Մատչելիության հղումներ

Թուրք - բելգիական սկանդալ` Հայոց ցեղասպանության ժխտման պատճառով


Թուրք - բելգիական սկանդալ` Հայոց ցեղասպանության ժխտման պատճառով
please wait

No media source currently available

0:00 0:04:07 0:00

Բելգիական առաջատար կուսակցությունը իր շարքերից հեռացրել է թուրք գործչին, ինչը Անկարային դուր չի եկել:

Թուրք - բելգիական սկանդալ` Հայոց ցեղասպանության ժխտման պատճառով: Այսպես կարելի է բնութագրել իրավիճակը, որ ստեղծվել է երկու երկրների հարաբերություններում, երբ Բելգիայի առաջատար ֆրանսախոս քաղաքական ուժերից մեկը` «Հումանիստական ժողովրդավարական կենտրոն» կուսակցությունը, որոշել է իր շարքերից հեռացնել երկրի ազգությամբ թուրք ամենահայտնի գործիչներից մեկին՝ Բրյուսելի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր 33-ամյա Մահինուր Օզդեմիրին:

Բելգիական կուսակցության ղեկավարությունն այս որոշումը կայացրեց այն բանից հետո, երբ տեղական հեռուստաալիքներից մեկի եթերում ազգությամբ թուրք պատգամավորը խուսափեց պատասխանել լրագրողի հարցին, թե ինչպես կորակեր 1915 թվականի իրադարձությունները:

Օզդեմիրի այս քայլը թերևս վերջին կաթիլն էր, որ լցրեց նրա կուսակցական ղեկավարների համբերության բաժակը:

Ավելի վաղ` ապրիլին, Մահինուր Օզդեմիրը բոյկոտել էր Բրյուսելի տարածաշրջանային խորհրդարանում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հայտարարված լռության րոպեն: Այդ օրերին Օզդեմիրը պնդում էր, թե չկա որևէ դատական որոշում, որ կհաստատեր հայերի` ցեղասպանության մասին պնդումները: «Հումանիստական ժողովրդավարական կենտրոն» կուսակցության ղեկավար Բենուա Լյութգենը իր կուսակցի այս քայլերին ի պատասխան հայտարարեց․ - «Ցեղասպանությունը ժխտող որևէ անձ մեր կուսակցության շարքերում տեղ չունի»:

Եվ եթե բելգիական կուսակցության կողմից մայիսի 29-ին կայացված որոշումն առաջին օրերին Անկարայում գրեթե աննկատ անցավ, ապա երեկվանից թուրքական իշխանություններն ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը սկսեցին հանրության ուշադրությունն ակտիվորեն սևեռել այս խնդրի վրա:

Սկզբում գրավոր հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանյու Բիլգիչը: «Մենք պարզապես ցնցված ենք այս որոշումից, որը հակասում է այն խորը ժողովրդավարական ավանդույթներին, որոնք առկա են Բելգիայում», - նշում է թուրքական դիվանագիտական գերատեսչության խոսնակը՝ հավելելով․ - «Նման քայլերը կարող են բարդացնել Բելգիայում ապրող շուրջ 220 հազար թուրքերի ինտեգրումը տեղի հասարակությանը: Կոչ ենք անում բելգիական կուսակցություններին և այդ երկրում գործող մյուս բոլոր կառույցներին՝ զերծ մնալ քայլերից, որոնք բևեռացման են հանգեցնում հասարակության ներսում»:

Ծագած սկանդալը Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հինգ օր առաջ որոշեց օգտագործել նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Երեկ մի շարք իշխանամետ ոչ կառավարական կազմակերպություններ` նախագահ Ռեջեփ Էրդողանի դստեր` Սումեյայի գլխավորությամբ, բողոքի ցույց կազմակերպեցին Ստամբուլում բելգիական հյուպատոսարանի շենքի առջև` «Մենք բոլորս Մահինուր ենք» կարգախոսների ներքո:

«Բրյուսելի մայրաքաղաքային խորհրդարանի պատգամավոր Մահինուր Օզդեմիրի հետ տեղի ունեցածը խիստ դատապարտելի է: Նրան կուսակցությունից հեռացրել են հայկական լոբբիի պնդումներին չաջակցելու համար, ինչը ժողովրդավարության հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում է», - նշում էր բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը` ընթերցելով բելգիացի դիվանագետներին հասցեագրված բողոք-նամակը:

Սա եվրոպական քաղաքական կյանքում առաջին դեպքը չէ, երբ ազգությամբ թուրք գործիչը հեռացվում է այս կամ այն կուսակցության շարքերից` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: 2006 թվականին այս ճակատագրին արժանացան Նիդերլանդների Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության թուրք անդամներ Օսման Էլմաջին և Այհան Թոնջան, ինչպես նաև Աշխատավորական կուսակցության անդամ Էրդինչ Սաչանը: Երեքն էլ հակադրվում էին իրենց կուսակցությունների` Հայոց ցեղասպանությունը ճանաչող մոտեցմանը: Դրանից մի քանի տարի անց Ֆրանսիայի Կանաչների կուսակցության շարքերից հեռացվեց Սըրմա Օրան-Մարցը, ով ևս հրաժարվել էր 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն որակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG