Մատչելիության հղումներ

Թուրքական խորհրդարանը երեք հայազգի պատգամավոր կունենա


Թուրքիայում հունիսի 7-ին անցկացված ընտրությունների նախնական արդյունքների համաձայն նախագահ Ռեջեփ Էրդողանի հենարանը համարվող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կորցնում է խորհրդարանում ունեցած մեծամասնությունը:

Ըստ «Անադոլու» գործակալության և CNNTurk-ի հրապարակած գրեթե նույնանման տվյալների` իշխող կուսակցության օգտին քվեարկել է 53 միլիոն ընտրողների ավելի քան 40 տոկոսը: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության օգտին ձայն է տվել ընտրողների 25,02 տոկոսը:

Անակնկալ է գրանցել քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը` ստանալով քվեների ավելի քան 13 տոկոսը և մտնելով խորհրդարան: Հիշեցնենք՝ այս կուսակցության քարոզարշավի շրջանակում ուրբաթ օրը Դիարբեքիրում կայացած հանրահավաքի ժամանակ պայթյուն տեղի ունեցավ` չորս մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին։ Ըստ պաշտոնյաների՝ գործի էին դրվել ինքնաշեն ռումբեր:

Թուրքական լրատվամիջոցներում արդեն իսկ կարծիքներ են հնչում, որ այս ընտրություններում արձանագրված արդյունքները կարող են խափանել իշխանությունը իր ձեռքում կենտրոնացնելու և նախագահի ինստիտուտը էլ ավելի ուժեղացնելու` Էրդողանի ծրագրերը:

Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները ուրախալի են հայ համայնքի համար. 65 տարվա ընդմիջումից հետո հանրապետական Թուրքիայի խորհրդարանում միանգամից երեք հայ պատգամավոր կլինի: Իշխող ԱԶ կուսակցությունից պատգամավորի մանդատ կստանա հայազգի լրագրող Մարգար Եսայանը, ԺԴԿ-ից` Գարո Փայլանը, իսկ ԺՀԿ-ի թեկնածու Սելինա Դողանը կդառնա առաջին հայազգի կին պատգամավորը թուրքական խորհրդարանում:

Նշենք, որ 1935 թ. Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որոշմամբ թուրքական խորհրդարանում ազգային-կրոնական փոքրամասնություններից մեկական պատգամավոր էր ընդգրկվել: Հայ համայնքից պատգամավորական մանդատ էր ստանում Պերճ Քերեսթեջյանը: Ավելի ուշ` Դեմոկրատական կուսակցության կառավարման տարիներին` 1950-60 թվականներին հայազգի երեք պատգամավորներ` Անդրե Վահրամ Բայար Քոջաբըյըքյանը, Զաքար Թարվերը և Մկրտիչ Շելեֆյանը, ներկայացված են եղել թուրքական մեջլիսում:

XS
SM
MD
LG