Մատչելիության հղումներ

Բաղրամյանը չազատելու դեպքում Ոստիկանությունը «ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել իրեն վերապահված լիազորությունները»


Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում, 28-ը հունիսի, 2015թ.
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում, 28-ը հունիսի, 2015թ.

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտան տևական ժամանակով և ամբողջությամբ արգելափակելու հանգամանքն «իր բնույթով և առաջացրած հետևանքներով անհամաչափ սահմանափակում է այլ անձանց սահմանադրական իրավունքները և հանրության շահերը»:

Բաղրամյանը չազատելու դեպքում ոստիկանությունը զգուշացնում է ցուցարարներին՝ «ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները»։

«ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին դրսևորել ողջախոհություն, հարգել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, այլոց իրավունքներն ու օրինական շահերը և ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ տասն օր տևող արգելափակումը»,- հայտարարում է Ոստիկանությունը՝ հորդորելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին հնարավոր հանրային միջոցառումներն անցկացնել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանմամբ և Ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում հավաքը տեղափոխել այլ վայր:

ՀՀ ոստիկանությունը նաև հույս է հայտնում, որ «վերջին օրերին խաթարված հասարակական կարգը, հանրային կառույցների բնականոն գործունեությունը, ինչպես նաև անձանց խախտված իրավունքները հնարավոր է վերականգնել բարի կամքի դրսևորման և փոխըմբռնման մթնոլորտում` առանց հարկադրանքի կամ ուժային գործողությունների»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG