Դաշնակցական Արծվիկ Մինասյանը չի հերքում՝ իշխանության հետ քննարկումներ անցկացնում են տարբեր հարցերի՝ սոցիալ-տնտեսական, քաղաքական, անվտանգության, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների շուրջ։
«Երկրի ղեկավարի, կառավարության ղեկավարի հետ պարբերաբար քննարկումներ անցկացվում են, անցկացվում են առանձին նախարարների հետ։ Այնպես չէ, որ մենք ունենք հաստատված ձևաչափ, որ միայն այդ ձևաչափով են տեղի ունենում [քննարկումները]»,- ասաց Մինասյանը։
«Ազատության» հարցին՝ կոալիցիա կազմելու առաջարկ եղե՞լ է, Մինասյանը արձագանքեց.- «Բերեք էս դեպքում մոռանանք կոալիցիա բառը, որովհետև խոսքը գնում է համատեղ ուժերի մասին։ Եթե կլինի այդպիսի իրավիճակ, երբ մենք այդ քննարկումների արդյունքում տեսնենք, որ կարող ենք օգտակար լինել և ամբողջական պատասխանատվությամբ խնդիրները լուծել, մենք չենք բացառում այդ տարբերակը։ Բայց այս պահին ուղղակի չկա նման առաջարկ ոչ միայն իշխանության կողմից, այլև մեր կողմից»։
Դաշնակցությունը, հիշեցնենք, իշխող կոալիցիան լքեց 2009-ի ապրիլին՝ հայ-թուրքական արձանագրությունների շուրջ իշխանության հետ ունեցած տարաձայնության պատճառով։
Կոալիցիան համագործակցության ձևերից մեկն է, բայց միակը չէ, նշեց Մինասյանը։ Երբ Հանրապետականի ու Դաշնակցության տեսակետները համընկնեն, չի բացառվում, որ կքննարկվի համատեղ աշխատելու հարց։ Դաշնակցության ներկայացուցիչը չբացեց փակագծերը՝ գործող իշխանության հետ հատկապես ո՞ր հարցերի շուրջ են տարաձայնությունները։ Բայց հստակեցրեց, թե համատեղ աշխատանքի համաձայնությունը որ դեպքում կարող է կայանալ։
«Մենք մեր սկզբունքային հարցադրումների մեջ դրել ենք հետևյալը՝ սահմանադրական փոփոխություններով պետք է հասնել իշխանությունների փոփոխության, համակարգային իշխանափոխության։ Եթե այս կոնցեպցիան ընդունվում է իշխանությունների կողմից, և ասում են՝ համաձայն ենք, եկեք իրար հետ այդ սխեման ձևավորենք, իհարկե, մենք պատրաստ կլինենք»,- ընդգծեց Մինասյանը։
Դաշնակցությունն ամբողջական պատասխանատվություն է ուզում.- «Սա նշանակում է, որ եթե մենք կստանձնենք այդ պատասխանատվությունը, մենք կրելու ենք ամբողջական։ Չի լինելու այնպես, որ որևէ ոլորտում մենք ասենք՝ չունենք նախարար կամ չենք առաջադրել կոնկրետ անձ, դրա համար այդ ոլորտի համար պատասխանատու չենք։ Այդպես չի լինի»։
Մինասյանը նաև ասաց՝ Դաշնակցության համար տաբուներ չկան.- «Մեզ համար գլխավոր խնդիրը այն հարցերի լուծումն է, որ մենք համարում ենք երկրի առջև ծառացած և լուծման կարոտ։ Ինչ վերաբերում է այս կամ այն անձին այս կամ այն պաշտոնին առաջադրելուն, դա էլ մեզ համար տաբու չէ։ Մենք ցանկացած պահի պատրաստ ենք և ասել ենք՝ եթե անհրաժեշտություն կա դաշնակցական կամ համակիր շրջանակներին ներգրավելու պետական կարևոր գործերում, մենք չենք առարկում։ Պարզապես եթե մենք պետք է իշխանության հետ միասնական ճակատով պայքարենք, նշանակում է՝ մենք պետք է վերցնենք ամբողջական պատասխանատվություն»։
ԱԺ-ում Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Դաշնակցության հետ համագործակցելու հնարավորությունը չբացառեց։
«Ոչինչ չեմ բացառում, դա ապագայի խնդիր է, բայց նման քննարկումներից առայժմ ես տեղյակ չեմ»,- ասաց նա։
Համատեղ աշխատելու հեռանկարին Բաղդասարյանը դեմ չէ.- «Մեր հարստությունը մեզ բավարարում է մարդկային ռեսուրսի իմաստով, բայց համագործակցությունը չենք բացառում։ Ինչքան համագործակցություններ, այնքան ավելի ինտենսիվ աշխատանք»։