Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Նիստում ելույթով հանդես են եկել ԵՏՄ անդամ պետությունների վարչապետները: Հայաստանի կառավարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նշել է, որ մեկ տարվա ընթացքում, ինչ ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը, որոշումների և համաձայնությունների իրականացման ընթացքը ցույց է տալիս, որ բոլոր մասնակիցների կողմից առկա է ինտեգրացիոն գործընթացները խորացնելու պատրաստակամություն: Նա նաև ներկայացրել է իր մոտեցումները համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ:
Նիստի ընթացքում ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵՏՄ շրջանակում հետագա համագործակցության զարգացմանն ուղղված մոտ երկու տասնյակ հարցեր:
Նիստի արդյունքում ստորագրվել և հավանության են արժանացել մի շարք փաստաթղթեր, որոնք ամրագրում են անդամ պետությունների փոխգործակցությունը տնտեսության բազմաթիվ ոլորտներում: Մասնավորապես, հաստատվել է թեթև արդյունաբերության զարգացման միջոցառումների ծրագիրը, որը նախատեսում է խթանել ոլորտում մրցունակ ապրանքների արտադրությունը: Հավանության է արժանացել ԵՏՄ անդամ պետություններում գյուղատնտեսության համար մեքենաների և սարքավորումների արտադրության զարգացման համար պայմաններ ստեղծելու հարցը:
Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել սեպտեմբերին Բելառուսում: