Մատչելիության հղումներ

Այսօր Մոսկվայում կկայանա Սարգսյան - Պուտին հանդիպումը


Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Մոսկվայում, 8-ը մայիսի, 2014թ․
Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Մոսկվայում, 8-ը մայիսի, 2014թ․

Հանդիպմանը նախևառաջ քննարկվելու է ղարաբաղյան խնդիրը։

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Սերժ Սարգսյանի ղեկավարած պատվիրակության կազմում են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, մինչ Պուտինի հետ հանդիպումը Սերժ Սարգսյանը հանդիպել է նաև ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ։

Պուտին - Սարգսյան հանդիպմանը քննարկվելու է նախևառաջ ղարաբաղյան խնդիրը, այդ թվում՝ նաև Սարգսյան - Ալիև հնարավոր հանդիպումը, որը կարող է կայանալ արդեն այս ամիս Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում։

Ամենայն հավանականությամբ, Սարգսյան - Պուտին հանդիպմանը հայկական կողմին որոշ մանրամասներ հայտնի կդառնան նախօրեին Բաքվում կայացած ռուս - ադրբեջանական բանակցություններից։

Հիշեցնենք, Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հույս էր հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում առաջընթաց կգրանցվի, իսկ մինչ այդ՝ հուլիսին, Մոսկվայում Մամեդյարովի հետ հանդիպմանը Ռուսաստանի արտգործնախարարը նաև ասել էր, որ պետք է ինտենսիվացնել Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունները։

Իսկ Սարգսյան - Պուտին հանդիպմանը, բացի ղարաբաղյան խնդրից, երկրորդ կարևոր հարցը Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո ստեղծված իրավիճակն է, երբ ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի հետևանքով նվազել է։

Կարելի է նաև ակնկալել, որ հանդիպմանը կքննարկվի Կրեմլի առաջ քաշած գաղափարը, որ Եվրասիական միության շրջանակներում առևտուրն իրականացվի առանց ամերիկյան տարադրամի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG