Ամիսներ առաջ Երևանի Բաղրամյան պողոտայում հազարավոր մարդկանց առաջնորդող ակտիվիստներից մեկը՝ Վաղինակ Շուշանյանը, հայտարարում է «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը լքելու մասին՝ անձնական պատճառներով։
Նույն հիմնավորմամբ հայտարարություն է տարածել նաև «Ո՛չ թալանին» շարժումը։
Այսօր «Ազատության» հետ զրույցում Շուշանյանը կտրականապես հերքեց տարածված լուրերը, թե նախաձեռնության անդամների հետ խնդիրներ ունի։
«Տանը աշխատող տղամարդ միայն ես եմ, մայրս հաշմանդամ է՝ չի աշխատում, քույրս էլ ջահել աղջիկ է, իր աշխատածը հազիվ իրեն է հերիքում: Իսկ ես ունեմ վարկեր, ունեմ վարձակալության վճարելու գումար, որոնք պետք է փակել», - պատմեց ակտիվիստը:
Մոտ երկու ամիս առաջ Բաղրամյան պողոտայում նստացույցի մեկնարկի ժամանակ Շուշանյանը սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից։ «Ազատության» հետ զրույցում նա ասել էր, որ նոր աշխատանքի մասին կմտածի հոսանքի թանկացման դեմ պայքարում հաջողության հասնելուց հետո միայն, մինչդեռ այսօր ասաց, որ անձնական խնդիրները լուծելու համար ժամանակ է պետք: Այժմ նա նոր աշխատանք է գտել՝ մայրաքաղաքի սրճարաններից մեկում մատուցող է աշխատում։
«Ժամանակավոր բնույթ է կրում, շատ հնարավոր է՝ ժամանակի ընթացքում, մոտ երկու ամիս հանգստանալուց հետո, ես նորից վերադառնամ նախաձեռնություն: Այդտեղ ոչ մի խնդիր չկա», - ասում է նա:
«Ո՛չ թալանին» նախաձեռնությունում Շուշանյանի որոշումը հասկանում են։ Ըստ նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանի՝ թեև նման քայլի չէին սպասում, բայց ընդունեցին ընկերոջ որոշումը, քանի որ Վաղինակը չէր հասցնում լիարժեք մասնակցել խմբի համակարգման աշխատանքներին։ Մաքսիմ Սարգսյանը տարաձայնությունների մասին խոսակցությունները ծիծաղելի է համարում։
«Ցանկացած դեպքում, երբ որ մեկը հանկարծ դուրս է գալիս, ասում են՝ ա՛յ, տարաձայնություններ են, պառակտում․․․ մենք անգամ հումորներ ենք անում այդ մասով, որովհետև ծիծաղելի է դա, ինչքա՞ն կարելի է նույն տափակ վարկածը անընդհատ պտտել», - ասում է նա:
Մաքսիմի խոսքով՝ Վաղինակի հեռանալը նախաձեռնության ծրագրերի վրա չի ազդի, կարծում է, որ սա ազդեցություն չի ունենա նաև իրենց համակիրների վրա։
«Վաղինակը լիդեր չէ, որևէ մեկը դուրս չի եկել, որ Վաղինակը դառնա ինչ-որ պաշտոնատար անձ ու իրենց համար ինչ-որ բան անի: Դուրս եկող մարդը պիտի գիտակցի, որ դուրս է եկել իր իրավունքների համար ու հերթական անգամ պիտի էլի դուրս գա, անկախ նրանից՝ Վաղինակը համակարգող խմբում կլինի, թե ուղղակի կողքը կանգնած կլինի, ինչպես մեր մնացած ընկերները», - նշում է ակտիվիստը:
Մաքսիմ Սարգսյանի խոսքով շուտով «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը կրկին փողոց դուրս կգա, այժմ ինֆորմացիա են հավաքում, տարբեր գերատեսչությունների նամակներ են ուղարկել, էներգետիկ ոլորտի և աուդիտի հետ կապված հարցերի պատասխաններ են ակնկալում։
«Նախաձեռնությունը ակտիվ փուլում է: Փողոցային պայքարում այս պահին որոշակի դադար կա, դա էլ՝ ինֆորմացիոն զինվածություն ապահովելու համար է արվում», - ասում է Սարգսյանը: