Հինգշաբթի երեկոյան Երևան ժամանեց Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը: Հունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, հիշեցնենք, կայանալու է Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան - Պորտուգալիա պատասխան հանդիպումը: Առաջին հանդիպումն ավարտվել է պորտուգալացիների հաղթանակով՝ 1:0:
Օդանավակայանում բազմաթիվ էին Հայաստանի հավաքականի երկրպագուները, կային նաև Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագուներ: Վերջիններս եկել էին դիմավորելու Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին:
Հայաստանի հավաքականի երկրպագուների «Հայկական առաջին ճակատ» ակումբի անդամները նշեցին, որ «դժոխք են դարձնելու» Պորտուգալիայի հավաքականի երկրպագուների կյանքը Հայաստանում, քանի որ իրենք նույնպիսի վերաբերմունքի են բախվել Պորտուգալիայում:
Հանդիպումը նշանակություն չունի Հայաստանի հավաքականի համար, քանի որ թիմը եզրափակիչ փուլ դուրս գալու որևէ հնարավորություն այլևս չունի: Երկրպագուները, այդուհանդերձ, պահանջում են հաղթանակ:
Վաղը նախատեսված են բաց մարզումներ և ասուլիսներ: