Մատչելիության հղումներ

Գիշերը Բաղրամյանում խաղաղ էր. ջրցան մեքենան առավոտյան հեռացվեց


Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զրուցում է Բաղրամյան պողոտայում հացադուլ անող երիտասարդների հետ, 2-ը հուլիսի, 2015թ.
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զրուցում է Բաղրամյան պողոտայում հացադուլ անող երիտասարդների հետ, 2-ը հուլիսի, 2015թ.

Նախորդ գիշերների համեմատ, անչափահասների թիվն այստեղ անհամեմատ քիչ էր։

Այս գիշեր Բաղրամյան պողոտայում կրկին խաղաղ էր, առանց միջադեպերի։

Երեկ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանի՝ անչափահասների ծնողներին ուղղված կոչից հետո, թե «երեխաներին մի՛ բերեք այստեղ, սա անչափահասների տեղ չէ», նախորդ գիշերների համեմատ այս գիշեր Բաղրամյանում նրանց թիվն անհամեմատ քիչ էր։

Գիշերը ցուցարարներին միացան տարբեր երաժշտական խմբեր, սակայն ոստիկանները աղմկելու հետ կապված ոչ մի դիտողություն չարեցին։

Թեև երեկ երեկոյան ոստիկանությունը հայտարարեց, թե Բաղրամյան պողոտան չազատելու դեպքում ստիպված կլինի «ամբողջ ծավալով գործադրել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները», և կոչ արեց հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին «դրսևորել ողջախոհություն, հարգել Սահմանադրությունն ու օրենքները, այլոց իրավունքներն ու օրինական շահերը և ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ տասն օր տևող արգելափակումը», այդուհանդերձ, գիշերվա ընթացքում ցուցարարների նկատմամբ ուժ չկիրառվեց։

Վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում շրջայց կատարեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, նա որևէ կոչով ցուցարարներին չդիմեց։ «Ազատության» հարցին, թե երեկվա հայտարարությունը նախազգուշացո՞ւմ էր, Օսիպյանը պատասխանեց. - «Ապօրինի փակել են Բաղրամյան պողոտան, ոստիկանությունը պարբերաբար զգուշացնելու է, որպեսզի վերականգնվի հասարակական կարգը, պողոտան բացի, որովհետև անհամաչափ սահմանափակվել է այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը»։

Մեկ այլ հարցի, թե այս պահին ոստիկանությունը բացառո՞ւմ է ուժի կիրառումը, Օսիպյանը պատասխանեց. - «Թեպետ օրենքով թույլատրված է, բայց, ինչպես տեսնում եք, ոչինչ չի անում ոստիկանությունը»։

Փոխոստիկանապետը այցելեց նաև արդեն երկրորդ օրը հացադուլ անցկացնող քաղաքացիներին, հետաքրքրվեց նրանց առողջական վիճակով։

Զրահամեքենան և ջրցան մեքենան այլևս Բաղրամյանում չեն

Այսօր առավոտյան ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից հեռացրեց ջրցան մեքենան և զրահատեխնիկան։

Լրագրողների դիտարկմանը, թե Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասել էր, որ դրանց առկայությամբ Բաղրամյան պողոտան ավելի գեղեցիկ է, և հարցին, թե ինչո՞ւ հեռացրեցին, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը արձագանքեց, որ այսպես էլ է պողոտան գեղեցիկ։ «Այսօր այսպես էր նպատակահարմար, վաղը՝ վաղվա օրվա առանձնահատկությունից ելնելով... չի բացառվում՝ մեկ այլ քայլի գնանք, յուրաքանչյուր օր՝ առանձնահատուկ մոտեցում», - ասաց Օսիպյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG