Քըրք Քըրքորյանի օգնությունը չէր սահմանափակվում միայն մեկ ծրագրով կամ նույնիսկ մեկ երկրով, նա իրոք համաշխարհային մակարդակի անձնավորություն էր, որի աշխատանքը ոգեշնչել է հայերի սերունդների: Այդ մասին «Ամերիկայի Ձայն»-ին ասաց Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
«Աշխարհով մեկ սփռված Սփյուռքի բոլոր գաղութները զգացել են Քըրք Քըրքորյանի աջակցությունը, և այսօր բոլորս ենք ողբում այս կորուստը», - ասաց Արդունին:
Ամերիկահայ միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանը վախճանվել է նախօրեին Լոս Անջելեսում, 98 տարեկան հասակում: Ինչպես «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է գործարարի մամլո քարտուղար Թոմ Ջոնսոնը՝ մահը պայմանավորված է բնական պատճառներով:
Ըստ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի, Քըրք Քըրքորյանի դերը Սփյուռքի պահպանման գործում եզակի էր. - «Նրա աջակցությունը կարևոր դեր էր խաղում հայ համայնքների պահպանման համար թե՛ Միացյալ Նահանգներում և թե՛ Մերձավոր Արևելքում ու ողջ աշխարհում»:
Քըրքորյանի բոլոր բարեգործական ծրագրերի կենտրոնում, սակայն, իր պատմական հայրենիքն էր՝ Հայաստանը: Հենց Հայաստանում Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնության տրամադրման նպատակով 1989-ին ստեղծվեց Լինսի հիմնադրամը, որի անվանումը Քըրք Քըրքորյանի Լինդա և Թրեյսի դուստրերի անունների համադրությունն է:
«Հատկապես անգնահատելի էր Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանին ուղղված իր օգնությունը», - ընդգծեց Բրայան Արդունին:
Լինսի հիմնադրամի շնորհիվ կառուցվեցին և վերանորոգվեցին տասնյակ շենքեր, նոր դպրոցներ ու հիվանդանոցներ կանգնեցվեցին: Հարյուրավոր մանուկների կյանք հնարավոր եղավ փրկել միայն Քըրքորյանի միջոցներով տրամադրված և այդքան սպասված դեղորայքի ու բժշկական օգնության շնորհիվ: Նրան ճանաչողները հիշում են, որ չնայած բարեգործական ծրագրերի շրջանակում սեփական միջոցներով տասնյակ շենքերի շինարարությանը՝ Քըրքորյանը երբեք թույլ չի տվել դպրոցներից կամ հիվանդանոցներից որևէ մեկը անվանակոչել իր անունով:
Աղքատ ընտանիքում ծնված Քըրք Քըրքորյանը մանկության տարիներից թերթեր էր վաճառում և հպարտանում էր, որ 9 տարեկանից ընտանիք եկամուտ է բերել: Երիտասարդ տարիներին լինելով բռնցքամարտիկ, Քըրքորյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին օդաչու է դառնում: Պատերազմն ավարտվում է, և Քըրքորյանը որոշում է օդաչուի գործը բիզնես դարձնել ու մասնավոր օդանավով Լաս Վեգաս է տանում խաղատների սիրահարներին, իսկ 1969-ին ձեռք է բերում առաջին սեփական խաղատունը:
Քըրք Քըրքորյանի ունեցվածքը կազմում էր 4 միլիարդ դոլար, սակայն կարևորագույն ժառանգությունը ոչ թե շքեղ խաղատներն են, այլ հարյուրավոր մարդկանց կյանքերը, որոնք Հայաստանի համար ծանր տարիներին ողջ են մնացել հենց Քըրքորյանի կողմից տրամադրված օգնության շնորհիվ:
«Նրա աջակցությունը Հայաստանի դպրոցներին, ճանապարհաշինությանը, մշակույթի և կրթական ծրագրերի զարգացմանը կարևոր ժառանգություն են, որով բոլորս կարող ենք հպարտանալ», - ասաց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավարը:
Քըրք Քըրքորյանի վերջին նախագիծը Հայոց ցեղասպանության մասին կինոնկարի նկարահանումն էր, որում հերոսների՝ միմյանց նկատմամբ սերը հաղթահարում է ժամանակը և փոխում ճակատագիրը:
«Ազգը երախտապարտ է իրեն»
«Պարոն Քըրքորյանը եզակի մարդ էր, պատմական մարդ էր, նկարագրով յուրահատուկ՝ թե՛ բիզնեսի աշխարհում և թե՛ իր հայկական շնչով, ոգով, և ինձ համար մեծ պատիվ էր, որ ես իր հետ ծանոթացա մոտ 40 տարի առաջ և վերջին 25 տարիներին իր համար աշխատել եմ, մոտիկից առնչվել եմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, Լինսի հիմնադրամի նախկին փոխնախագահ Հարութ Սասունյանը:
«Իրապես, մի կողմից ցավալի է իր կորուստը, մյուս կողմից հասկանալի է՝ նկատի ունենալով իր տարիքը՝ 98 տարեկան: Վերջին շրջանում ինքը ծանր հիվանդ էր, և հույս ունեինք, որ երկար կյանք կունենա, բայց դա Աստծո կամքն է», - նշեց Սասունյանը:
«Մենք միշտ ջերմ զգացմունքներ ունենք իր հանդեպ ամբողջ ազգով մեկ, որ այսպիսի մի մարդ կար», - ասաց ամերիկահայ գործիչը և շարունակեց․ - «Բարեբախտաբար, կարողացավ վերջին տարիներին Հայաստան այցելել երկու առիթներով, տեսավ իր աշխատանքի արդյունքները և շատ ուրախ էր այդ արդյունքներից»:
«Ազգը երախտապարտ է իրեն, և նաև ինքը, ինչպես գիտեք, ստացել է Հայաստանի նախագահից Ազգային հերոսի կոչում, և հավանաբար հատուկ առիթներ ստեղծվեն, որ պարոն Քըրքորյանին ճիշտ ձևով իր թողած ավանդությունը հիշենք և հավիտենականացնենք», - նշեց Հարութ Սասունյանը:
«Ազատության» հարցին էլ՝ արդյոք հայտնի՞ է Քըրք Քըրքորյանի կտակի կամ որևէ հատկացումների մասին, որոնք կարող են կապ ունենալ Հայաստանի, հայկական կազմակերպությունների, հայկական հիմնադրամների հետ, Սասունյանը պատասխանեց․ - «Որևէ փաստաթուղթ չի բացահայտվել, ստույգ տեղեկություն չունենք, բայց տարիների ընթացքում շփվելով իր հետ, գործակցելով իր հետ՝ գիտեմ, որ ինքը միշտ ուզում էր, իր սրտի փափագն էր, որ ինքը իրագործել է իր կյանքի ընթացքում, և հետմահու էլ, վստահ եմ, որ իր նպատակը միշտ եղել է, որ ինչ որ հարստություն դիզել է՝ էդ հարստությունը ինքը թողնի զանազան բարեգործական, բարեսիրական միությունների՝ լինեն դրանք ամերիկյան թե հայկական»: