Նախագահական գնացած տասը կուսակցությունների ներկայացուցիչներից որևէ մեկը սահմանադրական բարեփոխումների միջոցով Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության մտահոգություն չի հայտնել, տեղեկացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Նման քննարկում չի եղել և այդ հարցը չի բարձրացվել»,- ասաց նա։
Երկու օր առաջ Հանրապետականի, Դաշնակցության, «Բարգավաճ Հայաստանի», «Օրինաց երկրի», «Ազատ դեմոկրատների», «Հայոց համազգային շարժման», Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության, «Սահմանադրական իրավունք միության» և «Ազգային միաբանության» ներկայացուցիչները նախագահական նստավայրում քննարկել են սահմանադրական բարեփոխումների ընթացքը։
Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանի խոսքով՝ հանդիպման նախաձեռնողը Սերժ Սարգսյանն է եղել։ Մարտյան քննարկումներին հրավիրված ընդդիմադիր «Ժառանգությանն» այս անգամ չեն կանչել Բաղրամյան 26, «Ազատությանը» տեղեկացրեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Հայ ազգային կոնգրեսը, որը հայտարարում է, թե սահմանադրական փոփոխությունները անցկացվում են Սերժ Սարգսյանի վերարտադրության համար, երբեք չի հրավիրվել քննարկումներին։
Հրավիրյալները նախ լսել են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին։ Վահրամ Բաղդասարյանը կարծում է՝ վերջին հանդիպմանը մասնակցած ուժերը կմասնակցեն նաև հետագա քննարկումներին. - «Իրենք պատրաստակամություն հայտնեցին, և բնականաբար, այնտեղ իրենց ներկայությունը հենց դա էր նշանակում»։
Բաղդասարյանն ասաց՝ «կառավարման մոդելի փոփոխությունը՝ խորհրդարանականի անցումը, ամրագրված է մշակվող նախագծում»։
Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանի խոսքով՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցման առումով նախագահ Սարգսյանին անհանգստացնող հարցերին լուծում է տրվել։
«Ես դեռևս լավ չեմ պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարևորագույն բաղադրիչի՝ երկրի արտաքին և ներքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը»,- ավելի վաղ ասել էր Սերժ Սարգսյանը։
Գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունների հարցում, Ռուստամյանի խոսքով, կկիրառվի «Իսրայելի և Գերմանիայի ընտրած լուծումների սինթեզը»։
«Որպեսզի կառավարումը լինի վերևից ներքև, լինի հստակ, լինի բոլորի համար հասկանալի՝ ով ինչի համար է պատասխանում, ում հրամանը ով պիտի կատարի, մինչև զինվորին հասնելը. այս ամբողջ համակարգը շատ լավ մեխանիզմներով ամրապնդված և փորձարկված գործել է Իսրայելում։ Ըստ էության, կառավարությունը ինքը կոլեգիալ առումով դառնում է այն մարմինը, որ ոչ պատերազմական վիճակում իրականացնում է Զինված ուժերի լիարժեք ղեկավարումը, պատերազմի վիճակում, հենց Գերմանիայի փորձն է սա, մեկ ղեկավար է լինում, որովհետև մեկը պետք է լինի, դա վարչապետն է։ Իսկ պատերազմի հայտարարումը, բնականաբար, կատարում է Ազգային ժողովը», - ասաց Ռուստամյանը։
Ռուստամյանի խոսքով՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելը ևս կամրագրվի Սահմանադրության մեջ. - «Այս փուլում բոլորի ցանկությունն էր, կարելի է այս հարցը բավարարված համարել»։
2017-ի ընտրությունները, կարծում է Դաշնակցության ներկայացուցիչը, կանցկացվեն փոփոխված Սահմանադրությամբ. - «Պետք է 2017 թվականին հասնել նրան, որ այս բոլոր փոփոխությունները կատարվեն, որ նոր կարգավիճակով նոր խորհրդարան ընտրվի և այլևս 2018 թվականին նախագահական ընտրություններ չեն լինելու»։
Հանրապետական Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների վերջնական տարբերակը դեռ պատրաստ չէ: Հուլիսի 1-2-ին մասնագիտական հանձնաժողովը իր առաջարկները կներկայացնի Վենետիկի հանձնաժողովին։ Դրանից հետո արդեն մինչև օգոստոս կանցկացվեն քաղաքական ուժերի հետ քննարկումներ, հանրագումարը կներկայացվի հանրապետության նախագահին։ Աշնանը կներկայացվի ԱԺ։
Բաղդասարյանը, սակայն, չշտապեց ասել, թե սահմանադրական փոփոխությունների շուրջ լիակատար կոնսոլիդացիա է ստեղծվել.- «Մասնակցություն չունենալը այդ քննարկումներին ես պարզապես քաղաքական չեմ համարում։ Երևի պատճառներից մեկը դա էր, որ իրենք իրենց քաղխորհուրդներում քննարկել են և կարծես թե գնալով ցանկությունները շատանում են քննարկումներին մասնակցելու»։
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցում իրենց մտահոգություններն ուժի մեջ են, բայց պատրաստ են առաջարկներ ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության անկախությունն ամրապնդող և ԱԺ-ի առջև կառավարության հաշվետվողականության դրույթների շուրջ։
«Խմբակցությունում, կուսակցությունում հարցը քննարկվել է, քննարկվել է նաև Վենետիկի հանձնաժողովի համազեկուցողների դիտարկումը, որ եթե հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժը չի մասնակցում, դա կարող է ընկալվել որպես օտարում քաղաքական պրոցեսներից: Խմբակցությունում կա տեսակետ, որ անհրաժեշտ է այդ դրույթների վերաբերյալ, պահպանելով մեր հիմնական մոտեցումը կառավարման մոդելի վերաբերյալ, ներկայացնել առաջարկներ։ Քաղաքականությունը քարացած կատեգորիա չէ, և դու միշտ էլ կարող ես քո մարտավարությունը վերանայել։ Այդտեղ դատապարտելի ոչ մի բան չկա»,- ասաց նա։
Զոհրաբյանը գիտի՝ քննարկումներին մասնակցելով կարող են դառնալ հանրության որոշակի հատվածի քննադատության թիրախ.- «Քաղաքական ուժը առողջ ու ճկուն է այնքանով, որ չպիտի տուրք տա կեղծ արժեքներով ձևավորվող, կեղծ մեսիջներով ձևավորվող հանրային կարծիքին»։
ԲՀԿ ղեկավարի խոսքով՝ «Այո»-ի քարոզարշավին չեն մասնակցի.- «Եթե կառավարման համակարգը գնալու է խորհրդարանական, բնական է, ԲՀԿ-ն պաշտպանելու է «ոչ»-ի տեսակետը»։