Թեհրանում շարունակվում են նախօրեին ժամանած Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Սիգմար Գաբրիելի հանդիպումները Իրանի կառավարության ներկայացուցիչների հետ:
Գերմանիան եվրոպական երկրներից առաջինն է, որ միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո Իրանում քննարկում է տնտեսական հետագա հարաբերություններին վերաբերող հարցեր:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ Սիգմար Գաբրիելը Թեհրան է այցելել գործարար, արդյունաբերական և գիտական ոլորտների ներկայացուցիչների հետ:
Իրանական կառավարության ներկայացուցիչների հետ համատեղ ասուլիսի ժամանակ նախարարն ասել է, որ հուլիսի 14-ին ստորագրված միջուկային համաձայնագիրը հիմք է ստեղծում Իրանի հետ հարաբերությունների կարգավորման համար:
Գերմանական պատվիրակության կազմում ընդգրկված Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Էրիկ Շվեյցերը նշել է, որ Իրանի և վեց ազդեցիկ երկրների հարաբերությունների բարելավումն արդյունավետ կլինի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական առումով:
Իրանի և Գերմանիայի առևտրաշրջանառությունը 2003 թվականի համեմատ վերջին տարում անկում էր ապրել մոտ 4 անգամ:
2003-2004 թվականներին առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև ավելի քան 8.5 միլիարդ դոլարի չափով էր, իսկ անցյալ տարի` 2.5 միլիարդ դոլարից քիչ ավելի: Գերմանիայի էկոնոմիկայի նախարարն ասել է, որ գալիք 2-3 տարիներին առևտրաշրջանառությունը կանցնի 10 միլիարդ դոլարը:
«Իրանը մտադիր է նախորդ տասնամյակում երկրի կրած վնասների դիմաց ընդունել 100 միլիարդ դոլարի օտարերկրյա ներդրումներ», - ասել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիջան Նամդար Զանգենեին:
Իրանի հետ կապված քննարկումներն առանձնանում են նաև մարդու իրավունքների ոլորտում. իրավապաշտպանները Սիգմար Գաբրիելին կոչ են անում չմոռանալ, թե ինչ պատկերացում ունի այդ երկրի իշխանությունը մարդու իրավունքների կապակցությամբ:
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության գերմանական ներկայացուցչության ղեկավար Քրիստիան Միհրը Bild պարբերականին ասել է. - «Աղետալի կլինի, եթե Գաբրիելի՝ Իրան այցի ժամանակ տնտեսական հետաքրքրությունները ստորադասեն մարդու իրավունքներն ու մամուլի ազատությունը»:
Իսկ կախաղանի դատապարտված Ռեյհանե Ջաբարիի հարազատներից մեկը ասել է. - «Պայմանագրեր կնքելիս նա [Գաբրիելը] պետք է մտածի բանտում նստած մարդկանց մասին, քննադատների, խոշտանգվողների, հետապնդվողների մասին»։