Մատչելիության հղումներ

«Интер РАО»-ի ղեկավարը Հայաստանի իշխանություններին է մեղադրել ՀԷՑ-ի վիճակի համար


«Интер РАО»-ի ղեկավարը Հայաստանի իշխանություններին է մեղադրել ՀԷՑ-ի վիճակի համար
please wait

No media source currently available

0:00 0:03:35 0:00

«Интер РАО»-ի ղեկավար Բորիս Կովալչուկը «Հայաստանի էլեկտրական ցանցերում» առաջացած ծանր ֆինանսական վիճակի համար մեղադրել է Հայաստանի իշխանություններին:

Ռուսաստանյան ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ, Կովալչուկը պնդել է, թե ՀԷՑ-ի վնասների պատճառը Հայաստանում ոլորտի կարգավորման համակարգն է, որը պարտավորեցնում է ՀԷՑ-ին գնել ավելի թանկ էլեկտրաէներգիա, ինչպես նաև ֆինանսավորել արտադրող ընկերություններին:

«Интер РАО»-ի ղեկավարը ասել է՝ նախորդ 11 տարիների ընթացքում ոլորտի կարգավորողը այդպես էլ բավարար չափով չի բարձրացրել սակագինը, ու նաև այդ պատճառով ՀԷՑ-ը 37 միլիարդ դրամի եկամուտ չի ստացել: «Սա էլ դարձել է ստեղծված բարդ ֆինանսական վիճակի հիմնական պատճառը»,- ընդգծել է ռուսաստանցի պաշտոնյան՝ հավելելով, որ նախկինում ՀԷՑ-ը կարողանում էր փակել ֆինանսական ճեղքվածքը վարկերի միջոցով, սակայն հիմա այդ հնարավորությունն սպառվել է:

Ոլորտը կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը մոտ երեք շաբաթ առաջ Ազգային ժողովում ստախոս անվանեց Կովալչուկի ենթակային՝ ՀԷՑ-ի ղեկավար Եվգենի Բիբինին՝ ընդգծելով՝ իրականությանը չեն համապատասխանում նրա պնդումները, թե ՀԷՑ-ը բազմիցս ահազանգել է և՛ հանձնաժողովին, և՛ կառավարությանը, որ վիճակը անհանգստացնող է, բայց որևէ քայլ չի իրականացվել։

Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը, այսօր «Ազատության» հետ զրույցում արձագանքելով «Интер РАО»-ի նոր մեղադրանքներին, ասաց, որ դա Կովալչուկի սուբյեկտիվ կարծիքն է։

«Պարոն Կովալչուկի նշած փաստը ընդամենը մի կոմպոնենտն է. մենեջմենթը, որոշակի առևտրային կորուստները, որոնք ավելի բարձր են, քան նախատեսվում են սակագնում, այն ծախսերը՝ ճոխությունը...»,- թվարկեց Բաղրամյանը։

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով, չնայած ՀԷՑ-ի շուրջ ներկայում ստեղծված իրավիճակի պատասխանատուն և՛ ռուսաստանյան ընկերությունն է, և՛ Հայաստանի իշխանություններն են, սակայն փաստն այն է, որ նախորդ տարիներին Նազարյանի գլխավորած հանձնաժողովը չափից դուրս բարեհամբյուր է վերաբերվել ՀԷՑ-ին:

«Ինչ մենք հայտնաբերեցինք վերջին հայտի ժամանակ, երբ ՀԷՑ-ը իրեն թույլ էր տվել 40 տոկոսով սակագինը բարձրացնելու հայտ ներկայացնել, պարզվեց, թե հիմնավորումները ինչպիսին են. հիշեցնեմ՝ ցեմենտի մի կիլոգրամի համար 57 հազար դրամ, ճոխությունները մեքենաների հետ կապված և կորուստները»,- ասաց տնտեսագետը։

2009-ից մինչ այսօր Հայաստանում հոսանքը գրեթե երկու անգամ թանկացել է՝ ցերեկային սակագինը 25 դրամից հասել է գրեթե 50-ի: Զարմանալի է, որ այս պայմաններում Կովալչուկը ասում է, թե սակագինը բավարար չափով չի բարձրացվել, նկատեց Խաչատրյանը:

«Հայաստանի իշխանությունները ՀԷՑ-ի ֆինանսական վիճակի աջակցության համար օգնել են վարկեր ստանալ բավականին ցածր տոկոսադրույքով։ Քիչ ընկերություններ կան, որ օգտվել են այդ հնարավորությունից»,- ասաց նա։

Խաչատրյանի կարծիքով՝ այս պայմաններում անլուրջ է, երբ «Интер РАО»-ի ղեկավարները փորձում են իրենց ձախողումների պատճառները դրսում փնտրել։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով անցած գիշեր այցելել էր Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի մասնակիցներին, ընդհանրապես առաջարկում է, որ պետությունը դադարեցնի սակագին հաստատելը և վերադառնա շուկայական մեխանիզմի.- «Դու չես հաստատում, ՀԷՑ-ին էլ ասում ես՝ դե որ տենց է՝ ինքդ հաստատիր, ինքդ աշխատիր: Տեսնենք ի՞նչ գնով կվաճառես, կվաճառե՞ս արդյոք, թե՞ ոչ»։

XS
SM
MD
LG