչյուր համաձայնության մեջ յուրաքանչյուր պետություն նայում է իր շահերին, իսկ մենք տեր ենք մեր շահերին», - ասաց իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը։

XS
SM
MD
LG