Չնայած ակտիվիստների պահանջներին, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող գյումրեցի Կարեն Պետրոսյանի նկատմամբ առաջադրված խուլիգանության մեղադրանքը չի կարճվում:
Ուրբաթ օրը լրանում է արդեն երկրորդ անգամ երկարաձգված վերջնաժամկետը, որ ակտիվիստները տվել էին իշխանություններին այս հարցն իրավական ճանապարհով լուծելու համար: Հունիս 23-ին Երևանում և Գյումրիում ոստիկանություն բերման ենթարկված 250-ից ավելի ակտիվիստներից միայն Կարեն Պետրոսյանի նկատմամբ է մեղադրանք առաջադրվել:
Կարեն Պետրոսյանի շահերի պաշտպան Արամայիս Հայրապետյանը նախաքննական մարմնի որոշ գործողություններ բողոքարկել էր: Շիրակի մարզի դատախազությունը, սակայն, բողոքներից միայն մեկն է բավարարել: Փաստաբանը հիմա դատախազության մերժման որոշումները վիճարկում է դատարանում։
Արամայիս Հայրապետյանն ասում է.- «Այս պահի դրությամբ մեղադրանքը կա, սակայն ամենայն հավանականությամբ կկարճվի, որպես իրավաբան՝ ես ասում եմ, որ հնարավոր չէ խուլիգանության հանցակազմը հիմնավորել»։
«Մեզ անհրաժեշտ է փաստական հիմքերին ծանոթանալ, որպեսզի կարողանանք միջնորդություն ներկայացնել Կարեն Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ», - հավելեց փաստաբանը.- «Իրենք ասում են՝ էս ապացույցների հիման վրա մեղադրանք են առաջադրել, հիմա եթե մեզ ծանոթացնում են այդ ապացույցներին, մենք ասում ենք, որ ձեր իսկ գնահատած ապացույցները չեն կարող խուլիգանության հանցակազմը հիմնավորող ապացույց հանդիսանալ։ Հենց դրա համար է մեզ պետք այդ հիմքերին պաշտոնապես ծանոթանալ, որից էս պահին զրկված ենք, և դիմել ենք դատարան էդ հիմքերին ծանոթանալու և փաստական հիմքով մեղադրանքը վիճարկելու համար»։
Այս օրերին հունիսի 23-ի առավոտյան ոստիկանություն բերման ենթարկված նստացույցի մասնակից մյուս 12 ակտիվիստները որպես վկաներ հարցաքննվում են: Տիգրան Պետրոսյանը ծանուցագիր է ստացել և ներկայացել նախաքննական մարմին:
«Մենք՝ որպես վկաներ, մասնակցում ենք ամբողջությամբ և չենք էլ ուզում որևէ կերպ խնդիր առաջացնել հետաքննության ճիշտ ընթացքին»,- ասաց Պետրոսյանը։
Ակտիվիստներից Ղարիբ Հարությունյանն ասում է, որ այս պահին իրավական գործընթացներ են ընթանում Կարեն Պետրոսյանի գործով: Նրա կարծիքով՝ իրենց պահանջի կատարման ուղղությամբ են ընթանում այդ գործողությունները, և իրենք իրենց տված 10-օրյա ժամկետը չեն խախտի:
«Մեր կարծիքով՝ իշխանությունները որոշակի քայլեր են իրականացնում մեր պահանջի կատարման ուղղությամբ։ Ես վստահ չեմ՝ ինչպիսի հանգուցալուծում կլինի, առայժմ մենք սպասում ենք կոնկրետ ժամկետի ավարտին, որպեսզի հետագայում, եթե չի լինում հանգուցալուծում, մենք համապատասխան քայլեր մշակենք ու իրականացնենք»,- ասաց Հարությունյանը.- «Եթե հանգուցալուծում չենք ունենում, հավանաբար երկուշաբթի օրը կհայտարարենք համապատասխան քայլերի մասին։ Իսկ եթե ունենում ենք հանգուցալուծում, էլի մենք հանդես կգանք հայտարարությամբ կամ ինչ-որ մի ֆորմատով և մեր ասելիքը կփոխանցենք հանրությանը»։