Հայաստանի և Ռուսաստանի նախագահների այսօրվա հանդիպման օրակարգում առաջնային թեման, ըստ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի, պետք է լինի վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող լարվածությունը։
«Սերժ Սարգսյանի այցի ընթացքում թերևս լարվածության նոր աճը կլինի քննարկման առարկա։ Ինչ է պլանավորում Ռուսաստանն այս առումով՝ կարելի է բազում ենթադրություններ անել, բայց, համենայն դեպս, տարածաշրջանի վրա ազդելու և իր դոմինանտությունը ընդգծելու համար, կարծեք թե, նրան չափազանց պետք է լարվածության աճը, որը բանակցային գործընթացի թիվ մեկ խոչընդոտներից մեկն է մնում, դրա արդյունքում նա կարողանում է կողմերից կորզել որոշումներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
Անցած շաբաթ իրավիճակն աննախադեպ լարված էր հատկապես Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում. ադրբեջանական զինուժը, գործածելով խոշոր տրամաչափի զինատեսակներ, տևական ժամանակ գնդակոծում էր հայկական գյուղերը։
Քաղաքագետը նկատում է՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, որը, մի շարք միջպետական պայմանագրերի համաձայն, առանձին ռազմական իրադրությունների ժամանակ պարտավոր է աջակցել գործընկերոջը։ Սաֆարյանի խոսքով, սակայն, Սերժ Սարգյանն այսօր դժվար թե հիշատակի այս պայմանագրերը։
«Եթե այս իրավիճակում անգամ Սերժ Սարգսյանը հրաշքով համարձակություն ստանա շատ ճակատային և բաց տեքստով դնելու նման խնդիրներ Ռուսաստանի նախագահի առաջ, ապա հասկանանք, որ դրա դիմաց Ռուսաստանը նորից գին է պահանջելու, և չբացառենք, որ հենց հաշվարկը դրա մեջ լինի, այսինքն՝ մեծացնել կողմերի վախերը, դրդել նրանց որոշակի խնդրանքներ հղելուն առ Մոսկվա և իր աջակցության համար, իր դաշնային պարտավորությունները կատարելու համար պահանջել ավելին», - ասաց Սաֆարյանը։
Հաշվի առնելով վերջին օրերին կրկին թափ առնող պայքարը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ՝ Սաֆարյանը կարծում է, որ Սերժ Սարգյանն ու Վլադիմիր Պուտինն այսօր կքննարկեն նաև ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հարցը։
«Ստեղծված իրավիճակում և միտումների պայմաններում ո՛չ հայկական կողմն է կարծես թե պատրաստ մարսել դա, և առաջին հերթին հասարակությունը, և ո՛չ էլ Ռուսաստանն է կարող շարունակել նույն ձև ճնշել Հայաստանին։ Հետևաբար, այդ խնդիրը պետք է լուծվի, և ակնհայտորեն աուդիտի խնդրով պետք է գան պայմանավորվածությունների», - ասաց փորձագետը։