Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը քննադատում է «Հանրաքվեի մասին» օրենքում կատարված փոփոխությունները


ՀԱԿ-ը քննադատում է «Հանրաքվեի մասին» օրենքում կատարված փոփոխությունները
please wait

No media source currently available

0:00 0:04:10 0:00

ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքով, իրենց ոչ բոլոր առաջարկներն են տեղ գտել օրենքում:

Սահմանադրական բարեփոխումների հարցով սպասվող հանրաքվեից առաջ երեկ Ազգային ժողովում լարված մթնոլորտում «Հանրաքվի մասին» օրենքում փոփոխություններ ընդունվեցին։ Նախաձեռնությունը Դաշնակցությանն էր, ընդդիմադիր մյուս խմբակցությունները առաջարկներ էին ներկայացրել, որոնց մի մասը չէր ընդունվել։

Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, իրենց մերժված առաջարկները միտված էին հանրաքվեն ավելի թափանցիկ դարձնելուն, օրինակ՝ տեսանկարահանել ընտրատարածքները, հրապարակել քվեարկած ընտրողների ցուցակները։ Ըստ Զուրաբյանի, Դաշնակցությունը կողմ էր այս առաջարկներին, երբ դեռ քառյակում էր։

«Ցավոք սրտի, Դաշնակցությունը դաշնակցել է Հանրապետական կուսակցության հետ՝ ոչ միայն աջակցելով խորհրդարանական հանրապետության անցմանը, այլ նաև, փաստորեն, ոչ ժողովրդավարական հերթական մի հանրաքվե անցկացնելու գործում», - ասաց Զուրաբյանը:

Նրա կանխատեսմամբ, Սերժ Սարգսյանը պատրաստվում է սահմանադրական բարեփոխումներից հետո դառնալ ԱԺ նախագահ, իսկ այս հարցում նրան Դաշնակցությունը օգնում է։

Փոփոխությունների հեղինակներից դաշնակցական Արծվիկ Մինասյանը Լևոն Զուրաբյանի մեղադրանքները անընդունելի է համարում: Մինասյանն ասաց, որ, օրինակ, ընտրացուցակները հրապարակելը ժամանակին հենց իրենք են առաջարկել քառյակին, բայց հանրաքվեների օրենքի փոփոխությունների շրջանակներում այդ հարցը տեղ չուներ, քանի որ դրա համար պետք է Ընտրական օրենսգիրքը փոխել:

«Մեզ մեղադրում են, ասում են՝ Հանրապետականի հետ եք համագործակցում: Մենք ասել ենք՝ բոլորի հետ էլ պատրաստ ենք համագործակցել հանուն դրական փոփոխությունների», - ասաց Մինասյանը:

Դաշնակցական պատգամավորը պնդում է, որ անձամբ ինքն է դիմել խմբակցություններին փոփոխությունների հետ կապված առաջարկներ ներկայացնելու հարցով: Որ առաջարկը հնարավոր է եղել, ընդգրկել են, իսկ մնացած հարցերը՝ օրինակ ընտրացուցակների հրապարակումը, առաջարկել են քննարկել, բայց մերժվել են։

«Հիմա մենք ասում ենք՝ եղբայր, եկեք քննարկենք, ձևավորենք օրակարգ: Ոչ, ինչպես կլինի, իրենք մեզ պետք է մեղադրեն, գտնեն էն թիրախին, որին պետք է անպայման հարվածեն, որ հասարակության մոտ ձևավորեն իբր դրական իմիջ, բայց դրանով առաջ չես գնա», - պնդեց Արծվիկ Մինասյանը:

Օրենքի համահեղինակներից միակ ոչ դաշնակցական պատգամավորը «Ժառանգության» քարտուղար Թևան Պողոսյանն է։ Նա մերժել է անգամ սեփական խմբակցության առաջարկները: Պնդում է, որ եթե փոփոխությունների մեջ, օրինակ, ընտրացուցակները հրապարակելու մասն ավելացնեին, ապա Հանրապետականի ջանքերով ամեն ինչ կտապալվեր, մինչդեռ այսպես գոնե գործող օրենքն են փոխել՝ թույլ տալով դեմ և կողմ ուժերին անվճար եթերաժամ ստանալու․ արել են այն, ինչ հնարավոր է։

Ըստ Դաշնակցության, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը արդեն աշնանը կհայտնվի պատգամավորների սեղաններին, որից հետո էլ սպասվում է, որ տեղի կունենա հանրաքվեն։

Մինչ այդ, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ, ըստ պատգամավորների, գործնականում հնարավոր չեն։

Այս օրենքով հանրաքվեի անցկացման դեպքում, ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի, կեղծիքներ կլինեն։ Ամեն դեպքում, ՀԱԿ-ը պատրաստվում է «ոչ» ասել փոփոխություններին և այս հարցում քաղաքական ուժերի համախմբում է ակնկալում․ - «Բոլոր հիմքերը տեսնում եմ, որ դա վերածվի հերթական մի հզոր գործընթացի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG