Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից 5 օր անց կառավարությունը դեռ չի պարզաբանում, թե ինչ միջոցների հաշվին է իր վրա վերցնելու էլեկտրաէներգիայի թանկացմանը բեռը:
Նախագահը հայտարարել էր, որ վճարելու են «անվտանգության հետագա ամրապնդման համար» նախատեսվող միջոցներից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդգծել էր, որ փոխհատուցումը կլինի «ոչ բյուջեի հաշվին»:
Միջոցների աղբյուրը ավելի կոնկրետ նշելու լրագրողների խնդրանքին վարչապետն այսօր էլ լիարժեք պատասխան չտվեց․ - «Որ որոշենք, ձեզ կհայտնենք: Գաղտնիք չկա․ մի քանի աղբյուր է, քննարկում ենք: Որոշում որ կայացնենք, ձեզ անպայման ասելու եմ: Ես ձեզանից ոչ մի բան չունեմ թաքցնելու: Հաստատ մոտ օրերս ձեզ կասեմ»:
Անդրադառնալով ՀԷՑ-ի հնարավոր ազգայնացմանը վերաբերող հարցին՝ Հովիկ Աբրահամյանն ասաց․ - «Նման հարց չունենք: Մենք հիմա աուդիտի արդյունքները կունենանք, չենք կարող ասել՝ երեք ամիս կլինի, չորս ամիս կլինի, ժամկետ չենք ասի, ընկերությունները կասեն, ովքեր որ զբաղվում են այդ գործով: Կասեն, մենք այդ որոշման մասին կհայտնենք ձեզ բոլորիդ»:
Տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյանին չի զարմացնում այն, որ նախագահի հայտարարությունից օրեր անց վարչապետը չի կարողանում հստակեցնել, թե ինչ միջոցներից է վճարվելու այդ գումարը: Գևորգյանի կարծիքով, նախագահը հայտարարությունն արել է՝ չունենալով լուծման հստակ տարբերակներ:
Նրա խոսքով՝ կառավարությունը բյուջեից բացի այլ միջոցներ չունի՝ բացառությամբ երկու դեպքերի․ - «Առաջին դեպքը դա այն է, որ եթե որևէ երկիր որոշի, որ պիտի դրամաշնորհ տրամադրի մեզ, ինչը քիչ հավանական է: Եվ երկրորդը, իշխանությունը ունի իր ստվերային բյուջեն ու այդ ստվերայի բյուջեից կվճարի: Բայց վախենանք, որ հետագայում այդ ստվերային բյուջեն կրկին լցվի մեր լեգալ բյուջեից, ու էլի ստացվի այնպես, որ պետական բյուջեն է վճարել»:
Իսկ իշխանություններն առայժմ միայն հայտարարում են, որ կառավարությունը թանկացման բեռն իր վրա է վերցնում անվտանգության համար նախատեսված միջոցների հաշվին:
Նման հայտարարությունը պատահական չի համարում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը: Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի պնդմամբ՝ դա շանտաժ է, որով փորձեցին կոտրել ցուցարարներին, և դա մասամբ աշխատեց․ - «Որովհետև ինքը փորձում է ամենակարևոր բաներով խփել ցուցարարներին: Ինքը կարող էր դա անել, ասենք, այլ սոցիալական ծախսերի [հաշվին]: Իսկ ես կարող եմ հակադարձել Սերժ Սարգսյանին: Ես կարող եմ ասել՝ Դուք թալանում եք հայ ժողովրդին»:
Թե՛ Լևոն Զուրաբյանը, թե՛ Հայկ Գևորգյանը վստահ են, որ աուդիտը ուշացած է: Առաջին հերթին անհրաժեշտ է գտնել թալանի մեղավորներին:
Հարցին, թե արդյոք կպատժվի ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը, եթե պարզվի, որ նա չարաշահումներ է թույլ տվել, վարչապետն այսօր արձագանքեց․ - «Անպայման»:
Ավելի վաղ Բաղրամյան պողոտան բացելու կոչ հնչեցրած Հովիկ Աբրահամյանն այսօր դիմեց արդեն անչափահաս ցուցարարների ծնողներին․ - «Դիմում եմ մեր հարգարժան քաղաքացիներին, ծնողներին, որ իրենց երեխաներին հրավիրեն տուն»: