Մատչելիության հղումներ

Հայաստանում Քըրքորյանի իրականացրած ծրագրերը «վերջին հերթին պիտի գնահատվեն գումարային առումով»


Հայաստանում Քըրքորյանի իրականացրած ծրագրերը «վերջին հերթին պիտի գնահատվեն գումարային առումով»
please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00

1917-ին Ֆրեզնոյում ծնված գործարարին Հայաստանում հիշում են որպես մեծ բարերարի, ով արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչմանն ու ստացել Հայաստանի քաղաքացիություն։

Ամերիկահայ միլիարդատեր, նախօրեին կյանքի 98-րդ տարում վախճանված Քըրք Քըրքորյանի մասին այս օրերին գրում են աշխարհի ամենահեղինակավոր պարբերականները։ «Թայմ» ամսագիրը, օրինակ, գրում է․ - «Գուցե Քըրքորյանն իսկապես աշխարհի ամենահետաքրքիր մարդն էր, ով լքել էր դպրոցն 8-րդ դասարանում ու կարիերան սկսել փողոցում թերթեր վաճառելով՝ աղքատ գաղթական ծնողներին օգնելու համար»։

1917-ին Ֆրեզնոյում ծնված գործարարին Հայաստանում հիշում են որպես մեծ բարերարի, ով արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչմանն ու ստացել Հայաստանի քաղաքացիություն։

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրում գրել է․ - «Որպես ձեռներեց և գործարար՝ նա արդեն իր կյանքի օրոք դարձել էր լեգենդ և վայելում էր միջազգային հեղինակություն, դարձել էր վերապրող հայի, աշխատասեր, իմաստուն, բարի ու համեստ մարդու օրինակ: Նրա ստեղծած «Լինսի» հիմնադրամը Հայաստանի ժողովրդին սատարեց ծանր պահի՝ օգնելով հաղթահարել դժվարությունները և դուրս գալ զարգացման ուղի: Հիմնադրամի իրականացրած ծրագրերը նոր հզոր շունչ հաղորդեցին Հայաստանի տնտեսությանը՝ լրջորեն փոխելով մեր երկրի նկարագիրը»։

Անկախ Հայաստանի հիմնադրման առաջին տարիներից Հայաստանին աջակցած գործարարը բարեգործական ամենամեծ ծրագիրն իրականացրեց հենց «Լինսի» հիմնադրամի միջոցով՝ հատկացնելով ավելի քան 200 միլիոն դոլար։

Հայաստանում 2000-ականներին տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած, նաև «Լինսի» հիմնադրամի ծրագրերի կառավարման խորհուրդը ղեկավարած Արմեն Գևորգյանն ասում է, որ նրա ներդրումը Հայաստանում չափազանց մեծ էր․ - «Իրականացված ծրագրերը և ներդրումները երևի վերջին հերթին գնահատվեն գումարային առումով: Որովհետև կարծում եմ, որ այն ծրագիրը, որը նախաձեռնվեց և սկսեց իրականացվել 2000-ականների սկզբից, կարևորագույն, էական նշանակություն ունեցավ Հայաստանի հետագա տնտեսական զարգացման համար»:

Քըրքորյանի նվիրաբերած միլիոններով Հայաստանում նորոգվեցին հարյուրավոր կիլոմետր երկարությամբ ճանապարհներ, տասնյակ դպրոցներ, մշակութային հաստատություններ, կառուցվեցին բնակարաններ աղետու գոտու բնակիչների համար:

Լոս Անջելեսում և Հայաստանում Արմեն Գևորգյանը մասնակցել է լեգենդար միլիարդատիրոջ հետ մի շարք հանդիպումների։ Հուշերը վառ են մինչև այսօր. - «Իր մոտեցումը շատ պարզ էր: Առաջին իսկ հանդիպումների ժամանակ ինքը ըստ էության առաջարկեց Հայաստանի իշխանություններին, որ՝ դո՛ւք որոշեք առաջնահերթությունները, դո՛ւք որոշեք խնդիրները, որոնք կարևոր են այսօր և ամենահրատապն են Հայաստանի տնտեսության զարգացման տեսակետից, պատրաստ եմ այդ բոլոր ծրագրերը աջակցելու և ըստ էության առաջ տանելու»:

2000-ականներին Քըրքորյանի միջոցներով վերանորոգված տասնյակ մշակութային հաստատություններից մեկը Երևանի տիկնիկային թատրոնն էր, որի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Նա շատ հետաքրքրիր պատասխան տվեց: Ասաց՝ ե՛ս պետք է ձեզ շնորհակալ լինեմ, որ դուք այս գործը անում եք: Ես անում եմ ամենափոքր բանը․ ես միայն փող եմ տալիս: Ինչ կանեք դուք՝ այդ փողը ճիշտ կօգտագործեք, այդ փողը կգողանաք, այդ փողը կցրեք, թե կտաք հնարավորություն, որ այդ փողը էլի աշխատի ու նոր բաներ բերի, դա ձեր գործն է: Իմ գործը ամենափոքրն է, պատաստախանատուն դո՛ւք եք»:

«Լինսի» հիմանդրամը 2011-ին դադարեցրեց իր գործունեությունը Հայաստանում: Ըստ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, «Լինսի» հիմնադրամի նախկին փոխնախագահ Հարութ Սասունյանի, Քըրքորյանը գոհ է եղել իր հայաստանյան ներդրումների արդյունքներից:

Հայաստանում 2000-ականներին մամուլը շատ էր գրում այն մասին, որ նրա գումարները Հայաստանում անարդյունավետ էին ծախսվում ու յուրացվում էին: Հայաստանի երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը այսպես է արձագանքում այդ քննադատությանը. - «Հնարավոր չէ որևէ ծրագիր իրականացնել և նմանատիպ քննադատություններից խուսափել: Այն պարզ պատճառով, որ գոնե նույն ծրագրերը, որոնք սկսեցին իրականացվել «Լինսի» հիմնադրամի միջոցներով, առաջին անգամ էին իրականացվում Հայաստանում: Ե՛վ կազմակերպման տեսակետից, և՛ ֆինանսական ռեսուրսների բաշխման տեսակետից ամեն ինչ նորություն էր: Եվ խուսափել ինչ-որ սխալներից, ինչ-որ խնդիրներից, անհնարին էր լինելու»:

XS
SM
MD
LG