Մատչելիության հղումներ

Մետրոյի գործով նախկին աշխատակիցները չեն հավատում դատավորի անաչառությանը


Մետրոյի գործով նախկին աշխատակիցները չեն հավատում դատավորի անաչառությանը
please wait

No media source currently available

0:00 0:03:20 0:00

Փաստաբան Քրիստինա Գևորգյանը վստահ է, որ մեկ տարուց ավելի ընթացող դատաքննության ողջամիտ ժամկետը անցել է, և դատավոր Սիմիզար Հովսեփյանը ի վիճակի չէ օբյեկտիվ որոշում կայացնել․ - «Բոլոր ողջամիտ ժամկետներն են խախտվել, արդար դատաքննության իրավունքներ են խախտվել: Բոլոր հիմքերը կան, որպեսզի ինքնաբացարկ հայտնվի: Բոլոր հիմքերը կան, որպեսզի արագ դատաքննություն իրականացվի այս գործի նկատմամբ: Գտնում եմ, որ դատարանը այս պարագայում չի գործում անաչառ կերպով, միտումնավոր ձևով այս նիստերը հետաձգում է»:

Այսօրվա նիստն էլ դեռ չսկսված հետաձգվեց: Դատական նիստերի քարտուղարը հերթական պատճառաբանությունը ներկայացրեց․ - «Մենք տեղեկանք պետք է դնենք մեջը, որ կալանքի սանկցիաներ լսելու պատճառով չի կայանա»:

«Դատարանը քաղաքական մոտեցում է ցուցաբերում», - կարծում է Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցների փաստաբանը՝ համոզված լինելով, որ ավելի քան մեկ տարի առաջ իր վստահորդներն աշխատանքից ազատվել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարին մասնակցելու պատճառով:

Մինչդեռ Մետրոպոլիտենի ղեկավարությունը որպես աշխատանքից ազատելու հիմք նշում է, թե կորցրել է վստահությունը մասնագետների նկատմամբ: Թեև նրանք աշխատանքի 15 տարիների ընթացքում անգամ մեկ գրավոր նկատողություն չեն ստացել:

Կուտակային համակարգի դեմ մեկ տարուց ավելի պայքարող «Դ!եմ եմ» շարժման անդամ Դավիթ Խաժակյանը, ով այսօր ևս դատարանում էր, վստահ է, որ գործն արհեստականորեն է ձգձգվում՝ փաստերի բացակայության պատճառով․ - «Ես երբեք չեմ էլ կասկածել, որ աշխատանքից հեռացումը հենց այդ նպատակով է: Եվ որքան տեղյակ եմ, այս նիստերի ընթացքում արդեն ապացուցվել է, որ որևէ աշխատանքային խախտում իրենք թույլ չեն տվել և որևէ նկատողություն չունեն»:

Արդեն ավելի քան մեկ տարի շարունակվող քննության ընթացքում դատավոր Հովսեփյանը Մետրոպոլիտենից պահանջում է բոլոր գրանցամատյաները, որտեղ կլինի գեթ մեկ գրառում նախկին աշխատակիցների թերացման մասին: Մատյանները, փաստորեն, այսօր էլ դատարան չհասան: Մետրոյի նախկին աշխատակիցները համոզված են՝ դրանք պարզապես գոյություն չունեն:

Գագիկը, Սևակն ու Անդրանիկը չեն թաքցնում, որ դատավարության ընթացքը սկզբում հույս էր ներշնչում, թե հնարավոր կլինի վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները: Այսօր, սակայն, այդ հույսերը օրեցօր մարում են․ - «Արհեստականորեն հետաձգվում է ամեն ինչը: Ամեն ինչ ձևականություն է»:

XS
SM
MD
LG