«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքի ժամանակ ոստիկանության աշխատակցի կողմից տարեց ակտիվիստ Հակոբ Նազարի-Դեխնավիին ապտակելու դեպքի առթիվ հարուցվել է քրեկան գործ։
«Քաղաքացի Հակոբ Նազարի-Դեխնավին հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ նույն վայրում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակիցներից մեկն իրեն ապտակել է՝ կոտրելով ականջում տեղադրված լսողության սարքը, ինչի արդյունքում ստացել է մարմնական վնասվածք։ Հակոբ Նազարի-Դեխնավին հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն», - ասված է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունում:
Հիշեցնենք,«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքի ժամանակ ոստիկանության ավագ լեյտենանտ Ա․ Վարդգեսյանը ապտակել էր հանրահավաքի 67-ամյա մասնակցին։ Դեպքից հետո ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով դադարեցվել են ոստիկանի լիազորությունները և նշանակվել է ծառայողական քննություն։ Սակայն ոստիկանի գործով սկսված ծառայողական քննությունը ոստիկանապետի ցուցումով կասեցվել է։