Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքի բակում վաղ առավոտից լարված իրավիճակ էր: Հարազատները փորձում էին գոնե պատուհանից տեսնել լուսադեմին Բաղրամյան պողոտայից ու Ազատության հրապարակից բերման ենթարկվածներին, ոմանք ժամեր շարունակ որևէ լուր չէին կարողանում ստանալ հարազատների մասին: Միայն կցկտուր տեղեկություններ ունեին, որ նրանք բերման են ենթարկվել, այտուցներով, կապտուկներով ու սալջարդերով: Ոստիկանները խոչընդոտում էին նաև լրագրողների աշխատանքը՝ հրելով դուրս բերելով նրանց շենքից:
Առավոտից այստեղ էին ակտիվիստ Եղիա Ներսեսյանը, Վաղինակ Շուշանյանը, Գյումրիի «ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Ցավից մի կերպ ոտքի վրա կանգնող Եղիա Ներսեսյանին ոստիկանության շենքում աթոռ տրամադրեցին միայն Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչի միջնորդությունից հետո: Փաստաբաններից մի քանիսն էլ ներս կարողացան մտնել միայն ոստիկանական բաժանմունք եկած պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ:
Ընդդիմադիր պատգամավորը ներսում հանդիպել էր բերման ենթարկված անչափահասի, ԱՄՆ-ի քաղաքացու և կանանց: Փաշինյանի տեղեկություններով, միայն այս բաժանմունք 55 ակտիվիստ է բերման ենթարկվել, ընդ որում՝ նրանց պահել են օրենքով նախատեսված առավելագույն ժամկետից՝ 3-6 ժամից ավելի:
Ապօրինի որակելով ոստիկանության այդ գործողությունները՝ Փաշինյանն ասաց՝ իրեն վստահեցրել են, որ բոլոր բերման ենթարկվածները վկայի կարգավիճակ ունեն և ցուցմունք տալուց հետո պետք է ազատ արձակվեն:
«Հիմա 3 ժամը լրացել է: Իրենց բացատրությունով և քանի որ քրեական գործ է հարուցված, էդ քրեական գործում պետք է կարգավիճակները ճշտել: Ենթադրում եմ՝ կամ բացարձակ ապօրինություն է, կամ եթե ինչ-որ ձևակերպում տրվել ա պիտի որ նրանց կամ կասկածյալի, կամ որպես վկա հարցաքննելու պրոցեդուրա պետք է իրականացնել: Այսինքն՝ դե յուրե նրանց 3 ժամից ավելի պահելու որևէ բան չկա», - ասաց Փաշինյանը:
Մեր նկարահանման պահին երեք հոգի՝ ոստիկանության բաժանմունքից տեղափոխվեցին հիվանդանոց:
6 ժամից ավելի ոստիկանության բաժանմունքում պահելուց հետո ոստիկանները դուրս էին բերում բերման ենթարկվածներից երկու-երեք հոգու, նստեցնում մեքենաներն ու տանում Նարկոլոգիական կլինիկա՝ սթափություն ստուգելու համար:
Բակում հավաքված ակտիվիստների հարազատները դժգոհում էին՝ ժամեր շարունակ սոված-ծարավ պահելուց հետո ինչպես են սթափություն ստուգում: Ոմանք հրաժարվում էին այդ ստուգումներն անցնել և ներկաների օգնությամբ շրջանցում ոստիկաններին:
Այսօր ավելի վաղ ոստիկանությունից ազատությանը փոխանցել էին, որ նախնական տվյալներով բաժանմունքներ են տարվել 200-ից ավելի ակտիվիստներ և որ կա նաև մարմնական վնասվածք ստացած 11 ոստիկան:
Գլխավոր դատախազության հայտարարությունում ասված է․ - «Հարուցվել է քրեական գործ` ՀՀքրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն»: Մինչև այս պահը Քննչական կոմիտեն պաշտոնապես չի հաղորդում՝ 200-ից ավելի բերման ենթարկվածներից որևէ մեկը հարուցված քրեական գործով ներգրավված է որպես վկա, թե՞ կասկածյալ: