Գյումրեցի ակտիվիստները մինչև հուլիսի 7-ը իշխանություններին ժամանակ են տալիս՝ Կարեն Պետրոսյանի դեմ խուլիգանության հոդվածով հարուցված քրեական գործը կարճելու համար, հակառակ դեպքում սպառնում են քաղաքացիական անհնազանդության տարբեր ակցիաներ անցկացնել:
«Գուցե մի քանի օր ժամանակ է պետք իշխանություններին լավ խորհելու և վերջնական որոշում կայացնելու համար, և այդ ժամանակը մինչև հուլիսի 7-ը մենք կարող ենք ավելի զուսպ գործողություններ իրականացնել, բայց եթե հուլիսի 7-ին մենք չենք տեսնում անհիմն կերպով հարուցված քերական գործի կասեցում կամ գործի հանգուցալուծում, մենք դիմելու ենք ավելի ռադիկալ գործողությունների», - «Ազատության» հետ զրույցում ասաց ակտիվիստ Ղարիբ Հարությունյանը։
Ակտիվիստները նշում են, թե բերման ենթարկված գյումրեցի 13 ակտիվիստներից միայն մեկի նկատմամբ քրեական գործ հարուցելու որոշումը քաղաքական է:
«Քաղաքական ասելով՝ նկատի ունեմ, որ սա ոչ թե քրեական գործ է, որ հարուցվել է քաղաքացու նկատմամբ խուլիգանության հոդվածով, այլ սա սարքած գործ է և քաղաքական է այն առումով, որ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ գործադրելու մի մեխանիզմ է։ Վախեցնելով նրան՝ փորձում են քաղաքացիների մի մեծ զանգվածի վախեցնել, ճնշում գործադրել, նրանց պայքարի ոգին մարել, բայց դա նրանց չի հաջողվի», - ասաց ակտիվիստներից մեկը։
Նրանք մեկ այլ հարց էլ են առաջ քաշում․ ինչո՞ւ են որոշել գյումրեցի ակտիվիստի նկատմամբ գործ հարուցել, այն դեպքում, երբ Երևանում 250 բերման ենթարկվածներից որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:
«Անընդունելի մոտեցում է, երբ մեկ մարդուն լռեցնելով, փորձում են փակել նաև այն մարդկանց բերանը, ովքեր այդ օրերին արդարացի բողոքի շուրջ հավաքվել էին», - ասաց ակտիվիստը։
Մեղադրյալ Կարեն Պետրոսյանը առաջ է քաշում գյումրեցի ոստիկանների գործողությունների օրինական լինել-չլինելու հարցը։ «Ոստիկանների ապօրինի գործողություններին դեռ գնահատական չի տրվել, և դա կլինի միգուցե, և այդ պահին մեր ցուցմունքները միգուցե դրանց վրա էական ազդեցություն կունենան, և շուտով մենք մեր ցուցմունքները կտանք էդ մասով», - ասաց Պետրոսյանը։
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիաները, ըստ ակտիվիստների, արդյունք տվել են՝ իշխանությունները զիջումների գնացին։ Բայց, ամեն դեպքում, չեն պատրաստվում ձեռքները ծալած նստել՝ պայքարի հետագա ռազմավարությունն են քննարկում, անհրաժեշտության դեպքում կատարելիք քայլերի հաջորդականությունը: